Ռուսաստանն այսօր վաղ առավոտյան բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին: Կիևի իշխանությունների փոխանցմամբ՝ առնվազն 9 մարդ է զոհվել, 30-ը, այդ թվում՝ 4 երեխա, վիրավորվել, մասամբ փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան:
«Պայթյուններ քաղաքում: Կիևը բալիստիկ հարձակման տակ է: Մնացեք ծածկի տակ», - Տելեգրամում գրել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
Reuters-ի փոխանցմամբ՝ Կիևի բնակիչները հայտնել են մեկ տասնյակից ավելի պայթյունների մասին, որոնք լսվել են ամբողջ քաղաքից:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե հարվածների թիրախում եղել են ռազմական արդյունաբերությունը և լոգիստիկ կենտրոնները:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ գրոհի հետևանքով տուժել են Կիևի 7 շրջաններ. վնասվել է 18 տուն, Լիտվայի դեսպանատունը և ենթակառուցվածքներ: Նրա փոխանցմամբ՝ գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի վրա արձակել են 35 հրթիռ, այդ թվում 27-ը՝ բալիստիկ, և 185 հարվածային անօդաչու թռչող սարք:
Մոսկվան ուժգնացրել է հրթիռային հարձակումները Կիևի վրա, մինչ Ուկրաինան բալիստիկ հրթիռների դեմ պայքարի միջոցների խիստ պակաս ունի: