Մատչելիության հղումներ

«Պետք էր սպասել ոստիկաններին». Փաշինյանը՝ Շաքիի բնակչուհու գործողությունների մասին

Լրացված

«Հասկանում եմ, որ մայրական բնազդը ուժեղ է, բայց երբ ոստիկանություն են զանգում, պետք է սպասել ոստիկանության գործողություններին։ Պետք չէ ինչ-որ բաներ նկարագրել․․․»,- Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը՝ ըստ էության համարելով, որ այդ իրավիճակում, երբ զինված ադրբեջանցուն կինը տեսել էր իր տանը, ոչ թե պետք է պաշտպանվեր և պաշտպաներ իր երեխաներին, այլ սպասեր իրավապահների գործողություններին, որոնք ի դեպ մի քանի օր Հայաստանի տարածքում գտնված ադրբեջանցուն անգամ չէին հայտնաբերել:

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, որը, ըստ պաշտոնական Բաքվի, ինքնակամ լքել է Լաչինի զորամասը, հատել էր Հայաստանի հետ սահմանն ու մտել Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը: Տանտիրուհին, իր երկու անչափահաս երեխաներին զինվորից պաշտպանելիս, ոտքի ծանր հրազենային վիրավորում է ստացել, կորցրել ձեռքի մատները, ադրբեջանցի զինվորը հոկտեմբերի 1-ին ձերբակալվել է:

Նասիմի Մուսաևը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով:

«Ընդամենը կրիմինալ միջադեպ է»

Վարչապետի գնահատմամբ՝ տեղի ունեցածը ընդամենը կրիմինալ միջադեպ է, և այդպիսի միջադեպեր, ըստ նրա, Հայաստանում ամեն օր են լինում:

«Կինը զանգել է ոստիկանություն, տունը, որտեղ ադրբեջանցին մտել է, մարդիկ այդտեղից բացակա են եղել մի քանի օր: Հետո երեխաները եկել են, տեսել են տանն օտար մարդ կա, մայրիկը զանգել է ոստիկանություն, բայց մինչև ոստիկանությունը հասել է, մայրիկն ավելի շուտ է հասել: Եվ եթե ոստիկանության գալուն սպասեին, մեծ հավանականությամբ ոչինչ տեղի չէր ունենա», - պնդեց Փաշինյանը:

«Ադրբեջանցի զինծառայողը պատժի առնվազն մի մասը պետք է կրի Հայաստանում»

Արձագանքելով ընդդիմության քննադատություններին, թե այդ ի՞նչ անվտանգության երաշխիքներ է իշխանությունը ձևավորել, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է Հայաստանում, վարչապետը պատասխանեց. «Եթե դուք լինեիք իշխանություն, Շաքիի դեպքերի հետ կապված՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին լրջագույն փոխհրաձգություն էր լինելու»:

Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, շարունակեց պնդել, թե Սյունիքում անվտանգային խնդիրներ կան, մարդիկ վախենում են իրենց երեխաներին բակ թողնել։ Ապա պահանջեց, որ վարչապետը հայտարարի, թե ադրբեջանցուն չեն վերադարձնի Բաքու, և նա իր պատիժը կրելու է Հայաստանում։

«Գործը պետք է քննվի, որոշում կայացվի»

«Գործը պետք է քննվի, որոշում կայացվի, վճիռը մտնի օրինական ուժի մեջ, և պատժի կրման առնվազն մի մասը պետք է կրի Հայաստանում», - ասաց Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե ինչո՞ւ մի մասը։

Պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին ի պատասխան վարչապետը նշեց, թե տեղյակ չեն ադրբեջանցի զինվորը ինչպես է մտել Հայաստանի տարածք, ասաց՝ դա ցույց կտա քննությունն ու այդ զինվորի ցուցմունքը։

Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Լիաննա Գասպարյանի հարցին, թե ինչո՞ւ չեն նկարել և համացանցում տեղադրել ադրբեջանցի զինծառայողի ձերբակալության կադրերը, ինչպես անում են հայաստանյան շատ գործիչների դեպքում, վարչապետը հայտարարեց՝ ադրբեջանցի զինվորը ձեռքին հրազեն է ունեցել, բայց դիմադրություն ցույց չի տվել:

Վարչապետը պնդեց, թե հստակ տեղեկություն չունի՝ նկարահանում եղել է, թե ոչ, բայց ասաց՝ կճշտի և կասի: Իր կարծիքով՝ կադրեր չեն հրապարակել այն պատճառով, որ զինվորը վնասվածքներ է ունեցել:

«Նախկին դեպքերը նկատի ունենալով՝ ես մեր գործընկերներին խնդրել եմ խուսափել նման կադրեր հրապարակելուց: Մի բան կարող եմ հիմա վստահ ասել, որ ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, դիմադրություն ցույց չի տվել ընդհանրապես: Ինչքան հասկանում եմ որոշակի վնասվածքներ է ունեցած եղել, գուցե դա է պատճառը, որ կադրեր չեն հրապարակվել», - մանրամասնեց վարչապետը:

Ադրբեջանցի զինվորի վերաբերյալ ընդդիմության կրկնվող հարցերից հետո, Հայաստանի վարչապետը վրդովված անցավ սպառնալիքների:

«Աստված չանի մեր մի զինվոր մոլորված հայտնվի Ադրբեջանում, որովհետև ասում եմ՝ դիրքեր կան, որ իրարից 50 մետրի հեռավորության վրա են, ես այսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, զգուշացնում եմ: Եթե մեր մի զինվոր հայտնվեց այնտեղ և այս ամենի արտահայությունը մենք այդ զինվորի վրա տեսանք, ես ձեր քթից հանելու եմ այսօրվա ամեն արտահայտություն: Հենց ուղիղ սպառնալիք է, դուք սադրիչներ եք, սադրիչի դերում եք, հատ-հատ այս օրը հիշեցնելու եմ անհատապես բոլորիդ», - հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ ընդդիմադիրների հարցերից նյարդայնացած վարչապետը նաև մեղադրեց նրանց այդ թեմայով հարցերի և գնահատականների համար, ապա նշեց, թե այդ քննարկմամբ բացառվեց այն, որ ինչ-որ հայ զինվոր անցնի Ադրբեջան ու «հանցագործություն» գործած չլինի:

«Թերացումներ եղել են, դրանք ունեցել են և կունենան հետևանքներ». Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, որ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման մասով մանրամասն տեղեկություն հնարավոր կլինի տրամադրել ծառայողական քննությունների և քննչական գործողությունների անցկացումից հետո՝ չհստակեցնելով, թե որ գերատեսչություններում է անցկացվում ծառայողական քննություն:

«Նա դիվերսանտ չէր»

«Թերացումներ եղել են, դրանք ունեցել են և կունենան հետևանքներ, բայց դրա ամբողջական հետևանքների մասին կարող ենք խոսել ծառայողական քննությունից հետո», - նշեց Պապիկյանը:

Նախարարը, սակայն, առանց իր նշած քննության արդյունքներին սպասելուն պնդեց՝ տեղի ունեցածը դիվերսիա չէր. «Նախ նա դիմադրություն ցույց չի տվել, երբ ՀՀ պատկան մարմինները նրան ձերբակալելիս են եղել, դա ցուցիչ է նրա, որ նա դիվերսանտ չէր»:

Ներթափանցման դեպքից մի քանի օր անց գեներալ-մայոր Դավիթ Սանամյանը ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից: Սանամյանի հիմնական պատասխանատվության ուղղությունը ԱԱԾ Սահմանապահ զորքերի համակարգումն ու վերահսկողությունն էր։ Առայժմ պաշտոնապես որևէ մեկնաբանություն չկա, արդյոք այս պաշտոնանկությունն ուղիղ կապվա՞ծ էր ադրբեջանցի զինծառայողի Շաքի ներթափանցման հետ:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG