ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Այս մասին ԱՄՆ առաջնորդը հայտնել է լրագրողների հետ զրույցի ընթացքում։
Թրամփը վստահեցրել է, որ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Նախօրեին The Wall Street Journal-ը և Politico-ն հայտնել էին, որ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատքլիֆը մեկնել է Մոսկվա՝ Պուտինին գուշացնելու Բալթյան երկրների վրա հնարավոր հարձակման մասին։
Ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ Ռատքլիֆը նման զգուշացումներ չի արել. «Ռատքլիֆը իր ռուս գործընկերոջ հետ հանդիպում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ կամ տարին մեկ: Նրանք շատ լավ հարաբերություններ ունեն: Ոչ մի հաղորդակցություն չի եղել, և ոչ մի անսովոր բան տեղի չի ունեցել»:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարը Մոսկվա կատարած այցի ընթացքում չի հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ «շփումներ» է ունեցել: ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Մոսկվայում ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատքլիֆի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հատուկ ծառայությունների իրավասության շրջանակում գտնվող հարցեր։