Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) պարտավորեցրել է Հոկեյի միջազգային ֆեդերացիային (IIHF) թույլ տալ Ռուսաստանի հավաքականներին 2026/27 թվականների մրցաշրջանում մասնակցել ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին: Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Հոկեյի միջազգային ֆեդերացիան հիասթափություն է հայտնել և հայտարարել, թե համաձայն չէ արբիտրաժի որոշմանը: Այդուհանդերձ, IIHF-ն ճանաչել է CAS-ի լիազորությունները և պարտավորվել կատարել որոշումը:
Արբիտրաժի որոշումը վերաբերում է հինգ մրցաշարերի՝ 2027 թվականի մայիսի 14-30-ը Գերմանիայում անցկացվելիք տղամարդկանց աշխարհի առաջնությանը, այս տարվա դեկտեմբերի 26-ից մինչև եկող տարվա հունվարի 5-ը Կանադայում անցկացվելիք աշխարհի երիտասարդական առաջնությանը, նոյեմբերին Կանադայում անցկացվելիք կանանց աշխարհի առաջնությանը, հունվարին Չեխիայում անցկացվելիք մինչև 18 տարեկան աղջիկների աշխարհի առաջնությանը և ԱՄՆ-ում ապրիլ-մայիսին անցկացվելիք մինչև 18 տարեկան պատանիների առաջնությանը:
IIHF-ն հաղորդել է, որ հրատապ կարգով կորոշի անհրաժեշտ միջոցները և որոշման կատարման ժամկետները՝ փոփոխությունները համաձայնեցնելով ազգային ֆեդերացիաների և մրցաշարերի կազմակերպիչների հետ: Առաջնահերթություն է մնում բոլոր մասնակիցների անվտանգությունը, ընդգծել են Հոկեյի միջազգային ֆեդերացիայում:
Ռուսաստանի բոլոր տարիքային խմբերի հավաքականները հեռացվել էին հոկեյի միջազգային մրցաշարերից 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումից հետո: Վերջին անգամ IIHF-ն երկարաձգել էր հեռացումը 2026/27 թվականների մրցաշրջանի համար՝ անվտանգության նկատառումներին հղում անելով: