«Ռոսսելխոզնադզոր»-ը դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ դադարեցնելու դեպի Ռուսաստան արտահանվող ծաղիկների հավաստագրումը։ Ռուսական կողմը պնդում է, թե այս տարի Իրանից ներմուծվող ապրանքների ծավալը «զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը»։
«Բուսասանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը, սակայն արտադրանքի արտաքին բնութագրերը և փաթեթավորումը նույնական են Հայաստանից նախկինում ներմուծվածներին», - հայտարարել է ռուսական դաշնային ծառայությունը, հավելելով, թե մինչ այս Իրանին տեղեկացրել էր, որ մայիսի 22-ից արգելել է հայկական ծաղկի ներմուծումը։
«Իրանական կողմից պատասխան չստանալու պատճառով ծառայությունը խնդրել է դադարեցնել տեղական ծաղկային արտադրանքի հավաստագրումը մինչև երկկողմ բանակցությունների անցկացումը և այս հարցի պարզաբանումը», - հայտարարել է «Ռոսսելխոզնադզոր»-ը։
Դաշնային ծառայությունը վաղվանից ժամանակավորապես սահմանափակել է նաև թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան, պատճառաբանելով, թե «խմբաքանակներում պարբերաբար հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային համարվող վնասակար տարրեր»։ Թե որ արտահանողների նկատմամբ է գործելու արգելքը և որքան ժամանակով, չի նշվում։