Ադրբեջանցի զինծառայողի կողմից Շաքի գյուղի իր տանը ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանի քրոջը զայրացրել է վարչապետի հարցազրույցը, որտեղ Նիկոլ Փաշինյանն, ըստ Արփի Ավետիսյանի, շատ թեթև էր ներկայացնում Շաքիում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցածը:
«Երևի պետք է ծածկեին, չմրսեր», - հեգնում է ծանր վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանի քույրը:
Արձագանքելով Փաշինյանի պնդմանը, թե ադրբեջանցին դիվերսանտ չէ, «գնացել այդ տանը քնել է, տան տերերը եկել են, հայտնաբերել են, էդ անսպասելիության, խառնաշփոթի մեջ տեղի է ունեցել էդ ամենը», Արփի Ավետիսյանը նշում է. - «Եթե մոլորված էր, չէր ուզում վնաս տալ, թող գնար հանձնվեր, ոչ թե ընտանիք դներ կոտորեր»:
Հակադարձելով Փաշինյանի այն պնդմանը, թե ադրբեջանցու «ավտոմատի պահունակը ամբողջական էր», Արփի Ավետիսյանը նշում է. - «Ամբողջական չի եղել, մի հատ փամփուշտ կրակել է, չի դիպել, 2-րդն ուզեցել է երեխու վրա կրակի, Անին զենքը փորձել է իջեցնի, էդ ժամանակ իր մատները, ոտքը վնասել է»:
Արփի Ավետիսյանը հարցնում է՝ եթե ադրբեջանցին այդքան խաղաղասեր էր, երեխաներին ինչո՞ւ էր պատանդ վերցնում. - «Եթե երեխաներին ազատ թողներ, չէր սպասի ծնողները գային, հասնեին, ինքը արդեն գնացած կլիներ»:
Արփի Ավետիսյանը «Ազատությանը» ավելի վաղ պատմել էր, որ մինչև Անի Ավետսիյանը Սիսիանից կհասներ Շաքի գյուղ, ադրբեջանցին 2 անչափահաս երեխաներին պատանդ է պահել: Հետո արդեն երբ մայրը տուն է հասել, տեսել է, որ զինծառայողը ուզում է կրակել երեխայի վրա, ձեռքով փորձել է պահել, կրակոցի հետևանքով կորցրել է ձեռքի 3 մատները, ազդրի ոսկորը փշրվել է: Տուժած կինը օրերս բարդ վիրահատություն է տարել, ևս երեքը դեռ առջևում են:
Ի դեպ, Արփի Ավետիսյանի խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողը այդ ժամանակ եղել է Անիի ավագ որդու շորերով, երբ երեխաներին պատանդ վերցրած է եղել, ցանկացել է փոխել շորերը, նորից հագնել իր զինվորական հագուստը, սակայն մտափոխվել է:
«Չպետք է ադրբեջանցին այստեղ ինչ ուզի անի, ասեն՝ մոլորվել է, հետ ենք տալիս». գերիների հարազատները փոխանակում են ակնկալում
Ադրբեջանական բանտերում տարիներ շարունակ պահվող հայ գերիների հարազատները ակնկալում են, որ Հայաստանի պետական սահմանը հատած ու Շաքիի բնակչուհուն ծանր հրազենային վնասվածք հասցրած ադրբեջանցի զինծառայողին հենց այնպես չեն արտահանձնի Բաքվին, այլ կփոխանակեն հայ գերիների հետ:
«Շատ-շատ կուզեի, որ փոխանակում լիներ: Շատ կուզենայի նաև, որ իրենք հասկանային, որ եթե մեր գերիները ոչ մի բան չեն արել, բայց Ադրբեջանում 20 տարուց մինչև ցմահ ազատազրկման են դատապարտվել, ապա չի կարող պատահել, որ ադրբեջանցի գա ու խաղաղ բնակչին վնասի ու իրենք բանտիկը կապեն վրան և հետ տան՝ ասելով, թե մոլորվել է: Դա ճիշտ չէ, հենց հիմա մարդը պայքարում է իր ոտքի համար»,- «Ազատությանն» ասաց գերիներից մեկի հարազատը՝ անանուն մնալու պայմանով:
Գերիների հարազատների համոզմամբ՝ իշխանությունները պետք է այս հնարավորությունն օգտագործեն Հայաստանի 19 քաղաքացիներին վերադարձնելու համար: