Ռուսական ուժերն այսօր տարվա ընթացքում հրթիռային հարվածների ամենախոշոր ալիքներից մեկն են հասցրել Ուկրաինային: Կա առնվազն չորս զոհ (Խարկովում), մի քանի վիրավորներ, որոնց թիվը դեռ հստակ չէ:
Մայրաքաղաք Կիևում էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներ են տեղի ունեցել ենթակառուցվածքների վնասման պատճառով:
Ուկրաինական «ՈւկրԷներգո» ցանցային օպերատորը հայտնել է, որ Կիևում էլեկտրաէներգիայի մատակարարման արտակարգ սահմանափակումներ են մտցվել:
Ուկրաինական մասնավոր «ԴՏԵԿ» էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ ռուսական հարձակումը լրջորեն վնասել է իր ջերմային էլեկտրակայաններից մեկի սարքավորումները:
Ռուսաստանը 2022 թվականի փետրվարից՝ Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր բազմիցս հարվածել է Ուկրաինայի էներգահամակարգին:
Ուկրաինական Տելեգրամ ալիքները հայտնել են, որ գիշերվա ընթացքում մեկ ժամում արձակվել է մոտ 20 բալիստիկ հրթիռ:
Ռուսաստանից որևէ մեկնաբանություն չի հնչել այդ հարվածների վերաբերյալ։
Այսօրվա հարվածների կենտրոնում է հայտնվել նաև Խարկովը, ավերվել են շենքեր, բռնկվել են հրդեհներ: Փրկարարները փլատակներից դուրս են բերել երկու քաղաքացու:
Հարավային նավահանգստային Օդեսա քաղաքում հինգ մարդ է վիրավորվել ռուսական զորքերի գիշերային հարձակման հետևանքով: Հաղորդվում է չօգտագործվող նոր շենքում, ֆիթնես կենտրոնում և արհեստագործական ուսումնարանում բռնկված հրդեհների մասին:
Ուկրաինայի կենտրոնական Կրիվոյ Ռոգ արդյունաբերական քաղաքի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով երկու մարդ է վիրավորվել: