Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամակցության կասեցման կամ կազմակերպությունից հեռացման վերաբերյալ որոշումը կայացնում է Հավաքական անվտանգության խորհրդը, այսինքն անդամ պետությունների նախագահները, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Երեկ նույն պաշտոնյան ասել էր՝ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնում է կազմակերպությունում, թե նախընտրում է այլ սցենար, և որ Երևանը պետք է այդ որոշման մասին տեղեկացնի ռուսական կողմին։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, թե կազմակերպության անդամ երկրները պատրաստվում են Հայաստանի նկատմամբ միջոցներ ձեռնարկել՝ անդամավճարը երկու տարի չվճարելու պատճառով։
Ըստ կանոնադրության, ՀԱՊԿ Խորհուրդը կարող է կասեցնել Հայաստանի քաղաքացիների՝ ՀԱՊԿ շրջանակներում քվոտային պաշտոններ առաջադրելու իրավունքը, ինչպես նաև նրանց զրկել Կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից մինչև պարտքի լրիվ մարումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս նշել էր, թե իրեն չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հեռանկարը։ Նա կարծիք էր հայտնել, որ եթե կառույցի անդամները նման որոշում կայացնեն, ապա Երևանը դա ի գիտություն կընդունի։
Իսկ հարցին՝ Հայաստանը շարունակելո՞ւ է չվճարել անդամավճարները կառույցին, թե՞ հնարավոր է առաջիկայում վերանայել դիրքորոշումը, Փաշինյանը պատասխանել էր․ «Չենք պատրաստվում որևէ բան փոխել»։
Հայաստանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները։
2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։