Վանաձորում և Գյումրիում Եվրամիության թանկարժեք ծրագրի ավարտից երկու տարի անց իրավապահները մի խումբ պաշտոնյաների կողմից համայնքներին հասցված խոշոր վնաս են արձանագրել ու քրեական վարույթ հարուցել։ Դատախազությունից այսօր հաստատեցին՝ գործը միանգամից 7 հոդվածով է՝ գույքի հափշտակումից մինչև փողերի լվացում ու փաստաթղթերի կեղծում։
Դեռ ամիսներ առաջ «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը գումարի հետգանձման պահանջ է ներկայացրել Վանաձորի քաղաքապետարանին պայմանագրի խախտումների և չհիմնավորված ծախսերի պատճառով։ Այդ ժամանակ խոսքը 4 միլիոն եվրո դրամաշնորհի շուրջ 7,5 տոկոսի մասին էր: Այժմ, «Ազատության» տեղեկություններով, երկու քաղաքներին հասցված վնասի չափը գնահատվում է շուրջ 2.5 միլիոն եվրո, այսինքն՝ ծրագրի ողջ գումարի կեսից ավելին:
Ամիսներ առաջ Եվրամիության պահանջի հետ Վանաձորի համայնքապետարանը համաձայն չէր։ «Ազատության» գրավոր հարցմանը համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը պատասխանել էր, թե վիճելի հարցեր կան. «Եվրամիության կողմից «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի շրջանակում օրենքով սահմանված կարգով իրականացվել է աուդիտ, որի եզրակացության մեջ կան վիճելի հարցեր: Վանաձորի համայնքապետարանը չի համաձայնել ԵՄ աուդիտորական եզրակացության հետ և սահմանված կարգով ներկայացրել է իր դիրքորոշումն ու առարկությունները: Նշված հանգամանքներով պայմանավորված՝ տվյալ փուլում համայնքապետարանի կողմից որևէ գումարի վերադարձ չի իրականացվել, և վերադարձման պարտավորություն չի առաջացել»:
Այսօր համայնքապետարանից հրաժարվեցին մեկնաբանել քրեական վարույթն ու միայն նշեցին, թե ներկայացրել են իրավապահների պահանջած բոլոր փաստաթղթերը:
Մինչ ծրագրի պատասխանատու Վանաձորի համայնքապետարանը հերքում է Եվրամիության արձանագրած խախտումները, տեղում փաստացի ձախողված են 5 տարի առաջ խոստացված էկոլոգիական տրանսպորտի, աղբի վերամշակման և թվային համակարգերի ներդրման ծրագրերը։
Դեռ 2020-ին նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի ձևավորած աշխատակազմում ընդգրկվել էին նրա կինը, աշխատակազմի ղեկավարի կինն ու խորհրդականի դուստրը։ Ասլանյանին փոխարինած Արկադի Փելեշյանը շարունակել էր այս գործելաոճը՝ գործի ընդունել մեկ այլ բաժնի պետի կնոջը:
Եվրամիությունը սա շահերի բախում է համարել, մինչդեռ ծրագիրն սկսած նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը խնդիր չի տեսնում. «Կներեք, իմ տիկնոջը ես չեմ ընդունել նյութական պատասխանատու պաշտոնում։ Եթե նրա աշխատանքների մեջ որևէ թերություն կա, կարող են այդ թերություններից խոսել, բայց հիմա ասենք, որ իմ կինն է, իրավունք չունի՞ աշխատի»։
Ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին ևս պնդում էր, թե տեղյակ չի եղել աշխատակիցների ազգակցական կապերից, թեև նրանց աշխատավարձը վճարվել է եվրոպական միջոցներից։
Կասկածների տեղիք է տալիս նաև տեխնիկայի ձեռքբերումը։ 1,7 միլիոն եվրոյով 10 էլեկտրական ավտոբուս մատակարարած «Սենա Մոթորս» ընկերության ներկայացուցիչը խոստովանել էր, որ պահեստամասերը բերվել են Չինաստանից և հավաքվել Հայաստանում։
Սա հակասում է Եվրամիության պահանջին, ըստ որի՝ տեխնիկան պետք է լիներ եվրոպական ծագման։ Չնայած այս հակասություններին՝ ծրագրի ղեկավարությունը դեռ մեկ տարի առաջ վստահեցնում էր, թե ամեն ինչ անցել է անթերի ու միջազգային կառույցի «խոշորացույցի» տակ։
Իսկ այսօր պատկերը հետևյալն է. Վանաձորում ավտոբուսները մասամբ երթուղի դուրս եկան մեծ ուշացումով, իսկ Գյումրիում այդպես էլ խոստացված 5 էլեկտրական ավտոբուսները չեն գործարկվել: Վերամշակման հաստոցները, որոնք օրական մեկ տոննայից ավելի շինարարական սալիկ պետք է արտադրեին, չկան: Մյուս բաղադրիչների ճակատագիրն անհայտ է:
Թե ինչպես է գոյացել 2,5 միլիոն եվրոյի վնասը, իրավապահները դեռ չեն բացահայտում: Քրեական հոդվածներով ենթադրյալ հանցանքը գործել են մի խումբ պաշտոնատար անձինք, եղել են նաև նրանց օժանդակողներ: Այս պահին, սակայն, պարզ չեն ենթադրյալ խախտումները թույլ տված պաշտոնյաների անունները: Դատախազությունից ասացին՝ այս գործով դեռ մեղադրյալներ չկան: