Մատչելիության հղումներ

ՌԴ-ն ՀՀ-ի հետ բանակցություններ կսկսի հայկական երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ըստ նրա՝ նման որոշում է կայացվել «հայկական կողմի դիմումի համաձայն և ելնելով Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական եղբայրական զգացմունքներից»: Այդ հատվածները կապահովեն միացումը Ադրբեջանի երկաթուղիներին Երասխի շրջանում, ինչպես նաև Ախուրյանի շրջանում Թուրքիայի երկաթուղիներին:

Փոխվարչապետի խոսքով՝ վերականգնման ենթակա երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1,6 կմ և 12,4 կմ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ բարեկամական տրամաբանության մեջ լուծել ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու հարցը: Ամիսներ առաջ Փաշինյանն ընդգծել էր՝ Երևանն ուզում է, որ Ադրբեջանից մտնելով Մեղրի, Մեղրուց՝ Նախիջևան՝ երկաթուղին շարունակվի մինչև Թուրքիայի սահման՝ Ախուրիկ:

ՌԴ կառավարության փոխնախագահի խոսքով՝ աշխատանքներ են տարվում Կովկասում բոլոր խախտված ուղիների ապաշրջափակման ուղղությամբ, այդ թվում՝ Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունն է դիտարկվում:


XS
SM
MD
LG