Մատչելիության հղումներ

Փոշոտված սարքավորումներ ու անհետացած միլիոններ․ ԵՄ-ի «կանաչ» ծրագրի քրեական ավարտը Վանաձորում

Վանաձոր
Վանաձոր

Վանաձորին ու Գյումրիին Եվրամիության հատկացրած 4 միլիոն եվրոյի ծրագրի պատասխանատուները ծրագրի ավարտից երկու տարի անց քննիչների հարցերին են պատասխանում՝ մեղադրյալի կարգավիճակով:

Դատարանն այսօր 2 ամսվա տնային կալանք և 20 միլիոն դրամ գրավ կիրառեց ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրիի նկատմամբ: Տնային կալանքի տակ է նաև ծրագրի տրանսպորտային հարցերով փորձագետ Դավիթ Մելքոնյանը: Նախօրեին ձերբակալված Լափաուրիին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել կաշառք ստանալու, գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիքի, իսկ Մելքոնյանին՝ կաշառքին օժանդակելու համար։

Ո՞վ է կաշառք տվել, ի՞նչ գույք է հափշտակվել ու ինչպես: Այս հարցերը դեռ անպատասխան են։ Հակակոռուպցիոնն առայժմ մանրամասներ չի հայտնում։

«Ազատությունն» այս ծրագրի կասկածելի գործարքների մասին հետաքննություն էր հրապարակել դեռ մեկուկես տարի առաջ։ 2020-ին Եվրամիության նվիրաբերած 4 միլիոն եվրոյով նախատեսվում էր Գյումրիում և Վանաձորում ներդնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտ, աղբի վերամշակման հոսքագծեր և թվային կառավարման համակարգ։

Ծրագրի ավարտից տարիներ անց, մինչդեռ, խոստացված միջազգային ստանդարտների փոխարեն՝ Վանաձորում շահագործվում է ընդամենը հինգ էլեկտրական ավտոբուս, իսկ Գյումրիում ընդհանրապես ոչ մի ներդրում, ևս հինգ ավտոբուս արդեն երկու տարի անշարժ կայանած է բաց երկնքի տակ։

Թե ուր է Եվրամիության 4 միլիոնը կամ ինչպես էր ծրագրի պատասխանատուն Նատալյա Լափաուրին ծրագիրը լիարժեք իրականացված համարում դեռ անցած տարի՝ անհայտ է։

Ծրագրի պատասխանատուն Վանաձորի համայնքապետարանն էր։ 2021-ին նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, հետագայում նաև նրան փոխարինած Արկադի Փելեշյանի ձևավորած աշխատակազմի առնվազն կեսը քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներն ու ընտանիքի անդամներն էին։ Իսկ խոշոր գնումներին առանց մրցույթի մասնակցել էին նրանց հետ փոխկապակցված ընկերությունները։ Լափաուրին այս բացահայտումներին ծիծաղով էր արձագանքել՝ պնդելով, թե չի իմացել աշխատակիցների ով լինելը. «Այսպես ասած` ներքին խոհանոց ես չեմ մտնում, ես չգիտեմ` որպես ծրագրի ղեկավար՝ ով ում կինն է, ով ում ամուսինն է»:

«Ազատության» հարցումներին ի պատասխան՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտնում էր ֆինանսական աուդիտներ իրականացնելու մասին՝ առանց հստակ մանրամասների.

«Եվրոպական միության ընթացակարգերին համապատասխան գնումների ողջ գործընթացն իրականացրել է Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմը։ Եվրամիությունը հաշվետվությունների ներկայացման հետ հսկողություն է իրականացնում որպես այս ծրագրի պատվիրատու մարմին: Եվրամիության պատվիրակությունը, բացի փաստաթղթերի ուսումնասիրությունից, մոտ ապագայում նախատեսում է լինել ծրագրի իրականացման վայրերում և տեղում ուսումնասիրել կատարվածը: Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը շատ լուրջ է վերաբերվում բոլոր իր ֆինանսավորվող ծրագրերին և մանրակրկիտ ստուգումներ է անցկացնում տարբեր մեխանիզմների միջոցով: Ուստի այս նախագծին նույնպես շատ լուրջ և ուշադիր հետևում ենք»,- այս պատասխանից ամիսներ անց՝ Վանաձոր այցելած եվրամիության ներկայացուցիչները հայտնվել էին ավտոտնակի նմանվող փոշոտ տարածքում, որտեղ ավտոդողերի ու ժանգոտ մետաղների կողքին փոշոտված դրված էր 100,000 եվրո արժողությամբ փողոցներ լվացող սարքը։

Անցած տարվա ամռանը Վանաձորում շահագործված ավտոբուսներում վճարումները մինչ օրս վարորդներն են ստանում, իսկ խոստացված աղբի վերամշակումից նշույլ անգամ չկա, թվային համակարգից՝ ևս։

Ըստ Եվրամիության պահանջների՝ տրանսպորտը պետք է լիներ եվրոպական ծագման, մինչդեռ «Ազատությունը» բացահայտել էր, որ չինական մասերով դրանք հավաքվել էին Հայաստանում։

«Ազատության» մի քանի հրապարակումներից հետո՝ Եվրամիությունը Վանաձորի քաղաքապետարանից պահանջել էր վերադարձնել 4 միլիոն եվրոյի 7,5 տոկոսը, շուրջ՝ 300,000 եվրո՝ պայմանագրի խախտումների և չհիմնավորված ծախսերի պատճառով։ Բայց քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը մերժել էր պահանջը։ Այդ մասին «Ազատությանը» գրավոր էին հայտնել, որտեղ նշվում էր.

«Եվրամիության կողմից «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակում օրենքով սահմանված կարգով իրականացվել է աուդիտ, որի եզրակացության մեջ կան վիճելի հարցեր։ Վանաձորի համայնքապետարանը չի համաձայնել ԵՄ աուդիտորական եզրակացության հետ, և սահմանված կարգով ներկայացրել է իր դիրքորոշումն ու առարկությունները։ Նշված հանգամանքներով պայմանավորված՝ տվյալ փուլում համայնքապետարանի կողմից որևէ գումարի վերադարձ չի իրականացվել և վերադարձման պարտավորություն չի առաջացել»:

«Ազատությանը» երեկվանից չի հաջողվում պարզել, թե ով է Նատալյա Լափաուրիի փաստաբանը։ Նրա ամուսնու՝ համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի հետ ևս կապ հաստատել չի հաջողվել, բայց ծրագրի ղեկավարը նախկին բոլոր հարցազրույցներում հերքել էր, թե խախտումներ են եղել։ Իրավապահները, մինչդեռ, այս տարվա գարնանը քրեական գործ հարուցեցին, որի շրջանակում էլ արդեն, փաստորեն, երկու մեղադրյալ կա։ «Ազատության» տեղեկություններով՝ երեկ հարցաքննության են կանչվել նաև քաղաքապետարանի գնումների բաժնի պետ Դավիթ Հակոբյանը և կոմունալ բաժնի պետի մայրը՝ Թամարա Հակոբյանը, որը նաև համայնքապետ Արկադի Փելեշյանի զոքանչն է։ Վերջինս, ըստ տեղեկությունների, իրեն պատկանող կիսափլուզված շինությունը վարձակալության է տվել Եվրամիության այս ծրագրին որպես գրասենյակ։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG