«Ինքը թվաբանությունից շատ հեռու է և չի տիրապետում, թե ինչ ծավալի արտահանումներ են գնում Ռուսաստան»։
Ռոբերտ Քոչարյանն այսօր Նիկոլ Փաշինյանի թվաբանական գիտելիքները կասկածի տակ դրեց, երբ Նոյեմբերյանում լրագրողները Հայաստանի երկրորդ նախագահից ռուս-հայկական խորացող լարվածությունից հարցրին։
Քոչարյանի պնդմամբ՝ Հայաստանը ոչ այդ փողն ունի, ոչ էլ հնարավորություն՝ փոխհատուցելու գյուղացիների կրած վնասները։
Իշխանությունների՝ գյուղմթերքը դեպի Եվրոպա արտահանելու մասին հայտարարությանն էլ Քոչարյանը քմծիծաղով արձագանքեց։
«Եվրոպացի ֆերմերներն ընդհանրապես չեն թողնում, որ որևէ մեկը մուտք գործի այդ շուկան։ Ռուսաստանի ասածն ուղղակի հետևյալն է. ասում են, որ իրենք պատրաստ չեն ֆինանսավորել Հայաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն։ Գնացեք, որտեղից ուզում եք, ոնց ուզում եք, այդ ճանապարհը ֆինանսավորեք։ Սա է։ Սա շատ կոշտ հայտարարություն է, և սա, ըստ էության, վերջնագիր է։ Սպանում են Հայաստանի գյուղատնտեսությունը՝ ենթադրաբար թուրքական ապրանքների համար ճանապարհ բացելու նպատակով»։
Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների մուտքն իր շուկա՝ պատճառաբանելով, թե խախտումներ են հայտնաբերել։
Լրագրողները ընդգծեցին, որ երեկ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, ընդգծել իր բարեկամական կապը Պուտինի հետ, հիշեցրին վարչապետի խոսքերը, որ Հայաստանը դեռ մնալու է Եվրասիական միությունում։
Ռոբերտ Քոչարյանը հորդորեց Փաշինյանին՝ խուսափել հեռախոսազրույցներից.
«Եթե նման զանգերը ունենալու են այսպիսի հետևանքներ, մենք բոլորս պետք է ուղղակի դիմենք, խնդրենք Փաշինյանին, ոչ մեկի հետ հեռախոսով չխոսի»։
Երկրորդ նախագահի քննադատները, ի դեպ, հենց Քոչարյանին են մեղադրում, որ իր իշխանության օրոք է Հայաստանը չափազանց մեծ տնտեսական կախվածության մեջ ընկել Ռուսաստանից։ Հիշեցնում են նաև «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը, որի արդյունքում Հայաստանի մի շարք ռազմավարական ձեռնարկություններ անցան ռուսական վերահսկողության տակ։
Քարոզարշավի ողջ ընթացքում Քոչարյանը շարունակում է պնդել, որ իր վարած քաղաքականությունը ճիշտ է եղել, ներկայիս իշխանություններին մեղադրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար, հայտարարում՝ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը դեմ է Հայաստանի տնտեսական շահերին։
«Երկրի տնտեսական քաղաքականությունը և արտաքին քաղաքականությունը չի կարող տարբեր ուղղություններով գնալ։ Հայտնվելու ես շպագատի մեջ, իսկ շպագատը մի քիչ վտանգավոր է, հատկապես, եթե վարժված չես»,- նկատեց Քոչարյանը։
Արդեն դահլիճում տավուշցիների հետ զրույցում Քոչարյանն ու իր թիմակիցները նորից կրկնեցին՝ «անվտանգությունը համար մեկ թեման է՝ լինի քաղաքական, թե տնտեսական»։
Իր ելույթում «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իշխանությունը փորձում է ամեն գնով սահմանափակել իրենց գործունեությունը։
Հայտարարեց, որ խուզարկություններ են իրականացվել դաշինքի Աշտարակի նախընտրական շտաբներում և ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։ Իրավապահներն առայժմ տեղեկություն չեն հայտնել, թե ինչի համար են խուզարկել շտաբները։
Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել դաշինքի Սպիտակի գրասենյակի ներկայացուցիչների դեմ՝ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով:
«Սրանով որևէ հաջողության չեն հասնելու»,- նշեց Սաղաթելյանը։
Այսօր Նոյեմբերյանում դահլիճից հարց հնչեց Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին։ Ինչպե՞ս է Քոչարյանը նրանց հետ բերելու։
«Հնարավորություն կա»,- կարճ արձագանքեց երկրորդ նախագահը՝ կարծիք հայտնելով, թե ներկայիս իշխանությունը պարզապես այդ հարցով չի զբաղվում։ Իշխանությունները, մինչդեռ, վստահեցնում են, որ ամեն օր աշխատում են գերիներին ետ բերելու ուղղությամբ։
«Իրենց պետք չի, որ Ռուբեն Վարդանյանը գա այստեղ, իրենց պետք չէ, որ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը գան, լինեն Հայաստանում։ Իրենք հասկանում են, որ նույն Ռուբեն Վարդանյանը հեղինակություն ունի, խոսքը արժեք ունի և կարող է ինչ-որ տեղ կողքի չմնա պրոցեսներից»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մարզից մարզ շրջող ու հիմնականում դահլիճներում ելույթ ունեցող Քոչարյանը նաև ժամանակ առ ժամանակ սոցիալական ցանցերում ընտանեկան պատմություններով է կիսվում։ Օրինակ՝ երեկ էլ հայր ու որդի մտերմիկ զրույցի էին բռնվել՝ բազմոցին, սուրճ ըմպելով։ Խոսեցին հայոց լեզվի նրբություններից։
Կես ժամ տևած զրույցում կրտսեր Քոչարյանը ավագից փորձում էր պարզել՝ կա՞ մի բան, որի համար զղջում է, սխալներ, որոնք այսօր է գիտակցում։
Հոկտեմբերի 27-ի թեման էլ նուրբ շոշափվեց։ Ղարաբաղցի-հայաստանցի խոսույթին անդրադարձան, ուժերով չափվեցին՝ ով է արագ լողում, ով 150 կիլոգրամ հրում անում։
Զրույցը հասավ մինչև արհեստական բանականություն և ամփոփվեց Ալբանիայով։