Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է, այս մասին հայտնում է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը:
«Ռուբեն Վարդանյանը ստիպված է եղել դիմել այս քայլին, քանի որ նախորդ 10 օրերին օմբուդսմենի հետ փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով և հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձերը որևէ արդյունք չեն տվել: Դատավարություններն ավարտվել են մեկ ամիս առաջ, սակայն ո՛չ Ռուբենը, ո՛չ էլ, մեր տեղեկություններով, մյուս հայ բանտարկյալներն իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որևէ լեզվով՝ ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն, դեռ չեն ստացել: Նրանք չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու»,- ասված է Վարդանյանի ընտանիքի տարածած հայտարարությունում:
Ընտանիքը կցել է Ռուբեն Վարդանյանի աուդիոձայանգրությունը, որտեղ նա դիմում է Ադրբեջանի օմբուդսմենին, ընթացքում, սակայն, ընդհատվում է նրա ուղերձը. «Նրանք թույլ չեն տալիս ինձ դիմել Ձեզ, որպեսզի Դուք՝ միակ մարդը, որը կարող է այս իրավիճակում այնտեղ...Ես մեկ ամիս է՝ չեմ կարող ստանալ դատավճիռը. ո՛չ ռուսերեն, ո՛չ հայերեն, ո՛չ ադրբեջաներեն: Չգիտեմ՝ ինչի համար եմ դատապարտվել և որ հոդվածներով: Ես հանդիպում եմ խնդրում, որպեսզի կարողանանք քննարկել այս ամենը: Ցավոք, Կարմիր խաչը հեռացել է: Այստեղ չկա որևէ հաստատություն, որը կարող է մեզ հետ կապ պահել: ՀՀ կառավարությունն այստեղ չունի ներկայացուցչություն և զբաղված է մատակարարումներով...»,- ասում է Ռուբեն Վարդանյանը՝ չկարողանալով ավարտել խոսքը: Ընտանիքի տարածած հայտարությունում նշվում է, որ զանգն ընդհատվում է ադրբեջանական կողմից և Վարդանյանը չի կարողանում շարունակել ուղերձը:
«Մենք նաև մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները՝ կապի պահպանված միակ միջոցը, կարող են դադարեցվել»,- ասված է ընտանիքի հայտարարությունում:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչեց մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։
Վարդանյանը փաստաբանին արգելել էր ներկայացնել պաշտպանական փաստարկներ՝ տեղի ունեցողը որակելով ոչ թե դատ, այլ ֆարս: