Մատչելիության հղումներ

Ռուսաստանում վառելիքի խնդիր կա, Հայաստանում բենզալցակայաններն աշխատում են սովորականի պես

Բենզալցակայան Երևանում, արխիվ
Բենզալցակայան Երևանում, արխիվ

Ինչպե՞ս կարող է ազդել Ռուսաստանում վառելիքի ճգնաժամը Հայաստանի վրա, որ վառելիքի մեծ մասը հենց այդ երկրից է ներկրում: Կառավարությունը այս հարցին դեռ պատասխան չունի, բայց երևանյան բենզալցակայաններն աշխատում են սովորականի պես:

Ռուսաստանում արդեն մի ամիս է՝ վառելիքի սակավություն է նկատվում: Վիճակը հատկապես վատ է Ռուսաստանի կողմից գրավված Ղրիմում՝ այնտեղ ընդհանրապես արգելված է քաղաքացիական անձանց բենզին վաճառել: Իսկ հենց Ռուսաստանի մարզերում՝ մի քանի տասնյակ բնակավայրերում, սահմանափակված է մեկ անձին վաճառվող վառելիքի քանակը՝ 15-30 լիտր՝ կախված տարածաշրջանից: Բենզինի սակավություն է, կիլոմետրանոց հերթեր են լցակայաններում, որոնցում երբեմն անգամ ծեծկռտուք է լինում:

Ու թեև վիճակն այսպիսին է արդեն շաբաթներ շարունակ, միայն երեկ՝ հունիսի 28-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն ընդունեց, որ խնդիր կա: Այս հարցով խորհրդակցություն անցկացրեց և հայտարարեց, որ ներքին շուկայում վառելիքի պակասը լրացնելու համար սկսել են պաշարներից օգտագործել: Բայց պաշարներն, ըստ Պուտինի, առանձնապես չեն պակասել՝ նախորդ տարվա համեմատությամբ միայն 4 տոկոսով, իսկ երկրում հիմա ամբարված մոտ 1.7 մլն տոննա վառելիք կա:

Պուտինը նաև հայտարարեց, որ ներքին սպառողի պաշտպանության համար Ռուսաստանը մտցրել է բենզինի և ավիակերոսինի արտահանման լիակատար արգելք ու քննարկում է նաև դիզելային վառելիքի արտահանման համար լիակատար արգելք մտցնելու հարցը:

ՌԴ նախագահի խոսքից հասկանալի չէ՝ արտահանման արգելքը, որի մասին նա խոսում է, նո՞ր որոշում է, թե՞ արդեն գործող որոշումների մասին է խոսքը, և հասկանալի չէ նաև, թե որ երկրների վրա է տարածվում, մասնավորապես՝ տարածվո՞ւմ է արդյոք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա:

Այս հարցում Հայաստանի կառավարությունից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Պետեկամուտների կոմիտեն, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները միմյանց են համարում հարցի հասցեատեր, ի վերջո ՏԿԵ նախարարությունից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, ինչը և «Ազատություն»-ն արել է:

Բայց Ռուսաստանի կառավարության էջում ուսումնասիրությունը ցույց տվեց, որ արտահանման արգելքի մասին դեռևս միայն երկու որոշում կա: Մեկը այս տարվա ապրիլին է կայացվել և վերաբերում է մինչև հուլիսի 31-ը բենզինի արտահանման արգելքին, մյուսը՝ մայիսին, որ վերաբեում է հունիսից մինչև նոյեմբեր ավիակերոսինի արտահանման արգելքին: Երկու որոշումներում էլ նշվում է, որ արտահանման արգելքը չի տարածվում միջկառավարական պայմանագրերով նախատեսված մատակարարումների վրա, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկներին՝ նախապես հաստատված ծավալների շրջանակներում:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն էլ ТАСС-ին տված հարցազրույցում մեկնաբանել է, որ որ Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն արգելել միջկառավարական պայմանագրերով նախատեսված արտահանումները, բայց և հավելել է, որ ամեն դեպքի համար գործընկերների հետ անհատապես դիտարկում են ընթացիկ իրավիճակը:

Մինչ դեռ հասկանալի չէ, թե Ռուսաստանում վառելիքի սղությունն ու ճգնաժամը որքա՞ն կշարունակվի և ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ Հայաստանի վրա, կամ արդյոք Հայաստանը դիտարկո՞ւմ է այս խնդրի հետ կապված հնարավոր սցենարներն ու դրանց արձագանքները, տեսնենք, թե որքան վառելիք է Հայաստանը ստանում Ռուսաստանից և այլ երկրներից:

Վիճակագրական տվյալները Պետեկամուտների կոմիտեն է հավաքում:

Այդ թվյալների համաձայն՝ բենզինի պարագայում Հայաստանը 2025 թվականին 2024-ի համեմատությամբ մոտ երեք անգամ պակասեցրել է բենզինի ներկրումը Ռուսաստանից. եթե 2024-ին ընդհանուր 212 հազար տոննա բենզինից 145 հազարն էր Ռուսաստանը մատակարարել, ապա 2025-ին ներմուծված 220 հազար տոննայից Ռուսաստանը միայն 56 հազար տոննան է մատակարարել: Մոտ 120 հազար տոննա բենզին Հայաստանը 2025-ին ներմուծել է Եգիպտոսից և Ռումինիայից, մի քանի տասնյակ հազար տոննա՝ նաև Բուլղարիայից, Կիպրոսից ու Հունաստանից, և հազար տոննայից մի քիչ ավելի՝ Ադրբեջանից:

Դիզվառելիքի դեպքում, սակայն, Ռուսատսանը դեռ առաջատար մատակարար է՝ 2025-ին ընդհանուր մոտ180 հազար տոննա ներմուծված դիզվառելիքից Ռուսաստանը 150 հազար տոննան է մատակարարել: 2024-ին Ռուսաստանը մոտ 160 հազար տոննա դիզվառելիքից 151 հազար տոննան էր մատակարարել:

Հայաստանի պարագայում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջերս լարված են, Ռուսաստանն արգելում է հայկական մթերքի ներմուծումը: Մայիսի վերջին էլ Ռուսաստանից հայտնել էին, որ Երևանին է փոխանցվել Ռուսաստանի էներգետիկայի նախարարի նամակը Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որում նշվում էր, որ ռուսական կողմը կարող է դադարեցնել Ռուսաստանի ու Հայաստանի միջև 2013 թվականի համաձայնագիրը բնական գազի, նավթամթերքի և հում ադամանդի մատակարարման ոլորտում համագործակցության մասին, եթե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի: Ուշագրավ է, սակայն, որ Հայաստանի պարագայում Եվրամիությանն անդամակցության գործընթաց չկա՝ Հայաստանը ոչ թեկնածու է, ոչ էլ անգամ հայտ է ներկայացրել թեկնածության:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG