Ռուսաստանը դրական է արձագանքել վարչապետ Փաշինյանի առաջարկին ու որոշել է առարկայական բանակցություններ սկսել Հայաստանի հետ Երասխի ու Ախուրիկի հատվածներում երկաթուղին վերականգնելու համար, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Հայկական կողմի դիմումի համաձայն և ելնելով Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական եղբայրական զգացմունքներից՝ Ռուսաստանի Դաշնությունը որոշել է առարկայական բանակցություններ սկսել Հայաստանի երկաթուղիների երկու հատվածները վերականգնելու համար», - ասել է նա:
Երասխի հատվածում երկաթուղու վերականգնումը հայկական երկաթուղիներն ադրբեջանականին կմիացնի, Ախուրյանի հատվածում՝ թուրքականին. վերականգնման ենթակա հատվածների ընդհանուր երկարությունն, ըստ Օվերչուկի, 14 կիլոմետր է.
Հայաստանի երկաթուղիները Ռուսաստանն է կառավարում. Փաշինյանը անցած տարեվերջին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել էր այս երկու հատվածներում դրանք վերականգնելու հարցը, հետո տեղեկացրեց՝ ռուսական կողմին նաև գրավոր են դիմել, ու եթե Մոսկվան այդ աշխատանքները պատշաճ ժամկետում չիրականացնի, Երևանը պատրաստ է պետական միջոցներով վերականգնել ենթակառուցվածքները:
Երևանը պաշտոնապես հայտարարում է՝ ցանկանում են, որ Հայաստանի հարավում TRIPP-ի գործարկումից հետո երկաթուղին, որը դեռ պետք է կառուցվի Սյունիքում ու Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապի, այսպես շարունակվի՝ անցնելով Նախիջևանով Երասխի հատվածում միանա հայկական երկաթուղիներին, որտեղ մի փոքր հատված է պետք վերականգնել, և շարունակվի մինչ Ախուրիկ՝ Թուրքիայի սահման, որտեղ ևս փոքր հատված է պետք վերականգնել, կարճ ասած՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցությունն իրականացվի Հայաստանի տարածքով, ինչի համար պետք է ընդամենը շուրջ 15 կիլոմետր երկարությամբ ռելսեր կառուցել:
Միևնույն ժամանակ Թուրքիայում արդեն մեկնարկել է Կարսից Դիլիջու հասնող երկաթուղու շինարարությունը, որն էլ պետք է միացնի Թուրքիան ու Ադրբեջանը. այս դեպքում, սակայն, ոչ թե պետք է մի քանի, այլ՝ 224 կիլոմետր երկարությամբ երկաթուղի կառուցել: Վարչապետը վերջին հարցազրույցում չէր թաքցրել դժգոհությունը:
Դեռ ամիսներ առաջ Թուրքիայի տարածքային կառավարման նախարարն ասել է, որ 224 կիլոմետր երկարությամբ երկաթուղու կառուցման համար կծախսեն 2.4 միլիարդ եվրո: Օրերս վարչապետ Փաշինյանը, սակայն, ասաց՝ հարևան երկրներին անհանգստացնում է, որ Հայաստանի երկաթուղին կառավարում է ռուսական ընկերություն՝ հայտարարելով, թե Կարս-Դիլիջու նախագիծն միջազգային հանրությունն ավելի նպաստավոր է ներկայացնում, քանի որ հայկական երկաթուղիների այդ հատվածները ռուսական կառավարման ներքո են. «Միջազգային մամուլը, միջազգային փորձագիտական համայնքի վերլուծությունները տեսնելով՝ մենք հասկանում ենք, որ հիմնական խնդիրը սա է, և մենք պետք է հասկանանք՝ ինչ լուծումներ ունենք»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը, ուստի, «ստիպված է լուծում գտնել»: Թե ինչպես են պատրաստվում լուծել հարցը, արդյոք պատրաստվում են խզել ռուսական կողմի հետ պայմանագիրը, վարչապետը չպարզաբանեց: Փաշինյանը նաև տեղեկացրեց, թե հարցը քննարկել է Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների հետ:
Մոսկվայի համաձայնությունը Երասխի ու Ախուրիկի հատվածներում երկաթուղու վերականգման շուրջ բանակցություններ սկսելու համար վարչապետ Փաշինյանի այս խոսքերին ու Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջան այցին է հաջորդում, որը ոչ միայն տրանսպորտային ենթակառուցվածքներից խոսեց, այլև հայտարարեց, թե ամերիկյան փոքր մոդուլյար ռեակտորները Հայաստան կհասնեն:
Երևանն ու Վաշինգտոնը խաղաղ միջուկային համագործակցության շուրջ բանակցություններն ավարտելու մասին համաձայնագիր ստորագրեցին: Այս իրադարձությանն էլ ռուսական կողմի արձագանքը չուշացավ: Նախ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը պնդեց, թե Հայաստանը ռուսականին իրական այլընտրանք չունի, այսօր էլ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, թե Երևանի ընտրությունն իրենց մոտ հարցեր է առաջացրել:
«Ի՞նչ են այդ ռեակտորներն իրենցից ներկայացնում և որտե՞ղ են արդեն շահագործվում: Մի շարք հայկական լրատվական միջոցներ շտապեցին լուրը մատուցել որպես Վաշինգտոնի կողմից հանրապետության տնտեսության մեջ կատարվող աննախադեպ ներդրում: Սակայն առանցքայինը նախագծի ֆինանսական հարցն է: Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը», - ասաց նա:
Պաշտոնական Երևանը դեռ վերջնական չի հայտարարել՝ որ երկրի տեխնոլոգիան է ընտրելու փոքր մոդուլային ռեակտորի համար: