Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հարվածել է Կիև-Պեչորյան մայրավանքին․ գիշերային փոխադարձ հարվածներից կան զոհեր

Ռուսական հարվածից հետո Կիև-Պեչորյան մայրավանքը հրդեհվում է,15-ը հունիսի, 2026թ․
Ռուսական հարվածից հետո Կիև-Պեչորյան մայրավանքը հրդեհվում է,15-ը հունիսի, 2026թ․

Ռուսական լայնածավալ ավիահարվածներից Կիևում չորս մարդ է զոհվել, 23-ը՝ վիրավորվել, Ուկրաինայի հոգևոր և պատմամշակութային խորհրդանիշ Կիև-Պեչորյան մայրավանքում հրդեհ է բռնկվել, Reuters-ի հաղորդմամբ՝ հայտնել են իշխանությունները, որոնք բնակչությանը կոչ են արել պատսպարվել։

Սա վերջին երկու շաբաթվա ամենախոշոր հարձակումն էր Ուկրաինայի մայրաքաղաքի վրա, գրում է Reuters-ը։

Մայրաքաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ Կիևի կենտրոնում գտնվող Պեչորյան վանական համալիրը, որը հիմնադրվել է 1051 թվականին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, ուղղակի հարձակման հետևանքով լուրջ վնասներ է կրել։

«Դաժան հարձակում մեր ժողովրդի և մեր ժառանգության վրա։ Սա է Ռուսաստանի ուղղափառ արժեքների իրական դեմքը», - ռուսական հարվածին այսպես է արձագանքել Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։

Անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները հարվածել են մի քանի բազմահարկ բնակելի շենքերի և վնասել էլեկտրահաղորդման գծերը՝ շուրջ 140,000 բնակչի թողնելով առանց էլեկտրականության, հայտնում են Կիևի իշխանությունները։

Ուկրաինայի խոշորությամբ երկրորդ Խարկով քաղաքին հասցված ռուսական մեկ այլ հարվածի հետևանքով փրկարար ծառայության հինգ աշխատակից է զոհվել, առնվազն հինգը վիրավորվել են, հայտնել է ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։

Սումիում հաղորդվում է երեք վիրավորի մասին, մեկը՝ երեխա։

Մոսկվայից հարավ գտնվող ռուսաստանյան արդյունաբերական կենտրոն Տուլա քաղաքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս երեքը, այդ թվում՝ մեկ տարեկան երեխա, վիրավորվել են, հայտնել է տարածաշրջանի նահանգապետը։

Գիշերվա ընթացքում Մոսկվան նույնպես հետ է մղել անօդաչու թռչող սարքեր, տեղեկացրել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Փոխադարձ հարվածներին նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հունիսի 14-ի առանձին հեռախոսազրույցները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Քննարկվել էին պատերազմին և բանակցություններին վերաբերող հարցեր։

Թրամփը այս շաբաթ Ֆրանսիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովի շրջանակում Զելենսկիի հետ կմասնակցի աշխատանքային նիստի, Reuters-ի փոխանցմամբ, հունիսի13-ին հայտնել են ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի փոխանցմամբ էլ՝ Թրամփը Պուտինին ասել է, որ ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կայցելեն Ռուսաստան։


XS
SM
MD
LG