Մատչելիության հղումներ

Փաշինյանի կառավարության առաջին ոստիկանապետ Օսիպյանը՝ մեղադրյալ «Մարտի 1»-ի գործով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարության առաջին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, հուլիս, 2018թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարության առաջին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, հուլիս, 2018թ.

Փաշինյանի կառավարության առաջին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Մարտի 1»-ի գործը վերաբացվելուց յոթ տարի անց մեղադրյալ է: Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ նրան մեղադրանք առաջադրեց 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների ժամանակ Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար:

Պաշտոնաթող բարձրաստիճան ոստիկանը 2008-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանի տեղակալն էր: Մելքոնյանը ևս մեղադրյալի կարգավիճակ ունի: Երկուսն էլ ստորագրություն են տվել չբացակայելու մասին: Նրանց հետ կապ հաստատել «Ազատությանը» չի հաջողվում`պարզելու՝ ընդունո՞ւմ են մեղադրանքը, թե՞ ոչ:

Իրավապահները չեն մանրամասնում, թե ինչո՞ւ Փաշինյանի կառավարության առաջին ոստիկանապետը միայն հիմա հայտնվեց իրենց թիրախում՝ փաստացի «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության գալուց գրեթե ութ տարի հետո և խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Արդյոք չի՞ անցել այս մեղադրանքի վաղեմության ժամկետը, սա ևս պարզ չէ:

«Օսիպյանը կլան չունի». վարչապետ

«Ես հույս ունեմ, որ պարոն Օսիպյանը կարդարացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հույսերը», - տարիներ առաջ հայտարարել էր Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնում առաջադրած վարչապետը:

«Վալերի Օսիպյանը նաև որևէ կլանի անդամ չէ, այդ թվում՝ ոստիկանական կլանի անդամ». - Նիկոլ Փաշինյանն իր որոշումը բացատրելիս պնդել էր, թե Օսիպյանը ներքաշված չէ կոռուպցիոն որևէ պատմության մեջ, և այդ նշանակումը հաշտության խորհուրդ ունի՝ հեղափոխության օրերին իրենց փշալարերն էին բաժանում, հիմա արդեն դրանք չպետք է լինեն, ասել էր: «Մարտի 1»-ի իրադարձություններում Օսիպյանի ներգրավվածության մասին այդ դեպքերի մասնակից Փաշինյանը որևէ կերպ չէր անդրադարձել:

«Նա այդ դիրքում հայտնվել է նաև այն պատճառով, որ որևէ կլանի անդամ չէ և կոռուպցիոն համակարգի մաս չէ, և կոռումպացված, կոռուպցիոն համակարգի ներկայացուցիչները կարողացել են այդ սևագործ աշխատանքից խուսափել՝ իրենց հովանավորյալների շնորհիվ, և, այսպես ասած, տանիք չունեցող մեկը հայտնվել է էդտեղ», - հայտարարել էր վարչապետը:

Այս հաշտությունը, սակայն, տևեց մեկուկես տարի: Ոստիկանապետի պաշտոնից բարձրաստիճան ոստիկանը տեղափոխվեց վարչապետի աշխատակազմ, բայց վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում մնաց ընդամենը երեք շաբաթ: Պաշտոնապես այդպես էլ բացատրություն չտրվեց, թե ինչու Օսիպյանը հեռացվեց Փաշինյանի կաբինետից:

«Մարտի1»-ով, չեմ բացառում, կան և, այո, կան ոստիկաններ, որովհետև եղել են ընդգրկված շատ մեծ քանակի անձնակազմ, տարբեր ստորբաժանումներ, բայց դա չի նշանակում՝ բոլորը ենթակա են պատասխանատվության կամ առհասարակ ենթակա են պատասխանատվության», - 2008-ի իրադարձությունների վերաբերյալ ասել էր Վալերի Օսիպյանը: - «Զենք-զինամթերք չեմ տեսել, բայց փայտեր և այլը, տենց, բոլորս էլ տեսել ենք»:

«Կատարել եմ բոլորը օրենքի սահմաններում, անգամ ֆիզիկական ուժ եմ կիրառել մեր համաքաղաքացիների նկատմամբ օրենքի սահմաններում: Եթե կան քաղաքացիներ, որոնք, անհամաչափ է եղել, կամ տուժվել են, կամ, դե քաշքշուկ է, հնարավոր է էդ ստեղծված իրավիճակում, ես ներողություն եմ խնդում մեր համաքաղաքացիներից». - ոստիկանապետի պաշտոնում Օսիպյանի այս խոսքերն էլ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխության օրերի մասին էին: Նա այն ժամանակ ասել էր, թե առհասարակ՝ եթե որևէ ոստիկան, այդ թվում և ինքը, երբևէ ապացուցվի, որ օրենք են խախտել, կենթարկվեն պատասխանատվության. - «Օրենքի առջև բոլորը հավասար են»:

Տասը մարդու կյանք խլած Մարտի 1-ի իրադարձությունների մասին նախկին ոստիկանապետը զգուշավոր պատասխաններ էր տվել: Այդպես էլ չէր ասել, թե 2008-ի գարնանը ոստիկանությունն արդյո՞ք կրակելու հրաման ստացել է, և առհասարակ՝ այս գործով առանցքային մեղադրյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ոստիկաններին հրաման եղե՞լ է:

Ըստ գործի, 2008-ի մարտին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները կեղծել և շրջանառության մեջ էին դրել փաստաթղթեր, թե իբր փետրվարի 29-ին ստացել են տեղեկություններ, որ Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցների մոտ կա զենք-զինամթերք, պայթուցիկ սարքեր: Օսիպյանը տարիներ առաջ, ոստիկանապետի պաշտոնում այդպես էլ չէր հստակեցրել՝ լուսաբացին ցուցարարները դիմադրո՞ւմ էին: Ասել էր՝ ինքը հասարակական կարգն ապահովելու հրաման էր ստացել:

«Հիմա Կառավարության դեմը բազմաթիվ քաղաքացիներ կան հավաքված: Հիմա, ենթադրենք, պայմանականորեն, դուրս եկան Տիգրան Մեծ փողոցը փակեցին, ոստիկանները մոտենան, պահանջեն փողոցը բացել, բնական է՝ հրաժարվելու են բացել: Ավտոմատ քաշքշուկ է ստեղծվելու, դիտվելու է դա որպես քաշքշուկ, թեպետ ոստիկանությունը օրինական գործողություն է իրականացնելու, և չբացառենք, որ օրենքով նախատեսված կարգով կարող է ֆիզիկական ուժ կիրառել», - հայտարարել էր Վալերի Օսիպյանը:

Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից անցել է գրեթե 18 տարի: Այս գործը, ըստ էության, դեռ բացահայտված չէ, քննությունը շարունակվում է

XS
SM
MD
LG