Ուկրաինայում և Մոլդովայում ձերբակալվել է 10 մարդ՝ Մոսկվայի հրահանգով բարձրաստիճան ուկրաինացի քաղաքական գործիչների դեմ մահափորձեր ծրագրելու կասկածանքով։ Պաշտոնական Կիևի հաղորդմամբ՝ վարձատրությունը կարող էր հասնել մինչև 100 հազար դոլարի։
Կիևը նախկինում ևս մեղադրել է Ռուսաստանին այդ թվում՝ նախագահ Զելենսկիի և Ուկրաինայի հետախուզական ծառայության ղեկավարի սպանությունը ծրագրելու մեջ։
Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյի փոխանցմամբ՝ իրավապահները երկրի տարածքում իրականացրել են 20 խուզարկություն և առգրավել գումար, զենք, պայթուցիկ նյութեր և կապի միջոցներ՝ ռուսաստանյան համակարգողների հետ հաղորդակցության ապացույցներով։
Հայտարարության համաձայն՝ յոթ մարդ ձերբակալվել է Ուկրաինայում, ևս երեքը՝ այդ թվում կազմակերպիչը, Մոլդովայում։
Կիևը հրապարակել է միայն մեկ պաշտոնյայի անուն, որը հարձակումների թիրախում է եղել։ Խոսքը Անդրեյ Յուսովի մասին է, որը զբաղվում է ուկրաինական բանակի ռազմավարական հաղորդակցություններով և համակարգում է Ռուսաստանի հետ գերիների փոխանակումը։
Կրեմլն այս մեղադրանքները չի մեկնաբանել։ Իր հերթին Մոսկվան մեղադրել է Ուկրաինային Ռուսաստանում և Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքներում մի շարք բարձրաստիճան զինվորականների և քաղաքական գործիչների սպանություններ կազմակերպելու մեջ։
Ուկրաինան հրապարակայնորեն ընդունել է, որ որոշ մահափորձերի հետևում կանգնած է Կիևը՝ դրանք անվանելով պատասխան քայլ։