Մատչելիության հղումներ

IRI. «Քաղաքացիական պայմանագրի» օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 24 տոկոսը»

Եթե խորհրդարանական ընտրությունները նշանակված լինեին հաջորդ կիրակի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների 24 տոկոսը։ Սա են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի կողմից այսօր հրապարակված հարցման արդյունքները։

Փետրվարի 3-ից 13-ը Հայաստանի 1500 քաղաքացիների շրջանում անցկացված այս հարցման համաձայն՝ 2025 թվականի ամռան համեմատ «Քաղպայմանագրի» վարկանիշը աճել է շուրջ 7 տոկոսով։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի ընտրազանգվածի հիմնական կորիզը, ըստ հետազոտության, տարեցներն ու մարզերի բնակիչներն են։

Այսպես, 18-ից 35 տարեկանների շրջանում իշխող կուսակցության օգտին պատրաստվում է քվեարկել միայն 12, իսկ 36-ից 55 տարեկանների շրջանում՝ 24 տոկոսը։ Փոխարենը 55-ից բարձր տարիքային խմբում իշխող կուսակցության օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել ընտրողների 34 տոկոսը։

Երևանում «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը, ըստ IRI-ի հարցման, 15 տոկոս է։ Մյուս քաղաքների բնակչության շրջանում այդ ցուցանիշը հասնում է 25, իսկ գյուղերում՝ 31 տոկոսի։

Ընդդիմության մասին

Ինչ վերաբերում է ընդդիմությանն, ապա երկրորդ տեղում է «Տաշիր» գրուպի սեփականատեր, այժմ տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանի աջակիցներին միավորող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Եթե ընտրությունները կայանային գալիք կիրակի, ապա այս նորաստեղծ ուժի օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների 9 տոկոսը։ Ի տարբերություն «Քաղպայմանագրի», «Ուժեղ Հայաստանի» քվեները հավասարաչափ են բաշխվում թե՛ տարիքային տարբեր խմբերում և թե՛ Հայաստանի տարբեր շրջաններում։

Երիտասարդների շրջանում Սամվել Կարապետյանի կուսակցության վարկանիշը 10 տոկոս է, միջին տարիքի և տարեց քվեարկողների շրջանում՝ 9։ Երևանում կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 10, մարզային քաղաքներում և գյուղերում՝ 9 տոկոսը։

Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման համաձայն՝ երրորդ տեղի համար պայքարում են Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն։ Այս ուժերի օգտին փետրվարի սկզբի դրությամբ պատրաստ էր քվեարկել հայաստանցի ընտրողների երեքական տոկոսը։

Մյուս ուժերը, այդ թվում՝ «Դոգ» մականունով հայտնի նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի կուսակցությունը, Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետությունն» ու Արման Թաթոյանի «Միասնության թևերը», հարցման համաձայն մեկական տոկոս են հավաքում։

Հետազոտության մասնակիցների զգալի մասը՝ 30 տոկոսը, կամ չի որոշել դեռ, թե ում օգտին է քվեարկելու, կամ էլ դժվարացել է պատասխանել։ Ընդհանուր առմամբ, սակայն, հարցվածների 68 տոկոսը պնդել է՝ հունիսի 7-ին գնալու է ընտրատեղամաս։

Քաղաքական գործիչներից ո՞ւմ են ամենից շատ վստահում Հայաստանի քաղաքացիները

Հետազոտության հեղինակները նաև փորձել են պարզել՝ քաղաքական գործիչներից ո՞ւմ են ամենից շատ վստահում Հայաստանի քաղաքացիները։ Առաջին տեղում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է՝ 20 տոկոս վարկանիշով։ Փաշինյանին, ի դեպ, ամենաքիչը վստահում են երիտասարդ ընտրողները՝ ընդամենը յոթ տոկոսը։

Հայաստանցիների շրջանում վստահության մակարդակով երկրորդ տեղում է միլիարդատեր Սամվել Կարապետյանն է։ Նրան վստահում է հայաստանցիների 10 տոկոսը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վստահում է ընտրողների 5, Գագիկ Ծառուկյանին՝ 4 տոկոսը։

Հայաստանցիների վերաբերմունքը Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ

Միջազգային հանրապետական ինստիտուտի մասնագետները այս հետազոտության ընթացքում չեն սահմանափակվել միայն ընտրությունների թեմաներով՝ փորձելով նաև պարզել հայաստանցիների վերաբերմունքը Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ։

Նախորդ՝ 2025-ի հունիսին արված հարցման համեմատ եկեղեցու վարկանիշը կրկին աճել է։ Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 61 տոկոսը՝ 2025 թվականի հունիսին արձանագրված 58 տոկոսի համեմատ։ Եկեղեցու վարկանիշը բարձր է հատկապես երիտասարդների շրջանում՝ 69 տոկոս։

TRIPP նախագծի մասին

Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված հարցման հեղինակները անդրադարձել են նաև վերջին ամիսների գլխավոր իրադարձություններից մեկին՝ TRIPP նախագծի կամ այսպես կոչված «Թրամփի ուղու» իրագործմանը։ Հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ հայաստանցիների մեծամասնությունը TRIPP-ի գործարկմանը կամ դեմ է կամ էլ առնվազն լուրջ վերապահումներ ունի։

Հարցվածների 34 տոկոսը կտրականապես դեմ է նախագծի կյանքի կոչմանը, ևս 13 տոկոսը՝ մասամբ է դեմ։ Նախագծին միանշանակորեն կողմ է հարցվածների 24, մասամբ՝ 20 տոկոսը։

TRIPP -ի հանդեպ ամենից դրական են տրամադրված տարեցները, ամենաբացասաբարը՝ երիտասարդներն ու միջին տարիքի հարցվածները։

Արդյոք երկիրը շարժվո՞ւմ է ճիշտ ուղղությամբ

Իսկ ի՞նչ կարծիքի են Հայաստանի բնակիչները՝ արդյոք երկիրը շարժվո՞ւմ է ճիշտ ուղղությամբ։ Հարցվածների 47 տոկոսի համոզմամբ՝ Հայաստանը շարժվում է ճիշտ, 41 տոկոսի պնդմամբ՝ սխալ ուղղությամբ։

Եվ եթե երիտասարդների և միջին տարիքի հայաստանցիների շրջանում այս հարցում երկու տեսակետների կողմնակիցները թիվը գրեթե հավասար է, ապա տարեցների շրջանում տրամադրությունները անհամեմատ ավելի լավատեսական են։ 56-ից բարձր հայաստանցիների կեսից ավելին՝ 55 տոկոսը վստահ է՝ երկիրն ընդհանուր առմամբ ճիշտ ուղղությամբ է շարժվում։


XS
SM
MD
LG