Մատչելիության հղումներ

Ռուսաստանի գաղութներում և մեկուսարաններում 16 ամերիկացի կա

Ռուսաստան - ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Գիլմանը Վորոնեժի դատարանում, ապրիլ, 2026թ.
Ռուսաստան - ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Գիլմանը Վորոնեժի դատարանում, ապրիլ, 2026թ.

Ռուսաստանի գաղութներում և քննչական մեկուսարաններում ներկայումս 16 ԱՄՆ քաղաքացի կա: Այս մասին հայտնել է Պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Արկադի Գոստևը: Երկրի քննչական մեկուսարաններում և ուղղիչ հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների թիվը շուրջ 25 հազար է:

Գոստևի խոսքով՝ ամերիկացիների մեծ մասը պատիժ են կրում թմրամիջոցների ապօրինի շրջանառության, սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործությունների, մաքսանենգության, Ռուսաստանի պետական սահմանի ապօրինի հատման, բռնի հանցագործությունների հոդվածներով:

ԱՄՆ քաղաքացիների դեմ ռուսաստանյան դատարանների դատավճիռների դեպքերից շատերը հայտնի են մամուլին, նշում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: Օրինակ՝ այս տարվա հունվարին հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել Չարլզ Ուեյն Զիմերմանը, որն իր զբոսանավով Միացյալ Նահանգներից հասել էր Սոչի՝ այցելելու աղջկան, ում հետ ծանոթացել էր ինտերնետով: Սահմանային ստուգման ժամանակ զբոսանավում հայտնաբերել էին զենք և ռազմամթերք, Զիմերմանը պնդել էր, թե դա իր անձնական զենքն է՝ ինքնապաշտպանության համար: Դատարանը ամերիկացուն մեղավոր էր ճանաչել զենքի մաքսանենգության մեջ:

Մեկ այլ ամերիկացի՝ Ռոբերտ Գիլմանը, չորս տարի առաջ Վորոնեժում ձերբակալվել, ապա երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել անսթափ վիճակում ոստիկանի հետ կռվելու մեղադրանքով: Այնուհետև նրա պատժաչափին ևս ութ տարի էին ավելացրել գաղութում աշխատակիցների հետ կռվելու մեղադրանքով: Անցած ամիս Ռուսաստանի նախագահը ներում շնորհեց Գիլմանին՝ «մարդասիրական նկատառումներով», ամերիկացին ազատ արձակվեց և վերադարձավ հայրենիք:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի փոխանցմամբ՝ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 8-ի հեռախոսազրույցի ժամանակ այլ հարցերի թվում խոսել են հումանիտար, այդ թվում՝ ձերբակալվածների և դատապարտյալների փոխանակումների մասին:


XS
SM
MD
LG