Մատչելիության հղումներ

Շիրակի ՔՊ-ական մարզպետը հաստատում է՝ իր պաշտոնանկության հարցը քննարկվել է


Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հաստատում է՝ իր պաշտոնանկության հարցը քննարկվել է, բայց ՔՊ-ական պաշտոնյան հրաժարվում է կոնկրետ պատճառը բացահայտել:

«Քննարկում եղել է, որոշում չկա, որևէ որոշում այս պահին կայացված չէ, այսինքն՝ ես պաշտոնավարում եմ, շարունակում եմ պաշտոնավարել: Այդ քննարկումներն էլ շատ հետաքրքրիր գուցեև մադիկ կային, որոնք ցանկություն ունեին նման ու էդ հրապարակումները շատ արագ տարածեցին, էդ կեղծ լուրերը տարածեցին, որ ես արդեն պաշտոնանկ եմ արվել, բայց անկեղծ ասում եմ՝ քննարկում եղել է, որոշում դեռ չկա», - լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Առուշանյանը:

Մոտալուտ պաշտոնանկության լուրից արդեն մեկ շաբաթ է անցել, բայց Դավիթ Առուշանյանը միայն այսօր խախտեց լռությունը: Կեսօրին, երբ մարզպետարանում ընդունել էր տեղացի մարզիկներին, ստիպված եղավ նաև լրագրողների հարցերին պատասխանել:

Այս օրերին մի հիմնական վարկած էր քննարկվում, թե ՔՊ-ական մարզպետը պաշտոնը կորցնում է շաբաթներ առաջ Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում վարչապետի մասնակցությամբ պատարագի ոչ հարթ ընթացքի պատճառով: Պատարագը բոյկոտել էին տեղի բոլոր հոգևորականները, շիրակցիները հաջողել էին նաև կաթողիկոսի անունը հնչեցնել պատարագի ընթացքում, եղան նաև քաղաքական ակցիաներ, գյումրեցիներից ոմանք էլ ամոթանք տվեցին ՔՊ-ականներին ու կաթողիկոսի դեմ դուրս եկած հոգևորականներին: Առուշանյանը հերքում է, թե պատճառը դեկտեմբերի 7-ի պատարագն է:

«Ինձ համար ամենահետաքրքիր նորությունը որ կար՝ Յոթ Վերքն էր, ինչպես միշտ, էլի անկեղծորեն ասում եմ՝ Յոթ Վերքի պատարագի կազմակերպմանը մարզպետարանը որևէ առնչություն չունի, որովհետև պատարագը կազմակերպվում է քահանաների կողմից: Աբողջ պատասխանատվությամբ ասում եմ՝ որևիցե մեկը ղեկավարությունից չի զանգել ու ասել, որ Յոթ Վերքում պատարագ պետք է լինի ու խնդրում եմ, աջակցես կամ հանձնարարկան կա, որ աջակցես այդ պատարագին, վստահորեն ասում եմ, որ ես որևիցե մի զանգ չեմ ստացել պատարագի հետ կապված», - ասում է Շիրակի մարզպետը:

Այդ դեպքում ինչո՞ւ է քննարկվել իր պաշտոնանկության հարցը: Առուշանյանը բացառեց, որ ոչ սթափ վիճակում պարեկների հետ վիճաբանած իր խորհրդականին աշխատանքից չազատելու համար է իր պաշտոնանկության հարցը դրվել: Ամեն դեպքում շրջանառվող որոշ տեղեկություններ հաստատեց, բայց ուռճացված համարեց:

Առուշանյանի խոսքով. - «Մենք այդ ընթացքում որևէ դժգոհություն չենք քննարկել ու մնացած ձեր ասած՝ գուցեև իրականության հետ կապ ունեցող բաներ են, բայց ոչ մանրամասն դետալներով, իսկ ասեկոսեները քաղաքում շատ տարբեր են, դետալները շատ ուռճացված»:

44-ամյա ՔՊ-ականը վստահեցրեց՝ ինչ էլ որոշի վարչապետը, հաշտ կլինի դրա հետ, ընդգծեց.- «Որոշումը կլինի հիմա, թե մեկ, թե հինգ տարի հետո, ես՝ որպես այդպիսին, պաշտոնը կամ աթոռը կորցնելու մտավախություն չունեմ: Աթոռի պատմությունը բոլորդ շատ լավ գիտեք, պաշտոնն էլ ծնված օրվանից եղել է, դա իմ անուն, ազգանունն է: Պաշտոնին ես բոլոր ժամանակահատվածներում վերաբերվում եմ որպես գործիք, որը հնարավորություն է տալիս քո մարզի, քո քաղաքի, քո երկրի համար լավ բան անելու»:

Դավիթ Առուշանյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրը հաջորդեց ՔՊ վարչության նիստին և նախորդեց իր մեկ տարվա գործունեությունն ամփոփող ասուլիսի անսպասելի՝ վերջին պահին չեղարկմանը: Առուշանյանը հաստատեց, որ կուսակցության վարչությունում խորհրդարանի ընտրություններին մասնակցելու իր հայտը հաստատվել է, և ինքը 2026 թվականի ընտրություններին ՔՊ ցուցակում լինելու է:

Հետհեղափոխական Շիրակում Դավիթ Առուշանյանը 6-րդ մարզպետն է: Այստեղ ամենահաճախն են փոխվել ՔՊ-ական մարզպետները: Ինչու չի ստացվում, ինչն է պատճառը, հետաքրքրվեցինք Դավիթ Առուշանյանից:

«Չեմ կարող ասել՝ գուցե յուրաքանչյուր մարզպետի հետ կապված իր խնդիրն է եղել, չեմ կարող ասել, թե ինչի համար Շիրակի մարզում պարբերաբար մարզպետներ են փոխվում, չգիտեմ էլ՝ 6-րդ մարզպետը երբ է փոխվելու, անկեղծ ասած, բայց, ամեն դեպքում, որոշումը կայացնողը երկրի ղեկավարությունն է, վարչությունն է, ու մենք հաշտ ենք այն որոշումների հետ, որոնք կայացվում են», - ասաց Շիրակի մարզպետը:

Կառավարության հաջորդ նիստի օրակարգը դեռևս չի հրապարակվել: Կլինի այնտեղ Առուշանյանի պաշտոնանակության հարցը, թե՞ ոչ, 2 օրից պարզ կդառնա:

XS
SM
MD
LG