«Ռուսամետ հաքերները» կոտրել են Հոկեյի միջազգային ֆեդերացիայի կայքը

Հարավային Կորեա - Ռուսաստանի հոկեյի հավաքականը և նրա երկրպագուները Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերում, փետրվար, 2018թ.
Հարավային Կորեա - Ռուսաստանի հոկեյի հավաքականը և նրա երկրպագուները Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերում, փետրվար, 2018թ.

«Ռուսամետ հաքերները» կոտրել են Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) կայքը, հաղորդել է շվեդական SVT հեռուստաալիքը:

Կայքի գլխավոր էջում, The Insider-ի փոխանցմամբ, հայտնվել է Ռուսաստանի հոկեյի հավաքականի լուսանկարը՝ հետևյալ գրությամբ. - «Վախենո՞ւմ եք հանդիպել Ռուսաստանի հետ: Դուք հեռացրիք միակ թիմին, որին չեք կարող հաղթել: Ֆեդերացիայի կայքը կոտրել են ռուսամետ հաքերները»: Որոշ ժամանակ անց կայքը դադարել է գործել:

Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիան հայտարարությամբ է հանդես եկել, որում դատապարտել է հարձակումը: «Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիան բացասաբար է վերաբերվում նման գործողություններին և անթույլատրելի է համարում ոչ իրավաչափ մեթոդների կիրառումը սպորտային կամ հասարակական դիրքորոշման արտահայտման համար», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է հայտարարությունում:

Ռուսաստանյան թիմերը հեռացվել են հոկեյի միջազգային մրցաշարերին մասնակցությունից Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով: Դրան նախորդած վերջին երեք աշխարհի առաջնություններում Ռուսաստանը եզրափակիչ չի հասել:

Այս տարվա հոկտեմբերի վերջին Սպորտային արբիտրաժային դատարանը Հոկեյի միջազգային ֆեդերացիային պարտավորեցրեց թույլ տալ Ռուսաստանի հավաքականներին 2026/27 թվականների մրցաշրջանում մասնակցել ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին:

Ռուսաստանի մասնակցությամբ առաջին մրցաշարը պետք է դառնար դեկտեմբերի վերջին Կանադայում մեկնարկող աշխարհի երիտասարդական առաջնությունը: Սակայն հղում անելով Կանադայի դիրքորոշմանը, որը հայտարարել է, որ վիզաներ չի տրամադրելու ռուսաստանցի հոկեյիստներին, Հոկեյի միջազգային ֆեդերացիան արձանագրել է, որ առաջնությունը կանցնի առանց Ռուսաստանի հավաքականի մասնակցության:


​
XS
SM
MD
LG