Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը քիչ հավանական է համարել Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցություններում արագ առաջընթացը:
Այսօր Մոսկվայում "Интерфакс" լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ուշակովը հայտարարել է, որ ԱՄՆ պատվիրակների հետ բանակցող՝ ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևն ընդամենը վերադառնալու է Ֆլորիդայից և զեկույց ներկայացնի:
«Ամերիկացիներն այս օրերին տոնում են Սուրբ Ծնունդը: Շատ չեն լինելու աշխատողները», - նշել է Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյան:
Ուշակովը նաև անդրադարձել է ԱՄՆ - Ուկրաինա - Ռուսաստան եռակողմ բանակցությունների Վաշինգտոնի առաջարկի վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երեկվա հայտարարությանը՝ պնդելով. - «Այդ նախաձեռնությունն այս պահի դրությամբ ոչ ոք լրջորեն չի քննարկել, և դրա շուրջ աշխատանքներ չեն տարվում, որքանով ես եմ տեղյակ»: Դմիտրիևը բանակցում է միայն Միացյալ Նահանգների պաշտոնյաների հետ, ընդգծել է Կրեմլի պաշտոնյան:
Խոսելով Ուկրաինայի և Կիևի եվրոպական դաշնակիցների առաջարկների արդյունքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության 28-կետանոց պլանի փոփոխության և 8 կետով կրճատման մասին, Ուշակովը վստահություն է արտահայտել, թե «առաջարկները, որ արել կամ փորձում են անել եվրոպացիները և ուկրաինացիները, չեն բարելավում երկարաժամկետ խաղաղության հասնելու հնարավորությունը»:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցի պլաններ չկան, «բայց անհրաժեշտության դեպքում այն կարելի է արագ կազմակերպել»: