ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատքլիֆի Մոսկվա այս շաբաթ կատարած անակնկալ այցը նպատակ ուներ Ռուսաստանին զգուշացնել, որ հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների, մասնավորապես՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի վրա հարձակվելու գաղափարից, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասել են այցի մանրամասներին ծանոթ աղբյուրները։
Օգոստոսի 25-ին Ռատքլիֆի այցը, որը նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամանակ ԿՀՎ տնօրեն նշանակվելուց ի վեր նրա առաջին հրապարակայնորեն հայտնի այցն էր Ռուսաստան, տեղի ունեցավ բալթյան երկրներում ռուսական ագրեսիայի վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին։
Բալթյան երկրներից մի դիվանագետ, որն անանուն մնալու պայմանով է խոսել «Ազատություն» ռադիոկայանի հետ, ասել է, որ պաշտոնյաները «նախապես զգուշացված էին» Ռատքլիֆի Մոսկվա կատարելիք այցի մասին:
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան օգոստոսի 27-ին «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Ռատքլիֆի այցը «չպետք է դիտարկվի որպես վճռորոշ», այլ հնարավորություն՝ Կրեմլին ուղերձ հղելու համար։
«Լավագույն զսպող գործոնը միասնական և ուժեղ ՆԱՏՕ-ն է, ինչպես նաև Մոսկվայում այն հստակ ընկալումը, որ դաշինքը պատրաստ է պաշտպանել դաշնակիցների տարածքի յուրաքանչյուր թիզը», - ասել է նա։
«Էստոնիայի և ՆԱՏՕ-ի ընդհանուր շահերից է բխում, որ Ռուսաստանը խուսափի ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության հարցում սխալներ թույլ տալուց։ Որքան ավելի պարզ դաշնակիցները Մոսկվային հասկացնեն, որ ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանությունը մնում է անառիկ, այնքան լավ», - հավելել է նա։
Ռուսաստանը նույնպես հաստատեց այցը. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարեց, որ «աշխատանքային մակարդակով հանդիպում» է ունեցել ԿՀՎ տնօրենի հետ: Նա այլ մանրամասներ չհայտնեց, միայն ասաց, որ քննարկել են զգայուն հարցեր, չբացահայտելով դրանց բովանդակությունը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը օգոստոսի 27-ին լրագրողներին ասել է, որ «այժմ շատ նման սարսափելի պատմություններ են հրապարակվում... Դրանք իրականության հետ որևէ կապ չունեն»։
Վախեր բալթյան երկրներում
Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի առաջնորդները, որոնք բոլորն էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, վաղուց են զգուշացնում ռուսական ագրեսիայի մասին։
«Ազատություն» ռադիոկայանն օգոստոսի 26-ին էր հաղորդել, որ բալթյան երեք հանձնակատարները՝ Կայա Կալլասը, Անդրիուս Կուբիլիուսը և Վալդիս Դոմբրովսկիսը նամակ էին ուղարկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որում զգուշացնում էին բալթյան երկրներում «անվտանգության վիճակի վատթարացման» և Ռուսաստանի կողմից «օդային տարածքի խախտումների և անօդաչու թռչող սարքերի ներխուժումների» դեպքերի աճի մասին։ Նամակն ստորագրել էին նաև լեհ և ֆին հանձնակատարները։
Բալթյան երկրների դիվանագետները, անանուն մնալու պայմանով, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել են, որ ամռան ընթացքում այլ երկրների անվան տակ Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ լրացուցիչ հետախուզական տվյալներ են ի հայտ եկել, սակայն անխուսափելի սովորական հարձակման մասին վկայող որևէ նշան չկա։
Վերջին տարիներին Ռուսաստանը բալթյան երկրների դեմ հիբրիդային արշավ է իրականացնում, ներառյալ՝ օդային տարածք դիտավորյալ ու կանոնավոր ներխուժումներ, էլեկտրոնային պատերազմ, սաբոտաժ և կիբեռգործողություններ։
2024-ի սեպտեմբերին Լատվիայում ամբողջությամբ զինված Shahed տեսակի ռուսական անօդաչու թռչող սարք կործանվեց։ Ռիգա կանչվեց Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, որը հերքեց, թե անօդաչուն պատկանում է Ռուսաստանին։
Այդ տարվա վերջում վնասվեց Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև գտնվող էլեկտրամատակարարման Estlink 2 մալուխը՝ հեռահաղորդակցության չորս մալուխների հետ միասին։ Ֆինլանդիայի իշխանությունները կասկածում էին, որ մալուխն իր խարսխով վնասել է Կուկի կղզիների դրոշի ներքո նավարկող Eagle S տանկերը, որը ենթադրաբար ռուսական «ստվերային նավատորմի» մաս է կազմում:
2025-ի սեպտեմբերին ռուսական երեք կործանիչներ Վայնդլո կղզու մոտակայքում 12 րոպեով խախտեցին Էստոնիայի օդային տարածքը՝ թռչելով առանց թռիչքի պլանի կամ տրանսպոնդերների (ազդանշանի ընդունիչ-հաղորդիչ սարք. - խմբ.)։
Տալլինը ներխուժումը որակեց միտումնավոր՝ հղում անելով նաև նախկինում տեղի ունեցած խախտումներին, և կիրառեց ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածը: Այն սահմանում է, որ դաշինքի անդամները պետք է պարտադիր հանդիպեն բարձրացված հարցով, սակայն այնքան հեռուն չի գնում, որքան 5-րդ հոդվածը, ըստ որի՝ անդամ երկրներից որևէ մեկի վրա զինված հարձակումը համարվում է հարձակում ողջ դաշինքի վրա, և անդամ երկրները պարտավորվում են աջակցել դաշնակից երկրին, այդ թվում՝ զինված ուժերի կիրառմամբ։
Նման մեկ այլ միջադեպ տեղի ունեցավ 2025-ի հոկտեմբերին, երբ ռուսական մի կործանիչ և լիցքավորող ինքնաթիռ կարճ ժամանակով մտան Լիտվայի օդային տարածք, ինչի հետևանքով ՆԱՏՕ-ի ինքնաթիռներն օդ բարձրացան։
2026-ին Ռուսաստանում գտնվող թիրախներին հարվածելու համար նախատեսված ուկրաինական անօդաչուները պարբերաբար ներխուժել են Լատվիայի օդային տարածք։ Լատվիայի զինվորականները հայտարարել են, թե կասկածներ ունեն, որ անօդաչուները շեղելու համար Ռուսաստանն էլեկտրոնային պատերազմի համակարգեր է օգտագործում։
Դաշնակիցները կտեղեկացվեն
Ամերիկացի պաշտոնյաները «Ազատություն» ռադիոկայանին հաստատել են, որ Վաշինգտոնը հաջորդ շաբաթ դաշնակիցներին կտեղեկացնի Ռատքլիֆի այցի մանրամասների մասին: Օգոստոսի 26-ին ԿՀՎ ղեկավարին նկատել են պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի հետ Սպիտակ տան արևմտյան թևից դուրս գալիս:
ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքականության հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին օգոստոսի 29-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։
Այնուհետև Քոլբին պետք է մասնակցեր Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին՝ դաշնակից երկրների դեսպանների մասնակցությամբ։