«Ազատություն»ը վերջին օրերին մի շարք դեպքեր է արձանագրել, երբ աշխատանքային ժամին ընթացող իշխող ուժի քարոզարշավին ներկա են պետական ու համայնքային ծառայողներ, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, տնօրեններ: Նրանք հաճախ չեն էլ թաքցնում, որ տնօրեն են, ուսուցիչ կամ համայնքային ծառայող:
Երկու օր առաջ Սպիտակի քաղաքապետը գրեթե ամբողջ թիմով էր եկել քարոզարշավին: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը հրաժարվում էր պատասխանել «Ազատության» հարցերին: Համայնքապետի տեղակալին էլ զայրացրել էր հարցը՝ թե արդյո՞ք աշխատանքի չէ:
Մինչդեռ Ընտրական օրենսգիրքը սահմանում է. - «Արգելվում է տրանսպորտային ու կապի միջոցների, նյութական և մարդկային ռեսուրսների օգտագործումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով։ Արգելվում են նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս»:
Այսօր էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին պատկերը նույնն էր:
«Ականատես» դիտորդական առաքելությունը նույնպես ձեռքի տակ արգելված քարոզչության և վարչական ռեսուրսի կիրառման բազմաթիվ փաստեր ունի: Կազմակերպության իրավաբան Դավիթ Գյուրջյանն «Ազատությանն» ասաց՝ այս ամենն ամբողջացնելու են ու դիմելու Վարչական դատարան:
«Իրանց արգելվում է քարոզչություն իրականացնել աշխատանքային ժամերին կամ նույնիսկ աշխատանքային ժամերից դուրս, երբ որ իրենք գործում են ի պաշտոնե: Հիմա տվյալ դեպքում իրենք երբ որ ներկայանում են որպես ուսուցիչ, երբ որ իրենք ներկա են, բոլորի համար տվյալ տեղանքում, տվյալ հավաքի ժամանակ իրենք իդենտիֆիկացվում են որպես տնօրեն, ուսուցիչ և այլն, ուսումնական հաստատության աշխատակից, իրենք համարվում է, որ քարոզչություն են իրականացնում՝ անկախ նրանից՝ իրենք բեմի վրա ինչ-որ քարոզ անում են, թե ոչ. դու օգտագործում ես քո դիրքը էդ կուսակցության օգտին», - նշեց Գյուրջյանը:
Այս ամենը կդիտարկվի՞ արդյոք որպես վարչական ռեսուրսի օգտագործում, ինչն Ընտրական օրենսգրքի խախտում է և վարչական պատասխանատվություն է ենթադրում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով տուգանք՝ կախված զբաղեցրած դիրքից:
Մեկ շաբաթ առաջ Արագածոտնում «Քաղաքացիական պայմանագրի» հավաքներին ուսուցիչների ու աշակերտների մասնակցությունից երկու օր անց «Միասնության թևեր»-ի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը մի ձայնագրություն էր հրապարակել, որտեղ լսվում էր, թե ինչպես է դասախոսը ուսանողներին հորդորում մասնակցել Արմավիրում Նիկոլ Փաշինյանի գլխավորած հավաքին: Կինն ասում էր, թե «հանձնարարվել է մաքսիմում շատ լինել հրապարակում»:
«Էնպես չլինի, որ ես գնամ կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ իմ երկու խմբից ոչ մեկ չկա: Նայեք, տեսեք, ես պիտի իմ տնօրինության երեսը պարզ անեմ, դուք էլ՝ իմ: Ասվել ա՝ գնում ենք հրապարակ, եղա՞վ... ով, որտեղ, երբ գնա-չգնա, ժամը 5-ին՝ հրապարակ», - ասում էր դասախոսը:
Նախկին ՄԻՊ-ը պնդել էր, թե վարչական ռեսուրսի կիրառման համակարգված մեխանիզմ են գործի դրել: Կասկածներ ուներ, թե հակադրանք է եղել ուսանողների նկատմամբ, ու դիմել էր Դատախազություն: Այսօր իրավապահ կառույցից ասացին՝ հաղորդմանը ընթացք են տվել, բայց դեռևս քրեական գործ հարուցել- չհարուցելու մասին որոշում չունեն:
Նաև դիտորդներն էին ահազանգել Արագածոտնում դասի ժամին ուսուցիչների ու աշակերտների՝ իշխող ուժի քարոզչությանը զանգվածաբար մասնակցելու մասին: Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե վարչական ռեսուրսի կիրառումն իր համար անընդունելի է, սակայն իրավական գործընթաց մինչ այս պահը չի սկսվել: Հայտարարվել էր միայն ծառայողական քննության մասին, աշխատանքից ազատման դիմումներ էին գրել չորս դպրոցների տնօրենները.
«Մենք հիմա ծառայողական քննություն կիրականացնենք, և այնտեղ, որտեղ պարզվի, որ ապօրինի հրահանգ է եղել, միանշանակ կազատվեն: Մենք ոչ միայն հրահանգ չենք տվել, որպեսզի այդպիսի բան լինի, այլև խստորեն հրահանգել ենք բացառել նման երևույթները», - վստահեցրել էր վարչապետը:
Այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ևս ասացին, որ ծառայողական քննության մասին նորություններ չկան: