Մատչելիության հղումներ

Ռուբիոն կասկածում է, թե պատերազմը Ուկրաինայում շուտով կավարտվի

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ելույյթ է ունենում Մեծ քսանյակի Ատլանտայի գագաթնաժողովում, 31-ը հոկտեմբերի,, 2026թ.
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ելույյթ է ունենում Մեծ քսանյակի Ատլանտայի գագաթնաժողովում, 31-ը հոկտեմբերի,, 2026թ.

Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարել է, թե վստահ չէ՝ արդյոք հնարավոր է Ուկրաինայում պատերազմի ավարտ բանակցությունների ճանապարհով: Ինչպես «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները, Մարկո Ռուբիոն նաև մասնավոր զրույցներում կասկած է հայտնել, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի դեկտեմբերին Մայամիում կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովին:

Եվրոպացի պաշտոնյաները, ովքեր «Ազատության» հետ խոսել են անանուն մնալու պայմանով, փոխանցել են, որ Ատլանտայում նախորդ երկու օրերին կայացած Մեծ քսանյակի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում մասնավոր զրույցներում պետքարտուղարը արևմտյան գործընկերներին իր կասկածներն է ներկայացրել առաջիկա ամիսներին խաղաղության համաձայնության հնարավորության վերաբերյալ:

Հանդիպման եզրափակիչ ասուլիսի ժամանակ իր հրապարակային հայտարարություններում պետքարտուղարը նկատելիորեն զգույշ էր, նշում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը: Վերջինիս հարցին՝ հավատո՞ւմ է արդյոք, որ բանակցային ճանապարհով կարգավորումը հասանելի է՝ հաշվի առնելով Մոսկվայի անփոփոխ դիրքորոշումը, Ռուբիոն արձագանքել է, թե Վաշինգտոնը դեռ փորձում է պարզել՝ արդյոք համաձայնության հնարավոր է հասնել:

«Չգիտեմ՝ արդյոք Ուկրաինայում հնարավոր է հասնել բանակցված խաղաղության: Դա է, որ մենք ձգտում ենք պարզել», - հայտարարել է պետքարտուղարը՝ հավելելով. - «Ես չեմ կարծում, թե այստեղ որևիցե մեկը պնդում է, որ մենք բանակցված կարգավորման շեմին ենք»:

Ռուբիոն նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացները, այդ թվում՝ Սթիֆ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, շատ ժամանակ են հատկացնում Ուկրաինայի և Իրանի թղթածրարներին, և հույս է հայտնել, որ համաձայնության ի վերջո կհասնեն:

Պետքարտուղարը զգուշավոր է արտահայտվել նաև Մայամիի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցության վերաբերյալ: «Ես նույնիսկ չգիտեմ՝ արդյոք Ռուսաստանի նախագահը պատրաստվում է գալ Մայամի: Նրանք դա չեն հայտարարել և դա չեն հաստատել», - ընդգծել է Ռուբիոն:

Եվրոպացի երեք պաշտոնյաներ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասել են, որ Ռուբիոն մասնավոր զրույցներում կասկած է հայտնել, թե Պուտինը կընդունի հրավերը:

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հրավիրել է Ռուսաստանի նախագահին Մայամիի գագաթնաժողովին: Մոսկվան «երախտապարտ է ամերիկյան կողմին այդ հրավերի համար», սակայն մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չի ընդունվել, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ազատության» զրուցակիցները պատմել են նաև, որ պետքարտուղարը պաշտպանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին Ատլանտա և Վլադիմիր Պուտինին Մայամի հրավիրելու՝ ԱՄՆ վարչակազմի որոշումը, ընդգծելով, թե կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է դիվանագիտական ներգրավվածություն:

«Ինչպե՞ս կարող եք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցված կարգավորում ունենալ, եթե չունեք թե՛ Ռուսաստանի և թե՛ Ուկրաինայի հետ խոսելու կարողություն», - ավելի ուշ ասել է Ռուբիոն լրագրողների հարցերին ի պատասխան:

Նա նշել է, որ Թրամփը որևէ օտարերկրյա առաջնորդի հետ հանդիպումը կամ զրույցը չի համարում այդ առաջնորդի գործողությունների լեգիտիմացում կամ համաձայնություն նրա հետ ամեն ինչում:

Պետքարտուղարը նաև Ռուսաստանի միջուկային զինանոցն է մատնանշել որպես Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հաղորդակցություն պահպանելու պատճառ՝ անկախ երկկողմ հարաբերությունների վիճակից:

«Միշտ կարևոր է, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը որոշ մակարդակի հաղորդակցություն ունենան՝ ապագայում էսկալացիայի վտանգի պատճառով», - ընդգծել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Արևմտյան պաշտոնյաները փոխանցել են, որ Ռուբիոն կարճաժամկետ հեռանկարում անիրատեսական և Պուտինի համար անընդունելի է որակել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը:

Ըստ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի զրուցակիցների՝ պետքարտուղարը զգուշացրել է, որ Դոնբասի տարածաշրջանի ամբողջական գրավումը Ռուսաստանի կողմից չի բավարարի Կրեմլի տարածքային հավակնությունները և չի հագեցնի «ռուսական ախորժակը»:

Պետդեպարտամենտն առայժմ չի արձագանքել մեկնաբանությունների համար «Ազատության» դիմումին:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG