Ռուսաստանը գիշերը հրթիռներով ու անօդաչուներով հերթական զանգվածային հարվածն է հասցրել Ուկրաինային։ Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 13 մարդ։
Մայրաքաղաք Կիևում 1 զոհ կա, ևս երկու մարդ վիրավորվել է, մի քանի ոչ բնակելի շենքերում հրդեհներ են բռնկվել։
Ամենածանր հարվածներից մեկը հասցվել է Կրիվոյ Ռոգին։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ ռուսական «Իսկանդեր-Մ» հրթիռը խոցել է բնակելի տուն։
Զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ 5 և 12 տարեկան երկու աղջիկ, ութ մարդ վիրավորվել է։ Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները, և իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել։
Դնեպրոպետրովսկի և Պոլտավայի մարզերում ևս զոհեր կան։
Կրիվոյ Ռոգի շրջանի Ռադուշնոյե գյուղում զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Ութ մարդ վիրավորվել է։ 84-ամյա մի կին ծանր վիճակում հոսպիտալացվել է, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։
Նրա խոսքով՝ ռուս զինվորականները գյուղին հարվածել են հրթիռով։ ԱԻՊԾ-ում ճշտել են, որ երկու առանձնատուն ամբողջությամբ ավերվել է, ևս հինգը վնասվել են։ Փլատակների տակ կարող են մարդիկ մնացած լինել, որոնողական աշխատանքները շարունակվում են։
Լվովում ռուսական հրթիռային հարվածից հետո վնասվել է երկու բնակելի շենք։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին հայտնել է 31 տուժածի մասին։
Քաղաքապետ Անդրեյ Սադովոյի խոսքով՝ քաղաքում ընդհանուր առմամբ վնասվել է ավելի քան 20 բնակելի շենք, մեկ դպրոց և երկու մանկապարտեզ։
Խերսոնի մարզում ռուս զինվորականները նպատակաուղղված հարձակվել են փրկարարների հրշեջ մեքենայի վրա,
Հարձակման ֆոնին Լեհաստանը մարտական ինքնաթիռներ է օդ բարձրացրել։ Լեհաստանի զինված ուժերի հաղորդմամբ՝ այդ քայլն արվել է երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարվածի։ Նա քաղաքացիներին հորդորել էր հետևել օդային տագնապի ազդանշաններին և պատսպարվել։
Ռուսական հարվածներին նախորդել էին ուկրաինական անօդաչուների գրոհները Ռուսաստանի տարածքում, այդ թվում՝ Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարանների վրա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ «ցամաքային, օդային և ծովային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերով» հարվածներ են հասցրել ռազմական օդանավակայաններին, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ռազմական հեռահաղորդակցական և լոգիստիկ կենտրոններին Կիևում, Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Ժիտոմիրի, Ռովնոյի, Վիննիցայի և Դնեպրոպետրովսկի մարզերում։
Գերատեսչությունը նաև հայտարարել է «Հարավային» նավահանգստում գտնվող մեկ բեռնանավի և Օդեսայից արևելք ու հարավ գտնվող ևս երկու բեռնանավի խոցման մասին, որոնք, ըստ նախարարության, զենք են մատակարարում Ուկրաինային։