Մատչելիության հղումներ

Գյումրիին նվիրաբերած 5 ավտոբուսներն ինչու 1.5 տարի է՝ երթուղի դուրս չեն եկել


1.5 տարի առաջ Եվրամիության գրանտային ծրագրով հինգ էլեկտրական ավտոբուսներ հասան Գյումրի: Մեծ շուքով՝ փուչիկներով, կարմիր ժապավենով, շամպայն ցողելով քաղաքային նախկին իշխանությունները նվերն ընդունեցին ու շատ արագ երթուղի դուրս բերելու խոստում տվեցին: Ընթացքում քաղաքային իշխանությունը փոխվեց, իսկ գյումրեցիներն այդպես էլ այդ էլեկտրոավտոբուսների երեսը չտեսան:

Եվրամիությունը «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» 4 միլիոն եվրոյանոց ծրագրով միայն 1.7 միլիոն եվրո ծախսել էր տասը էլեկտրական ավտոբուսի վրա՝ 5-ը Գյումրիի, 5-ը՝ Վանաձորի համար: Բայց Գյումրիի ավագանին միայն 2025 թվականի օգոստոսին 2024-ին նվիրաբերված գույքն ընդունեց: Ինչո՞ւ դրանից 5 ամիս անց էլ ավտոբուսները երթուղի դուրս չեն եկել. պարզվում է նվիրաբերող կողմի՝ Վանաձորի համայնքապետարանի հետ նվիրաբերության պայմանագիրը դեռ չի կնքվել:

Թեև Եվրամիությունը ծրագիրն ավարտված է համարել, Գյումրիի քաղաքապետի խորհրդական Հովսեփ Սիմոնյանը պնդում է, որ իրենց ձեռքի տակ Եվրամիության այս ծրագրի վերաբերյալ փաստաթուղթ չկա:

«Համայնքում էդ ծրագրի հետ կապված փաստաթղթեր ընդհանրապես պահպանված չեն. թե այդ ծրագիրն իրենից ինչ է ներկայացնում։ Հիմա հասկանում ենք, որ, ճիշտ է, գույք է նվիրաբերվում, ինչի՞ մենք չվերցնենք, բայց կա մեկ պարզ բան, որ եթե դու գույքը վերցնում ես, և ինքը պահանջներ ունի, դու պետք է հասկանաս՝ վաղը մյուս օր դու խնդիր ես առաջացնելու համայնքին, թե՞ ավելի լավ պայմաններ ես ստեղծելու էդ համայնքի համար», - ասում է Գյումրիի քաղաքապետի խորհրդական Հովսեփ Սիմոնյանը:

Քանի որ հնարավություն չեն ունեցել մանրամասն ուսումնասիրելու ծրագիրը ու մտահոգություն ունեն, որ նվիրաբերվող գույքի հետագա շահագործման պարագայում հնարավոր է այլ պարտավություններ ի հայտ գան, առաջարկել են պայմանագրում հստակ ձևակերպել իրենց պարտավորությունները:

Գյումրիի քաղաքապետի խորհրդականի խոսքով.- «Մեր գործընկերներին տեղեկացրել ենք, որ մենք մեզ վրա վերցնում ենք մեկ պարտավորություն՝ դա տվյալ գույքերն իրենց նշանակության շահագործումն է։ Այլ պարտավորություններ մենք էսօր չենք վերցնելու, միանշանակ, այդ գույքերը պիտի օգտագործվեն իրենց նշանակության, այլ երրորդ կողմի պարտավորություն, այլ կառույցների պարտավորություն մենք էսօր չենք վերցնելու մեզ վրա»:

Ընդհանուր առմամբ 11 անուն գույք է նվիրաբերվելու Գյումրիի համայնքապետարանին. «Լիցքավորման կայաններ 2 տեսակի, մամլիչ սարք»,- ասում է քաղաքապետի խորհրդականը:

Եթե ավտոբուսներն ու լիցքավորիչ սարքերը Գյումրիի համայնքային ենթակայության ավտոպարկում են, նույն ծրագրով պլստմասե իրերի վերամշակման հոսքագիծը թե որտեղ է ու ինչ վիճակում, համայնքապետարանում նույնիսկ չգիտեն: Երբ ընդունենք գույքը, այդ ժամանակ էլ պարզ կլինի, ասաց քաղաքապետարանի պաշտոնյան:

Մեկ ու կես տարի առաջ հոսքագիծը այն արտադրած Գյումրիի «Քարհատ մեքենա» գործարանի տարածքում էր: Ընկերությունից ճշտեցինք, որ հոսքագիծը դեռ իրենց գործարանի տարածքում է, վնասված չէ, սպասում են, թե երբ են տանելու ու տարածքն ազատելու: Իսկ թե ուր են տանելու, քաղաքապետարանից այս հարցին գույքն ընդունելուց հետո կկարողանան պատասխանել:

Փաստացի Հայաստանի երկրորդ ու երրորդ քաղաքներում կանաչ ու կայուն կառավարում ստեղծելու 4 մլն եվրոյանոց ծրագրից Գյումրիում դեռ որևէ բաղադրիչ չի շահագործվում: Վանաձորում էլեկտրական ավտոբուսները անցած տարի երթուղի դուրս եկան՝ դարձյալ ուշացումով:

«Ազատությունն» անցած տարեվերջին Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից հետաքրքրվել էր, թե ինչ են պարզել ծրագրի ավարտից հետո անցրացրած իրենց աուդիտների արդյունքում: Պատվիրակությունից միայն հայտնել էին, թե աուդիտը դեռ չի ավարտվել՝ չբացահայտելով, թե նախորդների ընթացքում ինչ խախտումներ են հայտնաբերել

XS
SM
MD
LG