Մատչելիության հղումներ

Մեծ քսանյակի հանդիպմանը ԱԳ նախարարները հրաժարվել են լուսանկարվել Լավրովի հետ

Մեծ քսանյակի արտգործախարարների՝ ԱՄՆ Ատլանտա քաղաքում անցկացվող հանդիպման կազմակերպիչները չեղարկել են ավանդական «ընտանեկան» ֆոտոշարքը, երբ պաշտոնյաներից մի քանիսը հրաժարվել են լուսանկարվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Ոչ մի դեպքում չի լինելու եվրոպական գործընկերների և պարոն Լավրովի համատեղ ընտանեկան լուսանկար, քանի որ նորմալ հարաբերություններ Ռուսաստանի հետ չկան», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագծի փոխանցմամբ՝ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը:

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին էլ հանդիպմանը Լավրովի մասնակցությունն իսկ որակել է «անհարմար պահ»:

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղի ունեցածն այսպես է մեկնաբանել. - «Վախեցրեց Վադեֆուլը Սերգեյ Վիկտորովիչին գերմանական մերկ դիվանագիտությամբ»:

Աշխարհի տնտեսապես առաջատար 20 երկրների արտգործնախարարների հանդիպումը Ատլանտայում անցկացվում է հոկտեմբերի 30-31-ը: Դրա ընթացքում քննարկվում են նաև Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի հարցերը: Օրակարգում են նաև Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները և դրանց հետ կապված՝ Հորմուզի նեղուցով նավթային տանկերների տարանցման դժվարությունները. Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից սահմանվող մաքսատուրքերը և Հարավչինական ծովում Չինաստանի գործողությունները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դեկտեմբերին Մայամիում կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովին: Մոսկվան «երախտապարտ է ամերիկյան կողմին այդ հրավերի համար», սակայն մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չի ընդունվել, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

​
XS
SM
MD
LG