«Ազատության» տեղեկություններով՝ Եվրամիությունը հինգ տարի առաջ Վանաձորի համայնքապետարանին նվիրաբերած 4 միլիոն եվրոյի մի մասը՝ մոտ 300 հազար եվրոն հետգանձելու պահանջ է ներկայացրել՝ իր հետ կնքված պայմանագրի կետերը խախտելու, չկատարած պարտավորությունների ու չհիմնավորված ծախսերի համար:
Դեռ երկու շաբաթ առաջ համայնքապետարան հարցում էինք ուղարկել՝ արդյոք պատրաստվո՞ւմ են վերադարձնել եվրամիության պահանջած գումարը և ի՞նչ միջոցներից կարվի հետգանձումը: Արդյոք տեղական բյուջեի՞ց, թե՞ պաշտոնյաների անձնական գրպաններից կվերադարձվի անարդարացի ծախսերի պատճառով առաջացած պարտքը: Քաղաքապետարանից չեն հերքել, որ կա այդպիսի պահանջ, բայց մեկ ամիս հավելյալ ժամանակ են խնդրել հարցերին պատասխանելու համար:
«Տեղեկացնում ենք, որ ներկայացված հարցի ուսումնասիրման և համապատասխան գործընթացների ամբողջական իրականացման նպատակով, Ձեր հարցմանը կպատասխանվի 30-օրյա ժամկետում», - ասված է համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանի անունից «Ազատությանն» ուղարկված պատասխանում։
2021-ից Եվրամիությունը Վանաձորի համայնքապետարանին 4 միլիոն եվրո նվեր էր տվել՝ Հայաստանի երկրորդ ու երրորդ քաղաքներում՝ Գյումրիում ու Վանաձորում, նոր, էկոլոգիապես մաքուր տրանսպորտ և փողոցները մաքրելու ավելի հարմարավետ սարքեր ունենալու, աղբի վերամշակման հոսքագծեր և տեղեկատվական թվային համակարգ ստեղծելու, նաև ուսուցման ծրագրեր կազմակերպելու համար:
5 տարի է անցել, Գյումրիում այդպես էլ խոստացված 5 էլեկտրական ավտոբուսները չեն գործարկվել, վերամշակման հաստոցները, որոնք օրական մեկ տոննայից ավելի շինարարական սալիկ կարող են արտադրել, չկան: Մյուս բաղադրիչների ճակատագիրն անհայտ է:
Վանաձորում ավտոբուսները ուշացումով, բայց երթուղի դուրս եկան:
Չնայած այս ամենին՝ ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին դեռ մեկ տարի առաջ պնդում էր, թե ամեն ինչ հաջողությամբ ավարտվել է։
Լափաուրին բացառել էր որևէ շեղում Եվրամիության կանոններից՝ վստահեցնելով, որ միջազգային կառույցներն իրենց գործունեությունը դիտարկել են խոշորացույցով. «Որևէ խնդիր մենք ծրագրի ընթացքում չենք ունեցել»:
Այդ դեպքում ինչո՞ւ է ԵՄ-ն գումարի 7.5 տոկոսը ետ գանձելու պահանջ ներկայացրել։ «Ազատության» տեղեկություններով՝ կասկածի տակ է աշխատակիցների ընտրության թափանցիկությունը։ Ինչպե՞ս է ստացվել, որ ծրագրի 8 աշխատակիցների կեսը համայնքապետարանի պաշտոնյաների կանայք ու դուստրերն են։ Ինչո՞ւ են մրցույթներում հաղթել հենց նրանք, կամ ինչո՞ւ է յուրաքանչյուր աշխատանքի համար ընդամենը մեկ դիմորդ եղել։
Ծրագրի ղեկավարը պնդել էր, թե տեղյակ չի եղել, որ իր թիմակիցները պաշտոնյաների հարազատներն են. «Իրավական առումով ու նաև ընդհանրապես իրենց ընտանեկան ներքին խոհանոց ես չեմ մտնում, չգիտեմ որպես ծրագրի ղեկավար՝ ով ում կինն է, ով ում ամուսինն է»:
Կասկածելի են նաև խոշոր գնումները։ Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն ավելի վաղ նկատել էր՝ միջազգային հեղինակավոր ընկերությունները ծրագրին չեն մասնակցել, քանի որ հայտարարությունները տեղադրվել են բացառապես հայալեզու կայքերում՝ դառնալով անհասանելի արտասահմանյան կազմակերպությունների համար։
«Կոնկրետ iTender.am հայկական կայք է, որը չի կարող նաև համարվել միջազգային: Հետևաբար հարց է առաջանում՝ ենթադրենք վրացի կամ այլազգի ներկայացուցիչները ոնց են մուտք գործում ու գտնում ինչ-որ ինֆորմացիա կամ մասնակցում այդ տենդերներին», - ասաց Քոչանջյանը:
Դեռ անցած տարեվերջին Լոռու նախկին մարզպետ, վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը Վանաձորի Լոռի ՀԸ եթերում անդրադարձել էր Եվրամիության այս թանկարժեք ծրագրին, հայտարարել, թե իրավապահները քննություն են սկսել:
«Ես մանրամասնություններին չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ համապատասխան մարմինները, Հակակոռուպցիոն մարմինը դրանով զբաղվում են, ու սա նույնպես իրավական խնդիր է: Տարբեր խոսակցություններ եղել են, ես ուսումնասիրել եմ, բայց սա ոչ թե քաղաքական խնդիր է, սա իրավական խնդիր է», - նշել է նա
Դատախազությունը դեռ չի հաստատում այս տեղեկությունը, քաղաքապետարանն ու ծրագրի ղեկավարը լռում են։ Նատալյա Լափաուրին այսօր այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին: Պաշտոնյաների, ծրագրի ղեկավարների լռության պայմաններում անհասկանալի է՝ ո՞վ է վճարելու փաստացի կիսատ-պռատ արված ծրագրի ու խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատանքի ընդունելու գինը։