Այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն ընդհանուր շուրջ 1 միլիարդ 440 միլիոն դոլար են կազմել:
Այդ երկրի տնտեսական սահմանափակումներով ուղեկցվող այս շրջանում 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը նվազել է ավելի քան 125 միլիոն դոլարով՝ 8 տոկոսով։ Տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում դեպի Ռուսաստան արտահանումների մասնաբաժինն ընդհանուրի 35.6 տոկոսն է կազմել։
Պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ Ռուսաստանը, չնայած հայկական տարատեսակ ապրանքների ներմուծման արգելքին, շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը։
«Եթե հիմա նույնիսկ, հենց հիմա, մի ժամից Ռուսաստանի շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է, մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիա տեղի ունենա, որպեսզի այս իրավիճակներից մեզ մեկը մեկընդմիշտ մեզ ապահովագրի», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պետական եկամուտների կոմիտեն էլ այս տարվա առաջին կիսամյակի մաքսային վիճակագրությունն է հրապարակել: Տվյալները ցույց են տալիս, թե կոնկրետ այս կամ այն ապրանքի արտահանումը որքան է նվազել։ Ռուսական տնտեսական սահմանափակումների հետևանքներն արդեն կարելի է հաշվել։
Նախ՝ բանջարեղենի մասին. դեպի Ռուսաստան լոլիկի արտահանման ծավալներն այս տարվա առաջին կիսամյակում նվազել են ավելի քան 7 միլիոն դոլարով՝ գրեթե 45 տոկոսով։ Գրեթե զրոյացել է, օրինակ, գլուխ սոխի ու սխտորի արտահանումը. 2025-ի առաջին կիսամյակի շուրջ 283,000 դոլարի համեմատ՝ ընդամենը 2,000 դոլար։
«Խնդիրը արտահանման ծավալների լուծված է, եւ մենք դիվերսիֆիկացնում ենք եւ արտահանում ենք: Նույնիսկ կարող եմ նաև որոշակի երկրների մասով ուղղակի ասել, որ ծաղիկ արտահանել ենք 28 երկիր, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16, ինչը ևս աննախադեպ է մեր արտահանման աշխարհագրության մասով», - ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Չնայած էկոնոմիկայի նախարարի հավաստիացումներին, օրինակ, ծաղիկների արտահանումն ամբողջությամբ դիվերսիֆիկացնել չեն կարողացել, իսկ դեպի Ռուսաստան արտահանման ծավալները նվազել են ավելի քան 7.5 միլիոն դոլարով՝ շուրջ 60 տոկոսով։ Ընկուզեղենի արտահանումը կրճատվել է գրեթե 545,000 դոլարով՝ ավելի քան 90 տոկոսով։ Զրո է գրված դարչնի ու դարչնածառի արտահանման տողում։
Ծիրանի ու այլ կորիզավորների արտահանման ծավալներն ամբողջությամբ զրոյացել են՝ 2025-ի առաջին կիսամյակի շուրջ 23 միլիոն դոլարի համեմատ՝ ոչ մի դոլար։ Մրգային ու պտղային ջեմերի արտահանումը նվազել է գրեթե 8.4 միլիոն դոլարով՝ ավելի քան 86 տոկոսով։
Ռուսաստանի արգելքից հետո գրեթե զրոյացել է նաև ձկան արտահանումը. հունիս ամսին 2,510 դոլար՝ անցած տարվա 3 միլիոնի համեմատ։
Ռուսաստանի սահմանափակումներին դիմակայելու համար Հայաստանի իշխանությունների թերևս ամենառարկայական քայլը հայ արտահանողներին ու գործարարներին տրված սուբսիդիաներն ու տրանսպորտային ծախսերի փոխհատուցումն է։
Այս տարի, սակայն, ոչ միայն գյուղմթերքի, ու մսամթերքի դեպի Ռուսաստան արտահանումն է նվազել։ Ավելի քան 8.5 միլիոն դոլարով՝ գրեթե 65 տոկոսով նվազել է մոլիբդենի արտահանումը։ Նվազել է նաև տեքստիլ արտադրության արտահանումը։ Ձեռագործ գորգերի արտահանումը նվազել է գրեթե 2.1 միլիոն դոլարով՝ շուրջ 51 տոկոսով, կոշիկներինը՝ ավելի քան 9.7 միլիոն դոլարով՝ շուրջ 50 տոկոսով։
Թարմ տվյալները նաև փաստում են, որ Ռուսաստանը մի կողմից պատժամիջոցներ է կիրառում Հայաստանի նկատմամբ, մյուս կողմից շարունակում օգտվել Հայաստանի որպես տարածման երկիր ընձեռած հնարավորություններից։ Դեպի Ռուսաստան բջջային հեռախոսների վերարտահանումն այս տարվա առաջին կեսին ընդլայնվել է ավելի քան 110 միլիոն դոլարով. միայն այս տարվա ընթացքում 1,266,300 հատ սարք է վերարտահանվել՝ ընդհանուր շուրջ 400 միլիոն դոլարի։
Փաստորեն, Հայաստանից Ռուսաստան արտահանումների ընդհանուր ծավալի շուրջ 30 տոկոսը հեռախոսների վերաարտահանման ուղղությունն է։