Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չպետք է որոշի, թե Ուկրաինայի շուրջ ով կբանակցի Եվրոպայի անունից. ԵՄ նախարարներ

Ռուսաստանը չպետք է ընտրի, թե ով է ներկայացնելու Եվրոպան Մոսկվայի հետ Ուկրաինայի շուրջ հնարավոր բանակցություններում, ԵՄ-ն միասնական ճակատ կներկայացնի այս հարցում, Կիպրոսում անցկացվող հանդիպմանը հայտարարել են դաշինքի անդամ երկրների արտգործնախարարները, հայտնում է Reuters-ը։

Արտգործնախարարները Կիպրոսում ոչ պաշտոնական հանդիպում են անցկացնում՝ քննարկելու իրենց ռազմավարությունը, մինչ Կիևը ձգտում է եվրոպական ավելի մեծ ներգրավվածության՝ արդեն հինգերորդ տարին ընթացող պատերազմին վերջ դնելու համար, իսկ ԱՄՆ-ն էլ կենտրոնացած է Իրանի հետ հակամարտության վրա։

Մայիսի սկզբին ՌԴ նախագահը հայտարարել էր, որ բանակցություններում Եվրոպան կարող է ներկայացնել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, ում Վլադիմիր Պուտինն իր ընկեր էր անվանել։

Եվրոպական կառավարությունները մերժել են այդ առաջարկը, իսկ Եվրոպայի արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը վերահաստատել է այդ դիրքորոշումը։ «Կարծում եմ, որ սա թակարդ է, որը Ռուսաստանը ցանկանում է, որ մենք ընկնենք, որ քննարկենք, թե ով է նրանց հետ բանակցելու, և նրանք արդեն ընտրում են, թե ով է հարմար թեկնածու, իսկ ով՝ ոչ»,- ասել է Կալասը։

«Եկեք չընկնենք այդ թակարդը։ Բանակցությունները միշտ թիմային աշխատանք են։ Այնպես որ, շատ ավելի կարևոր է էությունը, քան այն, թե ով է բանակցում»,- հավելել է նա։

RIA լրատվական գործակալության հաղորդմամբ, Կրեմլը երեկ հայտարարել է, որ նախագահ Պուտինը բաց է Եվրոպայի հետ բանակցությունների համար։ Սակայն Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին, կիպրոսյան հանդիպմանը ժամանելիս, հայտարարել է, որ Եվրոպան կորոշի բանակցողի անունը, այլ ոչ թե Ռուսաստանի նախագահը։ «Դա Պուտինի որոշումը չէ, դա մեր որոշումն է»,- ասել է նա։

Քննարկումը վաղաժամ է

Չնայած բազմաթիվ ենթադրություններին, թե արդյոք ԵՄ-ն հնարավոր բանակցությունների համար բանագնաց կընտրի, որոշ նախարարներ հայտարարել են, որ նման քննարկումը վաղաժամ է։

«Սա պատեհ ժամանակը չէ՝ քննարկելու, թե ով է վարելու բանակցությունները,- Կիպրոսում լրագրողներին ասել է Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսը,- սակայն մենք պետք է քննարկենք, թե ինչ ենք անում Ռուսաստանի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու և նաև Ուկրաինային ավելի շատ համակարգեր տրամադրելու համար, որպեսզի Ուկրաինան կարողանա դիմակայել այս հարձակումներին և գնալ դեպի հաղթանակ»։

Այսօրվա հանդիպումից առաջ դիվանագիտական աղբյուրները Reuters-ին ասել են, որ Կիպրոսում որոշումներ չեն սպասվում, և որ Մոսկվայի համար եվրոպական նախապայմանների կամ պահանջների վերաբերյալ կոնսենսուս չկա։

Շատ նախարարներ էլ ընդգծել են, որ Եվրոպան պետք է ընդհանուր դիրքորոշում ձևավորի հնարավոր ապագա բանակցությունների համար։ «Հատուկ դեսպանորդի մասին խոսելուց ավելի կարևոր է (...) այն, որ դա պետք է լինի մեկ ձայն»,- լրագրողներին ասել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

Ներկայացնել եվրոպական ուղերձը

Արտգործնախարարներից ոմանք էլ բաց են եղել Եվրոպայի կողմից ապագայում բանագնաց նշանակելու հարցում։

«Եվրոպան ցանկացած դեպքում պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ… ես վստահ եմ, որ միասին մենք կարող ենք համաձայնության գալ ոչ միայն մանդատի, այլև, հնարավոր է, որոշ մարդկանց շուրջ, որոնք կարող են ստանձնել այս դերը»,- լրագրողներին ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը։

Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն էլ ասել է, որ պետք է քննարկեն բանակցային գործընթացի հնարավոր բովանդակությունը, թե ինչպիսի նախագիծ կարող է առաջարկել ԵՄ-ն բանակցությունների սեղանին։ «Եվ մենք նաև պետք է որոշենք մեկին, որը կմարմնավորի նաև եվրոպական ուղերձը»։

Լրագրողները Կայա Կալասին հարցրել են, թե արդյոք նա կցանկանար զբաղեցնել եվրոպական բանակցողի դերը, ինչին նա պատասխանել է՝ ասելով, որ իր աշխատանքը դաշինքը ներկայացնելն է։ «Ես Եվրոպական միության բարձր ներկայացուցիչն եմ, և դուք կարող եք կարդալ իմ պաշտոնի նկարագրությունը պայմանագրերում, և, իհարկե, իմ աշխատանքը նաև Եվրոպան ներկայացնելն է։ Բայց դրա համար մենք պետք է միասնական լինենք»։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG