Կանադան ռուս հոկեյիստներին թույլ չի տա մասնակցել 2027-ի առաջնությանը, նույնիսկ եթե վիզա ունենան

Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Գեորգիևը պաշտպանում է իր դարպասը IIHF տղամարդկանց հոկեյի աշխարհի առաջնության B խմբի Շվեյցարիայի և Ռուսաստանի միջև խաղի ժամանակ, 19-ը մայիսի 2019 թ.
Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Գեորգիևը պաշտպանում է իր դարպասը IIHF տղամարդկանց հոկեյի աշխարհի առաջնության B խմբի Շվեյցարիայի և Ռուսաստանի միջև խաղի ժամանակ, 19-ը մայիսի 2019 թ.

Կանադան կարգելի բոլոր ռուս մարզիկների մուտքը 2027 թվականի տափօղակով Հոկեյի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու համար, նույնիսկ եթե նրանք վավեր վիզաներ ունենան, հայտարարել է Կանադայի սպորտի նախարար Ադամ վան Կյովերդենը:

Կանադայի կառավարությունը պաշտոնապես տեղեկացրել է Հոկեյի միջազգային ֆեդերացիային (IIHF) և Կանադայի հոկեյի ֆեդերացիային, որ վիզաներ չի տրամադրի ռուսներին, ասվում է հայտարարությունում:

«Նախարարը միջոցներ կձեռնարկի, որպեսզի յուրաքանչյուր դեպք առանձին գնահատի և թույլ չտա ռուս ու բելառուս մարզիկների ու պաշտոնյաների մուտքը Կանադա մրցույթներին մասնակցելու նպատակով, անկախ նրանից՝ նրանք ունեն վավեր վիզաներ, թե ոչ»,- վան Կյովերդենի խոսքերն է մեջբերում կանադական TSN-ը։

«Միջոցառումները ուղղված չեն ռուսների և բելառուսների դեմ»

Նախարարն ասել է, որ այս միջոցառումներն ուղղված չեն ռուսների և բելառուսների դեմ։ Դրանք, ըստ նրա, նպատակ ունեն թույլ չտալ, որ Ռուսաստանի և Բելառուսի կառավարություններն օգտագործեն Կանադայում անցկացվող միջազգային մարզական միջոցառումները որպես «պետական ներկայացուցչության, քաղաքական լեգիտիմության և քարոզչության հարթակ:

«Կանադայի հետևողական դիրքորոշումը նաև նախատեսում է, որ միայն չեզոք կարգավիճակով մրցող անհատ մարզիկները կկարողանան շարունակել մասնակցել Կանադայում անցկացվող միջազգային մարզական միջոցառումներին»,- ընդգծել է նախարարը։

«Կանադայի դիրքորոշումը մնում է անփոփոխ. քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ, չի կարող լինել վերադարձ սովորական վիճակին։ Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինային», - հավելել է Ադամ վան Կյովերդենը:

Մինչ այդ էլ՝ նոյեմբերի 4-ին, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին էր հայտարարել էր, որ ռուս հոկեյիստներին վիզա չի տրամադրվի 2027 թվականի Հոկեյի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու համար։

Սպորտային արբիտրաժային դատարանի որոշումը

Հոկտեմբերի 30-ին Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) Հոկեյի միջազգային ֆեդերացիային պարտավորեցրել է սկսած 2027 թվականից թույլատրել Ռուսաստանի ազգային հավաքականներին մասնակցել միջազգային մրցաշարերին՝ չնայած Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող լայնածավալ պատերազմին:

IIHF-ը անհամաձայնություն էր հայտնել այս որոշման հետ՝ վկայակոչելով վիզաների, անվտանգության, լոգիստիկայի հետ կապված խնդիրները և մրցաշարի ձևաչափը կարճ ժամանակում փոխելու անհրաժեշտությունը:

CAS-ի որոշման ազդեցությանը ենթարկվող առաջին մրցաշարը, ենթադրաբար, կլինի Կանադայում կայանալիք Հոկեյի աշխարհի պատանեկան առաջնությունը, որը տեղի կունենա դեկտեմբերի 26-ից հունվարի 5-ը Էդմոնտոնում և Ռեդ Դիրում։

​
XS
SM
MD
LG