Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Պեկին, որտեղ նա կհանդիպի չինացի իր գործընկեր Սի Ծինփինի հետ՝ բանակցություններ անցկացնելու համար, հայտնում է չինական պետական լրատվամիջոցը։
Չինաստան կատարած այցից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ Ռուսաստանը և Չինաստանը պատրաստ են աջակցել միմյանց հարցերի լայն շրջանակում, այդ թվում՝ ինքնիշխանության պաշտպանության հարցում։
Reuters-ի փոխանցմամբ՝ Պուտինը հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները հասել են փոխըմբռնման և վստահության «աննախադեպ մակարդակի»:
Ռուսաստանը և Չինաստանը ակտիվորեն ընդլայնում են կապերը տնտեսության, քաղաքականության և պաշտպանության ոլորտներում, նշել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ Մոսկվայի և Պեկինի միջև «սերտ» և «ռազմավարական» կապը «կայունացնող դեր» է խաղում համաշխարհային հարաբերություններում։
«Մենք չենք միավորվում որևէ մեկի դեմ, այլ աշխատում ենք խաղաղության և համընդհանուր բարգավաճման համար», - ասել է Պուտինը:
Նախորդ շաբաթ էլ Պեկին էր այցելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Իր երկօրյա այցը Թրամփը «հսկայական հաջողություն» էր համարել: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կողմերը «հրաշալի առևտրային համաձայնություններ» են ձեռք բերել, մասնավորապես՝ էներգիայի և գյուղատնտեսության ոլորտում:
«Շատ բաներ են տեղի ունեցել, ու շուտով կլսեք դրանց մասին, բայց պետք է ասեմ, որ հսկայական հաջողություն ունենք: Կարծում եմ՝ սա պատմական պահ է», - հայտարարել էր Դոնալդ Թրամփը:
Սա վերջին ինը տարում Ամերիկայի առաջնորդի առաջին այցն է Պեկին: Երկու երկրները լարված հարաբերություններ ունեն, Չինաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է, Միացյալ Նահանգների տնտեսական մրցակիցը: