Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ակտիվացրել է նաև ՀԱՊԿ-ի հարցով Հայաստանի նկատմամբ ճնշումը

Արտաքին կողմնորոշման հարցով հանրաքվեի պահանջին զուգահեռ Ռուսաստանը նաև ակտիվացրել է ՀԱՊԿ-ի հարցով Հայաստանի նկատմամբ ճնշումը՝ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների շուրթերով պարբերաբար հիշեցնելով Երևանին, որ հնարավոր է պատժամիջոցներ կիրառվեն:

Փոխարտգործնախարար Գալուզինի զգուշացումներից հետո նախօրեին էլ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Թալաթբեկ Մասադիկովն է հայտարարել, թե չնայած Հայաստանը համարվում է դաշնակից՝ այդ կառույցին Երևանի հետագա մասնակցության վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետում:

ՀԱՊԿ-ում, մասնավորապես, ակնարկում են, որ Հայաստանի հարցը կարող է քննարկման դրվել առաջնորդների մակարդակով կառույցի առաջիկա նիստին, որը նոյեմբերին Մոսկվայում է տեղի ունենալու:

«Թե ինչ մեկնաբանություններ կամ ակնարկներ են հնչում, դրանք չեմ մեկնաբանելու: Մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած... Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա հարձակում է տեղի ունեցել ու ՀԱՊԿ-ը գործնականում չի ճանաչել Հայաստանի Հանրապետության այն սահմանները, որոնցով Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է ՀԱՊԿ-ին: Այս թնջուկը դեռևս, ցավոք սրտի, լուծված չէ: Թե ինչ կլինի հետո, նիստերի ընթացքում ինչ որոշումներ կկայացվեն, ապա մենք որպես պետություն կարձագանքենք ըստ այդմ», - ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Մոսկվան վկայակոչում է ՀԱՊԿ կանոնադրության հոդվածը, որը նախատեսում է որևէ երկրի անդամակցության դադարեցում առանց նրա ձայնը հաշվի առնելու, եթե պարտավորությունների չկատարումը շարունակական է: Իսկ Հայաստանը նիստերին չմասնակցելուց բացի նաև անդամավճարը չի մուծում:

«ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է և պետք է բարեխղճորեն կատարվի դրա բոլոր անդամների կողմից: Երևանի հրաժարումը կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց և բյուջեի վերաբերյալ ամենամյա որոշումները չստորագրելը նշանակում է միայն իր իրավունքի չօգտագործում, սակայն չի դադարեցնում Հայաստանի՝ ազգային անդամավճարը ժամանակին փոխանցելու պարտավորությունը», - նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

Կառավարող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, մինչդեռ, որը հիշեցնում է 2021-22 թվականներին Հայաստանի վրա հարձակումներն ու ՀԱՊԿ-ի լռությունը, ասում է՝ Երևանում մտահոգված չեն, եթե իրադարձությունները զարգանան պատժամիջոցների սցենարով:

«Դե ֆակտո մենք որևէ հարաբերություն հողի վրա գործնականում ՀԱՊԿ-ի հետ չունենք: Այսինքն՝ ՀԱՊԿ-ը չի մեր անվտանգության երաշխավորը, որևէ բան լինելու դեպքում ՀԱՊԿ-ը չի, որ պետք է գա, արդեն փորձը ցույց է տվել, որ ապահովի մեր անվտանգությունը: Դրա համար արդեն իսկ մենք ձեր ասած կոնտեքսի մեջ ենք, երբ մենք դե ֆակտո անդամ չենք մի կառույցի, գործնականում որևէ հարաբերություն չունենք, բայց ապահովում ենք մեր անվտանգությունը, զարգացնում ենք մեր պաշտպանական ունակությունները: Թե ինչ կլինի ապագայում, կթողնենք ապագային», - նշեց Հովհաննիսյանը:

Միաժամանակ Հայաստանը այս ընթացքում չի նախաձեռնել ՀԱՊԿ-ը լքելու գործընթաց՝ հարցադրումներին տալով ընդհանրական պատասխաններ, թե որոշումները կկայացվեն ժամանակին:

«Հայտարարում են, որ իրենք սառեցրել են հարաբերություններն այդ կազմակերպության հետ, մի ռեժիմ, որը ՀԱՊԿ-ի կանոնադրությունը չի նախատեսում: Այսինքն կազմակերպությանն անդամ երկիրը դրել է անհասկանալի իրավիճակի մեջ, հիմա այդ իրավիճակում կազմակերպությունն ինքն է քննարկում: Եթե դժգոհ են ՀԱՊԿ-ից, հարց է առաջանում ՝ ինչի՞ դուրս չեն գալիս, դիմում ներկայացրեք, ասեք՝ չենք ուզում էդ կազմակերպությունը: Անհասկանալի իրավիճակ, ճգնաժամ են ստեղծում: Գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանը ստեղծում է անտեղի պրոբլեմներ», - ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը:

Ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանին չեն համոզել Երևանի հիմնավորումները, թե ՀԱՊԿ-ը չի կատարել պարտավորությունն ու 21 և 22 թվականներին զորք չի ուղարկել՝ պաշտպանելու դաշնակից երկրի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի հարձակումից. «ՀԱՊԿ-ը ո՞նց պետք է ճանաչի Հայաստանի սահմանները, եթե Հայաստանն ինքը պետք է իմանա իր սահմանները: Հիմա ենթադրենք՝ Ուկրաինայի ու Բելառուսի մեջ որոշակի լարվածություն կա, սահմանակից պետություններ են, եթե Ուկրաինան հարձակվի Բելառուսի վրա կամ ռազմական վեճ լինի, Բելառուսն իրավունք ունի դիմի ՀԱՊԿ-ին: Հիմա ՀԱՊԿ-ին օգնություն տրամադրելու համար Լուկաշենկոն Փաշինյանից պիտի հարցնի՞ իր երկրի սահմանները որտեղ են», - ասաց Ղազարյանը:

ՀԱՊԿ-ը ի պատասխան Հայաստանի դիմումների՝ հայտարարել էր, թե քանի սահմանազատված չէ հայ-ադրբեջանական սահմանը, դաշինքը չի կարող գնահատական տալ: Հետագայում կառույցը Երևանին դիտորդական առաքելություն առաջարկեց, երբ հայտնի դարձավ, որ սահմանին տեղակայվելու է Եվրամիության մոնիթորինգի խումբը: Հայաստանից և Ռուսաստանից բացի ռազմական այս դաշինքին անդամակցում են նաև Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը, որոնք բոլորը ջերմ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG