Ռուսաստանից հացահատիկով բեռնված վագոնները Ադրբեջանի տարածքով այսօր ուղարկվել են Հայաստան:
ԱՊԱ-ն փոխանցում է՝ Հայաստան է ուղարկվել 488 տոննա հացահատիկով բեռնված 7 վագոն:
Այսօրվա դրությամբ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցմամբ արդեն ուղարկվել է ավելի քան 21 հազար տոննա հացահատիկ, նշել է ադրբեջանական աղբյուրը:
Անցած տարվա հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»:
Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական և ղազախական ծագման ցորեն:
Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նոյեմբերին քննարկել էին Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Անցած դեկտեմբերին Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ հացահատիկից, բիտումից ու հեղուկ գազից զատ, Հայաստանը քննարկում է Ադրբեջանի տարածքով ևս երկու տեսակի ապրանքի ներկրման հնարավորությունը: Նախարարը, սակայն, չէր հստակեցրել, թե կոնկրետ ինչ ապրանքների շուրջ են բանակցում Երևանն ու Բաքուն: