Մատչելիության հղումներ

Բազմաթիվ դժգոհություններից հետո կվերանայվի միջազգային բեռնափոխադրողների համար Ռուաստանում մնալու ժամկետները՝ 90-ից դարձնելով 180 օր


Բազմաթիվ բողոքներից ու դժգոհություններից հետո՝ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է Դաշնության հետ վիզային ռեժիմ չունեցող երկրներից ժամանող միջազգային բեռնափոխադրողների համար Ռուսաստանում մնալու ժամկետը մեկ տարվա համար կրկին երկարացնել՝ 90-ից դարձնելով 180 օր՝ ինչպես նախկինում էր: Այս առաջարկի մասին տեղեկացրել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը կարծում է, որ ներքին գործերի նախարարության այս առաջարկը կընդունվի, քանի որ այդ սահմանափակումները լուրջ խնդիրներ էին ստեղծել ոչ միայն Հայաստանի, այլև Ղազախստանի, Վրաստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի համար:

«Այն երկրները, որոնք տուժել էին այս 90-օրյա ռեժիմից և իրենց բեռնափոխադրողները հայտնվել էին բավականին դժվար կացության մեջ, հանգիստ չեն նստել, բնականաբար, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, քննարկումներ են եղել այս թեմայով, և ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունն ուղղակի հիմա կգնա այդ զիջմանը», - ասում է միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը:

Բայց, թե երբ կսկսի գործել այս նոր կարգավորումը, դեռ հայտնի չէ, Բեժանյանը ժամկետները փորձել է իր գործընկերների միջոցով պարզել. «Բավականին երկար փնտրեցի, հստակ ժամկետ նշված չէր, մի տեղ նույնիսկ հանդիպեցի, որ կարծես թե արդեն այդպես է»:

Նախորդ տարի հայ բեռնափոխադրողները բողոքի ակցիաներով կառավարությունից պահանջում էին ռուս գործընկերներին բացատրել, որ Հայաստանի համար 90 օրն անիրատեսական ժամկետ է, որովհետև Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը՝ Լարսը, տարվա գրեթե բոլոր ամիսներին կա՛մ խցանված է, կա՛մ փակ, հետևաբար վարորդներն իրենց կամքից անկախ շաբաթներ են կորցնում այդ ճանապարհներին ու արագ սպառում օրերը: Բողոքի հերթական ակցիան անցած հինգշաբթի էր:

Նախորդ տարի ուժի մեջ մտած միգրացիոն օրենքների խստացումից հետո, բեռնափոխադրողները 1 տարվա ընթացքում 90 օր կարող են մնալ Ռուսաստանում, ժամկետները խախտողները տուգանվում կամ 3-5 տարով մուտքի արգելքներ են ստանում:

Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը հարյուրավոր վարորդներից է այդպիսի դիմումներ ստացել, մեծ մասը ժամկետները խախտելու պատճառով զգուշացումներ են ստացել ու հայտնվել վերահսկվող անձանց ռուսական ռեեստրում, մի քանի տասնյակն էլ արտաքսվել են: Այս վերջին խմբի հարցը, ըստ Բեժանյանի, մնում է չլուծված:

«Մենք շարունակում ենք պայքարել նաև, որ այդ մարդկանց խնդիրներն էլ լուծվի։ Ընդհանուր 314 դիմում եմ ունեցել, որից 64-ը մուտքի արգելք ունեն, մյուսները վերահսկվող անձանց ռեեստրում էին հայտնվել, որը, բարեբախտաբար, շատ ավելի հեշտ լուծվեց, ուղղակի ցուցակներ ուղարկեցինք ԵԱՏՄ, այնտեղ իրենց միջնորդությամբ հանեցին վերահսկվող անձանց ռեեստրից, բայց այս 64-ի հարցը դեռևս շարունակում է մնալ որպես խնդիր», - ասում է փորձագետը:

1 տարվա մեջ 90 օր Ռուսաստանում գտնվելու ժամկետները սպառած վարորդների մեծ մասն այս 4-5 ամիսների ընթացքում հիմնականում անգործ է մնացել կամ իրենց բեռնատարներն են վաճառքի հանել։

Վարորդներից մեկի խոսքով.- «Մարդիկ կան, որ մուտքի արգելք ունեն, իրենք չեն աշխատել, իսկ մյուսներն ուղղակի իրենց համարձակության հաշվին կամ այլընտրանք չունենալով՝ գնացել են»:

Ինչպես է կիրառվելու կարգը, վարորդները խնդիրներ են բարձրաձայնում

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության առաջարկով՝ ժամկետի երկարացումը՝ 90-ից 180 օրը, ավտոմատ չի գործելու։ Այն կիրառվելու է միայն այն դեպքում, եթե վարորդը «Գոսուսլուգի» համակարգի բջջային հավելվածի միջոցով դիմում ներկայացնի ՌԴ մուտք գործելու և երկրում մնալու նպատակը հաստատելու մասին: Վարորդներն անձնագրից բացի պետք է կցեն նաև միջազգային բեռնափոխադրմամբ զբաղվելու փաստը հաստատող փաստաթուղթ: Բեռնափոխադրող Ալեքսան Հովակիմյանն ասում է՝ վարորդների ճնշող մեծամասնությունը չունի միջազգային բեռնափոխադրողի կարգավիճակը հաստատող այդ փաստաթուղթը, իսկ թե ո՞ր մարմինը պետք է իրենց այդպիսի փաստաթուղթ տա՝ նույնիսկ չգիտեն. «Օրինակ՝ ես Գոսուսլուգայում օրինական գրանցված եմ, բայց հիմա այնտեղ պետք է նոր բաժին լինի, որտեղ ես պետք է մտնեմ փաստաթուղթ տեղադրեմ, որ ես միջազգային բեռնափոխադրող եմ: Հայաստանում այդպիսի թուղթ մենք չունենք, որ ես կարողանամ ապացուցել, որ ես միջազգային բեռնափոխադրող եմ: Ի՞նչ թուղթ եմ ես այնտեղ ներբեռնելու, չգիտեմ, չկա այդպիսի թուղթ»,- հարց է բարձրացնում վարորդը:

ՌԴ ՆԳՆ-ն ընդգծում է, որ եթե նման դիմում չներկայացվի, օտարերկրացի վարորդների ժամանակավոր մնալու ժամկետը կհաշվարկվի ընդհանուր կարգով՝ տարեկան առավելագույնը 90 օր։ Ռուս պատգամավորներից մեկն էլ վերջերս առաջարկել էր 180-ից 90 դարձրած ժամկետը նորից կրճատել՝ հասցնելով 30-ի: Միգրացիոն փորձագետը բացատրում է, թե ում վրա կտարածվի այս առաջարկը, եթե, իհարկե ընդունվի. «Փոխադրում իրականացնողներն ընդհանրապես դուրս կգան, կվերաբերվի նրանց, ովքեր ո՛չ աշխատելու, ո՛չ սովորելու նպատակով են գնում. օրինակ՝ հյուր են գնում», - ասաց փորձագետը:


XS
SM
MD
LG