Ուկրաինան նույնպես մերժել է Ռուսաստանի նախագահի՝ պատերազմին վերջ դնելու հնարավոր բանակցություններում Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին եվրոպական միջնորդ դարձնելու առաջարկը։
«Մենք կտրականապես չենք աջակցում դրան, կան բազմաթիվ արժանի առաջնորդներ», - այսօր Բրյուսելում հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան։
ԵՄ արտաքին գործերի ղեկավար Կայա Կալլասն էլ պնդել է, թե Ռուսաստանը չէ, որ պետք է ԵՄ անունից դիվանագետ «նշանակի», հավելելով, թե Շրյոդերը եղել է «ռուսական պետական ընկերությունների բարձր մակարդակի լոբբիստ»։
«Շրյոդերին որպես միջնորդ նշանակելը կնշանակեր հնարավորություն տալ, որ Պուտինը «նստի սեղանի երկու կողմերում», - ասել է նա։
Շաբաթ օրը Պուտինը հայտարարել էր, թե՝ «եվրոպացի քաղաքական գործիչներից կնախընտրեի բանակցել Շրյոդերի հետ»։ Ռուսաստանի առաջնորդը նաև ասել է, որ կարծում է, որ պատերազմը մոտենում է ավարտին՝ առանց հավելյալ մանրամասների։
82-ամյա Շրյոդերը, ով 1998-2005 թվականներին զբաղեցրել է Գերմանիայի կանցլերի պաշտոնը, տարիներ շարունակ նշանակալի դեր է ստանձնել ռուսական էներգետիկ ընկերություններում՝ գերմանական քաղաքականությունից հեռանալուց անմիջապես հետո։