ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Ռեթքլիֆը Մոսկվա կատարած այցի ընթացքում չի հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ «շփումներ» է ունեցել։ Լուրը հաղորդում է Կրեմլը՝ չմանրամասնելով, թե ինչ է քննարկվել։
Ռեթքլիֆը երեկ չհայտարարված այցով մեկնել էր Մոսկվա։ Այս մասին հաղորդել էին ամերիկյան լրատվամիջոցները։ 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր նա Ռուսաստան այցելած ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է։
«Հետախուզական ծառայությունների միջոցով շփումներ են եղել, սակայն Ռուսաստանի նախագահի հետ որևէ հանդիպում չի եղել», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Պուտինին զեկուցել են բանակցությունների մասին։ Այլ մանրամասներ Պեսկովը չի հայտնել՝ հրաժարվելով պատասխանել՝ արդյո՞ք քննարկվել է Ուկրաինայի պատերազմը։
«Հետախուզական ծառայությունների միջոցով շփումներն ինքնին դրական զարգացում են։ Դեռ վաղ է ասել, թե դրանք ինչպես կանդրադառնան մեր հարաբերություններում առկա ճգնաժամի կարգավորման գործընթացի վրա», - ասել է Պեսկովը։
ԿՀՎ-ի տնօրենի՝ Մոսկվա կատարած վերջին այցը տեղի էր ունեցել 2021 թվականի նոյեմբերին։ Այն ժամանակ Ուիլյամ Բըրնսը Ռուսաստանին նախազգուշացրել էր զորքեր չուղարկել Ուկրաինա։ Կարճ ժամանակ անց, սակայն, Կրեմլը ներխուժեց Ուկրաինա։
Սպիտակ տունն ու ԿՀՎ-ն դեռևս չեն մեկնաբանել այցը։