Մատչելիության հղումներ

«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին». Փաշինյանը՝ ՔՊ վարչապետի թեկնածու

«Քաղաքացիական պայմանագիրն» այսօր անցկացրեց 8-րդ արտահերթ համաժողովը, որի ընթացքում կուսակցականները միաձայն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը հաստատեցին վարչապետի պաշտոնում:

Բացի այդ հաստատվեց նաև կուսակցության նախընտրական ցուցակն ու կուսակցության նախընտրական ծրագիրը, որն արդեն հրապարակված է։ «Քաղաքացիական պայմանագրի» առանցքային անդամները ելույթներ ունեցան, և նրանց ելույթների առանցքում հիմնականում խաղաղությունն էր, պնդում էին, որ խաղաղություն է հաստատված և այն պետք է պահպանել: Նախարարներն էլ իրենց ելույթներում անդրադառնում էին իրենց ոլորտներում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես իրենք էին պնդում՝ դրանք բազմաթիվ են:

Վարչապետ Փաշինյանի ելույթը ևս կառուցված էր խաղաղության շուրջ: Նա պնդեց, որ հաստատված խաղաղությունը խնամքի կարիք ունի, և որպեսզի խաղաղությանը ոչինչ չսպառնա, կրկին կարևորեց խորհրդարանական առաջիկա ընտրությունների արդյունքները։

«Ինձ համար ակնհայտ է, որ 2026 թ-ի հունիսի 7-ի ընտրություններում էլ պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին: Եվ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունից մեծ կտորը մնալու է ականջը, որը, տվյալ դեպքում, նկատի ունեմ Կտրիճ Ներսիսյանը»,- շեշտեց Փաշինյանը:

Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը. Սիմոնյան

«Քաղաքացիական պայմանագրի» արդեն հրապարակված նախընտրական ծրագրում բազմաթիվ խոստումներ են տրված քաղաքացիներին և ամբողջը կառուցված է կուսակցության վերջին 1, 2 տարվա հայտարարությունների հիման վրա: Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում նշեց, որ նախընտրական ծրագրի վրա աշխատել են վարչության անդամներն ու կառավարության կուսակցական անդամները։

Նախընտրական ծրագրի առանցքային կետերից մեկն այն էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հենց ծրագրում ամրագրել է այն, որ կարևոր անելիքներից մեկը լինելու է կաթողիկոսի հեռացումը։ Իշխող ՔՊ-ն արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ լծված է այս գործին, բայց այստեղ դեռևս որևէ կոնկրետ արդյունքի չեն հասել և որոշել են սա ամրագրել նաև իրենց նախընտրական ծրագրում, որտեղ նշված է, որ կաթողիկոսին պետք է հանգստի կոչել և հետո ընտրել տեղապահ, հետո կանոնադրություն և նոր կաթողիկոսի ընտրություններ: Այս ամենը ձևակերպվում և ներկայացվում է որպես եկեղեցու բարենորոգման ծրագիր։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր բացատրեց, թե ինչու են որոշել այս դրույթը ամրագրել նաև իրենց նախընտրական ծրագրում։

«Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը: Էն թմբկահարումները, դոշ ծեծոցիները, որ Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպանում էին, պետք է պաշտպանեն հենց նման մարդկանցից»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Եվ չնայած հոգևորականների վերաբերյալ իշխանականների այս պնդումներին, Ազգային ժողովի ընտրություններից երեք ամիս առաջ հրապարակված Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման արդյունքների համաձայն՝ Հայաստանում քաղաքացիներն ամենից շատ գոհ են Զինված ուժերի ու Հայ Առաքելական եկեղեցու աշխատանքից: Ըստ էության այդ հարցումներով եկեղեցու վարկանիշը բարձր է նաև անցած տարվա համեմատ։

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» համաժողովին և նաև նախընտրական ցուցակին, նշենք, որ մի քանի ամիս շարունակ կուսակցությունն այս ուղղությամբ աշխատում էր, ներկուսակցական ընտրություններ էին կազմակերպում, վարչությունն էր տարբեր թեկնածուների լսում, տարբեր գործընթացների արդյունքում ցուցակն արդեն ձևավորված է։

Կուսակցության վարչության անդամ Հասմիկ Հակոբյանն այսօր ներկայացրեց, թե իր պատկերացմամբ ինչ ստանդարտներով են առաջնորդվել կուսակցականները ցուցակի ձևավորման համար իրենց քվեարկությունը կատարելիս։

«Մեծ հաշվով, դա գնահատական է նախորդիվ շրջանում գործիչների գործունեությանը։ Եվ դուք միայն հանրային գործունեություն մի պատկերացրեք, նաև կուսակցական գործունեություն կա»,- ասաց Հակոբյանը:

Պուտին-Փաշինյան բանակցությունների մասին

Այսօրվա համաժողովից բացի «Քաղաքացիական պայմանագրի» անդամները խոսեցին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մասնավորապես նշեց, որ ինքը հպարտությամբ էր հետևում Պուտին-Փաշինյան բանակցություններին և պնդեց, որ Նիկոլ Փաշինյանն այնտեղ ներկայացել է որպես անկախ և ինքնիշխան պետության ղեկավար:

Այդ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահը վարչապետ Փաշինյանին հիշեցնում էր ԵԱՏՄ-ից Հայաստանի ստացած օգուտներից նաև ընդգծում և կրկին հիշեցնում էր, թե որքան էժան են Հայաստանին գազ վաճառում՝ ի տարբերություն մյուս երկրների։ Լրագրողներն այսօր Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Վլադիմիր Պուտինի այս մեկնաբանությունները, ինչպես նաև փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկինը, նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանին զգուշացնում կամ ակնարկում է գազի գնի թանկացման կամ այլ խնդիրներ ստեղծելու մասին, Ազգային ժողովի նախագահն ի պատասխան հայտարարեց, եթե որևէ փոփոխություն այդ առումով տեղի ունենա, ապա Հայաստանն էլ կլքի այն կառույցները, որոնց անդամակցում է.

«Նման խոսակցությունները նոր չեն, և օրինակ՝ ապրանքների հետ կապված, գազի գնի հետ կապված, տարիներ շարունակ եղել են և պետք է ասեմ, որ էդ պարագայում, եթե նրանք նման որոշում կկայացնեն, Հայաստանի Հանրապետությունն էլ իր որոշումը կկայացնի և դուրս կգա վերջնականապես թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵԱՏՄ-ից և մնացած կառույցներից, բայց չեմ կարծում, որ դրան կգնա, կհասնի»,- ասաց ԱԺ նախագահը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ավելի քան մեկ տարի է, ինչ ընդունել է Եվրամիության անդամակցության մասին օրենքը, սակայն այս ուղղությամբ մինչ օրս որևէ առարկայական քայլ արված չէ։ Հայաստանի վարչապետն այս հարցին մշտապես անդրադառնալիս հետևյալ բացատրությունն է տալիս՝ նշելով, որ Հայաստանը նախ պետք է իր շուկան համապատասխանեցնի Եվրամիության ստանդարտներին, հետո արդեն, երբ հասունանա ընտրություն կատարելու պահը, ապա ընտրությունը կկատարվի, և եթե անգամ Եվրամիությունը Հայաստանին չընդունի, ապա կարձանագրեն այն, որ Հայաստանն ունի բարձր ստանդարտներին համապատասխանող ապրանքներ։

Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի այս հարաբերություններն ակնհայտ դուր չեն գալիս Մոսկվային. այնտեղից պարբերաբար հայտարարություններ են հնչում, որ Հայաստանը, ի վերջո, պետք է ընտրություն կատարի և հասկանա, որ այդ երկու կառույցները համատեղել հնարավոր չէ, և նույնիսկ վարչապետի մոսկովյան վերջին այցից հետո, փոխվարչապետ Օվերչուկը նշել էր, որ Հայաստանը մոտենում է այն կետին, որից հետո իրենք ստիպված են լինելու Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները վերանայել։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից փորձեցինք հասկանալ՝ եթե Հայաստանը հայտարարում է գազի գնի թանկացման դեպքում ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը լքելու մասին, արդյոք կան հաշվարկներ, թե այդ դեպքում Հայաստանի տնտեսությունն ի՞նչ վիճակում կհայտնվի և այդ հնարավոր ռիսկերը ինչպե՞ս են չեզոքացվելու։

«Ես կարծում եմ, որ իրականում գազի գինը չի փոխվի, որովհետև Հայաստանը, կարծում եմ, գործընկերներին անհրաժեշտ է, որ մնա և՛ ՀԱՊԿ-ում, և՛ ԵԱՏՄ-ում: Իսկ եթե պետք է Հայաստանը չստանա այդ օգուտները, ապա այդ պարագայում ինչո՞ւ պետք է մնա այդ միության մեջ։ Կսկսվի այլ միության մեջ գործընթաց ավելի արագացված կերպով։ Իսկ ի՞նչ է եղել Հայաստանի հետ մինչև ԵԱՏՄ-Ն: Ոչ մի բան, այսինքն, ըստ էության, էնպես չի, որ ԵԱՏՄ մտնելուց հետո Հայաստանի տնտեսությունում ինչ-որ աստղաբաշխական աճեր են արձանագրվել: Նույնիսկ 16-ին աճ չենք ունեցել»,- ասաց Էկոնոմիկայի նախարարը:

Գևորգ Պապոյանը կարճ անդրադարձավ նաև երկաթուղու հարցին։ Ավելի վաղ արչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարման բերումով կորցնում է իր մրցակցային առավելությունները և հայտարարել էր այդ կառավարման իրավունքը ռուսական կողմից վերցնելու և որևէ այլ 3-րդ երկրի փոխանցելու մասին: Սակայն մոսկովյան բանակցություններից ակնհայտ դարձավ, որ ռուսներն այդ սցենարին դեմ են, և նրանք չեն ցանկանում հրաժարվել երկաթուղու կառավարումից, և Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ իրենք չեն պատրաստվում գնալ պայմանագիրը միակողմանի խզելու ուղղությամբ: Թե ինչպես կհանգուցալուծվի այս հարցը, Գևորգ Պապոյանն այսօր հայտարարեց, որ քննարկումները պետք է շարունակվեն, թեև վարչապետի այցից հետո փոխվարչապետ Օվերչուկը նշել էր, որ որևէ պատճառ չեն տեսնում երկաթուղու իրավունքը վաճառելու որևէ այլ երկրի։

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG