Մատչելիության հղումներ

«Ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում այս պահին չկա». ԱԳ փոխնախարար

Արտաքին գործերի փոխնախարարը հրաժարվում է ուղիղ ասել՝ Երևանը հնարավո՞ր է՝ ինչ-որ փուլում քննարկի TRIPP նախագծում Մոսկվայի ներգրավվածության հարցը: Արտգործնախարարության պաշտոնյան այսօր չի ցանկանում ոչինչ ասել, իսկ ապագայի մասին ցանկացած դատողություն որակում է որպես «սպեկուլյացիա»։

«Այս պահին TRIPP-ն իրականացվում է ՀՀ-ԱՄՆ ձևաչափով, կնքվել է համաձայնագիր, և դա իրականացման փուլում է: Չէի ուզի այս պահին ապագայի մասին ինչ-որ բան ասել», - ասաց Մնացական Սաֆարյանը:

TRIPP նախագծի հայ-ամերիկյան համաձայնություններից մոտ երկու տարի առաջ ամբողջությամբ սառեցվել էին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ Երևանի և Բաքվի բանակցությունները, որոնք ընթանում էին Մոսկվայի միջնորդությամբ:

Արդյոք դրանից հետո Մոսկվան ոչ միայն հրապարակային, այլև առանձին հանդիպումներում բարձրացնո՞ւմ է Սյունիքով անցնող «Թրամփի ուղուն» մասնակցելու իր ցանկության մասին: Փոխնախարար Սաֆարյանն ասաց. «Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում: Մեր երկկողմ օրակարգում ռուսական կողմի հետ այս պահին նման հարց չկա»:

Թեև TRIPP-ը հայ-ամերիկյան նախագիծ է, և ըստ համաձայնագրի՝ երրորդ կողմի ներգրավվածությունը պետք է որոշվի բացառապես Երևանի ու Վաշինգտոնի համաձայնությամբ, պաշտոնական Մոսկվան վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո պարբերաբար հրապարակային պնդում է, որ առանց իր մասնակցության այն արդյունավետ լինել չի կարող։

Երեկ այդ տեսակետը վերահաստատել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ շեշտելով, որ տրանսպորտային այս ծրագրի հաջող իրականացումը հնարավոր է միայն Ռուսաստանի ներգրավմամբ, և Մոսկվայի կարծիքը պետք է հաշվի առնվի:

«Թրամփի ուղին» անցնելու է տարածքով, որտեղ տասնամյակներ շարունակ ռուս զինվորներն են իրենց հայ գործընկերների հետ պահպանում Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ», - ասել է նա:

Պաշտոնական Երևանը չի հայտարարել Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմաններից ռուս սահմանապահների ամբողջական դուրսբերման մասին, այդուհանդերձ, ձեռքբերում է համարում այն փաստը, որ այժմ երկրի բոլոր անցակետերում ծառայությունն իրականացնում են բացառապես հայ սահմանապահները:

Ռուսաստանի փոխարտգործնախարարն իր հայտարարության մեջ ոչ միայն ընդգծել է ռուս սահմանապահների ներկայության փաստը, այլև հիշեցրել՝ քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, բեռների տարանցումը ևս պետք է կատարվի միության նորմերին համապատասխան: Իսկ այն, որ «Թրամփի ուղին» գործելու է ԵԱՏՄ կարգավորումներով, այսօր հաստատեց նաև արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

Հայկական կողմը նախագծի իրականացման համար խոստացել է ներդնել անվտանգային ու մաքսային հսկողության ժամանակակից ընթացակարգեր՝ առավելագույնս օպտիմալացնելով դրանք: Նախատեսում է կիրառել թվային նոր գործիքներ, որոնք կդյուրացնեն TRIPP-ի կապը տարածաշրջանային տարանցիկ ցանցերի հետ: Արդյոք ԵԱՏՄ կարգավորումները խնդիրներ չե՞ն առաջացնի, փոխարտգործնախարարը պնդեց՝ ոչ:

«ԵԱՏՄ-ի մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ այդտեղ այս փուլում որևէ հարց չի ծագել», - ասաց Սաֆարյանը:

TRIPP նախագծում ներգրավվելու Մոսկվայի հայտարարությունները հնչում են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների աննախադեպ սրման ֆոնին: Հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական կողմի սահմանափակումների պատճառով վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգամ հրապարակավ խոսում է ԵԱՏՄ-ի գոյություն ունենալ-չունենալու մասին: Այս իրավիճակում, սակայն, պաշտոնական Երևանը դեռևս հստակ չի ձևակերպում, թե ինչպես են պատկերացնում հանգուցալուծումը:

«Մենք հետաքրքրված ենք երկխոսությամբ, հետաքրքրված ենք մեր հարաբերությունների շարունակությամբ, առաջիկայում կլինեն նաև շփումներ», - ընդգծեց փոխնախարարը:

Խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանից վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորանք դեռ չի ստացել: Չնայած սրան՝ հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հեռախոսազրույցը: Փաշինյանի և Միշուստինի զրույցի վերաբերյալ կողմերը նույնաբովանդակ հաղորդագրություն են տարածել, ըստ որի՝ «քննարկվել են ռուս-հայաստանյան փոխգործակցությունը առևտրատնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային և հումանիտար ոլորտներում»։




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG