Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս. ՌԴ ներկայացուցիչ

ՀԱՊԿ-ում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս, «Ռիա Նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Այդ հարցի վերաբերյալ որոշումը, եթե անհրաժեշտ լինի, կկայացվի կոնսենսուսով», - ասել է Վասիլևը։

Հունիսին էլ նույն պաշտոնյան ասել էր՝ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնում է կազմակերպությունում, թե նախընտրում է այլ սցենար, և որ Երևանը պետք է այդ որոշման մասին տեղեկացնի ռուսական կողմին։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, թե կազմակերպության անդամ երկրները պատրաստվում են Հայաստանի նկատմամբ միջոցներ ձեռնարկել՝ անդամավճարը երկու տարի չվճարելու պատճառով։

ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը չի կատարում իր պարտավորությունները կազմակերպության բյուջեի նկատմամբ, Խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության քաղաքացիների՝ ՀԱՊԿ շրջանակներում քվոտային պաշտոններում առաջադրվելու իրավունքը, ինչպես նաև նրանց զրկել Կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից՝ մինչև պարտքի լրիվ մարումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսին նշել էր, թե իրեն չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հեռանկարը։ Նա կարծիք էր հայտնել, որ եթե կառույցի անդամները նման որոշում կայացնեն, ապա Երևանը դա ի գիտություն կընդունի։

Իսկ հարցին՝ Հայաստանը շարունակելո՞ւ է չվճարել անդամավճարները կառույցին, թե՞ հնարավոր է առաջիկայում վերանայել դիրքորոշումը, Փաշինյանը պատասխանել էր․ «Չենք պատրաստվում որևէ բան փոխել»։

Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները։

2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։

2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։

XS
SM
MD
LG