«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքն «աննախադեպ ապօրինություն» է որակում ընտրություններից 2 ամիս առաջ ընտրական օրենսգիրքը փոխելու և դաշինքի անվանումից Սամվել Կարապետյանի անունը հանելու իշխող ՔՊ-ի նախաձեռնությունը:
«Սա պրիմիտիվ վախի դրսևորում է»,- ասում է դաշինիքի» անդամ Արամ Վարդևանյանը։
Ուղիղ 7 օր առաջ միլիարդատեր գործարարի թիմը հայտարարեց 2 ուժերի հետ դաշինք կազմելու մասին՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումով: Այս որոշումից անմիջապես հետո իշխող ՔՊ-ն խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրեց՝ նախընտրական դաշինքից անձնանունները հանելու առաջարկությամբ:
Ընտրական օրենսգրքի այս փոփոխությունից հետո, Կարապետյաններն այլևս չեն կարող իրենց ստեղծած դաշինքի անվանումով մասնակցել ընտրություններին:
Սա նշանակում է, որ ԿԸՀ նախընտրական ցուցակները ներկայացնելուց ուղիղ մեկ շաբաթ առաջ ընդդիմադիր դաշինքը պետք է վերանայի իր անվանումը՝ զեղչելով Սամվել Կարապետյան անունը:
«Հաճախ գործադիր իշխանության ղեկավարը խոսում է ուժեղ տղերքի մասին, բա ուժեղ տղերքն արդյո՞ք քաղաքական հայտ ներկայացնելուց առաջ հատուկ, հրատապ կերպով ընտրական օրենսգրքի փոփոխություն են անում զուտ Սամվել Կարապետյանի անունը չօգտագործելու համար, բա սա արդյո՞ք ուժեղ իշխանության դիրքն է։ Կարծում եմ՝ սոցիոլոգիական հարցումները և ողջամիտ տրամաբանությունը կհուշի, որ սա վախեցած իշխանության վարքագիծը է»,- ասում է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի դաշինիքի» անդամ Արամ Վարդևանյանը։
Վարդևանյանի համոզմամբ՝ իշխող ՔՊ-ն իր այս քայլով խախտում է ընտրական գործընթացի հավասարությունը: Փաստաբանի խոսքով՝ եվրոպական արժեքներից շարունակ խոսող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կիլոմետրերով հեռանում է այդ արժեքներից՝ նմանվելով արդեն բռնապետ Ալիևի վարչակազմին:
«Վենետիկի հանձնաժողովի կանոններն այս կերպ կարող են մեկնաբանել և նման կերպ փոփոխություն անել օրինակ՝ Ադրբեջանում, ի դեպ հենց լավագույն փորձ գուցե վերցնում են այդ օրինակը»,- նշում է Արամ Վարդևանյանը։
«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի դաշինքի» մեկ այլ անդամ Էդգար Ղազարյանը ավելի պատկերավոր է նկարագրում իշխանության վախերը՝ նշելով, որ եթե սկզբում Նիկոլ Փաշինյանը պայքարում էր Սամվել Կարապետյանի նկարների դեմ, դրանք հանելով մայրաքաղաքի տարբեր վայրերից, հիմա էլ սկսել է նրա անվան դեմ պայքարը:
Ղազարյանի համոզմամբ՝ իշխանությունը տեղեկություններ ունի, որ Սամվել Կարապետյանի դաշինքի հեղինակությունը բարձրանում է՝ պայմանավորված նաև հենց Կարապետյանի անձով և հիմա որոշել են դրա դեմն առնել:
Ղազարյանը հիշեցրեց.- «Ասում ա՝ «տան խոսակցությունը երեխուց իմացի». Հասմիկ Հակոբյան պատգամավորն ասում էր՝ միգուցե մենք օրենք ընդունենք ու Սամվել անունով անձանց արգելենք մասնակցել ընտրություններիին»։
Իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ավելի վաղ ասել էր. «Մեծամասնություն ունենք, կարող ենք օրենք ընդունել և ասել՝ բոլոր, ենթադրենք՝ Սամվել անունով մարդիկ չեն կարող լինել թեկնածու, կարող ենք չէ՞ անել, տեսականորեն կարող ենք վերցնել ու անել դա»։
Էդգար Ղազարյանն ասում է. «Պարզվում է՝ լուրջ էր. մինչև հիմա նկարների հետ էին պայքարում, հիմա կպել են անունին։ Վաղը կարող է անձնական տվյալներից կոշիկի ռազմերն էլ ճշտեն, ասեն՝ 42 համար հագնողը չպետք է ընտրություներին մասնակցի»:
«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի» դաշինքի անդամ Գոհար Մելոյանն այսօր խորհրդարանի առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ տեղեկացրեց, որ իրենց թիմի անդամներն արդեն հանդիպել են միջազգային գործընկերների՝ ներառյալ ԵԱՀԿ Ժմիգի հետ, ովքեր, ըստ Մելոյանի, զարմացած են եղել ՔՊ-ի քայլերից։
«Բոլորը փակ հանդիպումներում լուրջ վրդովվմունք ու զարմանք հայտնեցին այսօրվա իշխանության գործելաոճից, որից, ի դեպ, իրազեկված ու տեղյակ չեն»,- հայտարարեց Գոհար Մելոյանը։
Ի՞նչ ազդեցություն կունենա «Ուժեղ Հայաստանի» դաշինքից Սամվել Կարապետյանի անվան հանումը, արդյո՞ք դա կնվազեցնի քաղաքական այս ուժի շանսերը ընտրությունների ընթացքում, Մելոյանը պատասխանեց.
«Իմ գնահատմամբ՝ ոչ, որովհետև մեր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն արդեն բավական ճանաչելիություն ունի, մեր խնդիր էն է, որ ոչ թե Սամվել Կարապետյանի անունը փորձում են հեռացնել քվեաթերթիկից, մեր խնդիրը՝ գլոբալ է, մեր խնդիրը, որ հակաիրավական միջամտություն են թույլ տալիս, մեր խնդիրն այն է, որ փորձում են ամեն կերպ քաղաքացու կամքի վրա ներազդել»:
Կարապետյանի թիմի անդամները հույս են հայտնում, որ խորհրդարանի ընդդիմադիր 2 խմբակցությունները Սահմանադրական դատարանում կվիճարկեն իշխող ՔՊ -ի հակասահմանադրական նախագիծը:
Միջազգային գործընկերներից էլ «Ուժեղ Հայաստանն» ակնակալում է «կտրուկ արձագանք»:
Ի դեպ, բողոքի ակցիայի ժամանակ խորհրդարանի ճաղերից այն կողմ մի պահ երևաց եվրոպական մի պատվիրակություն՝ Շվեդիայի խորհրդարանից։
«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի անդամներից Էդգար Ղազարյանն առիթը բաց չթողեց և բարձրախոսով սկսեց կանչել եվրոպացիներին՝ ասելով, թե նրանք հանդիպում են բռնապետերի հետ, իսկ իրական ժողովրդավարությունն իրենց մոտ է։ Ղազարյանը կոչ էր անում միանալ իրենց՝ խոստանալով պատմել, թե իրականում ինչ է տեղի ունենում Հայաստանում: Կարապետյանի թիմակիցներն անգլերեն բացականչում էին՝ «ոչ բռնապետությանը»: