«Մարտի 1»-ի գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին և Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
«Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ, փոխանցում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց», - հայտնում են գերատեսչությունից:
Տվյալ ժամանակաշրջանում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Մելքոնյանը, նրա տեղակալինը՝ Վալերի Օսիպյանը:
2008 թվականի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ 10 մարդ է զոհվել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անցած տարվա սեպտեմբերին հրապարակած վճռով արձանագրել է, որ զոհերի մեծ մասի դեպքում Հայաստանը խախտել է նրանց կյանքի իրավունքը։
Հայաստանի երկրորդ նախագահն ու նրա երեք բարձրաստիճան ենթակաները «Մարտի 1»-ի գործով չորս տարի առաջ արդարացվեցին, սակայն մեկ տարի առաջ գործը վերաբացվեց, անցած ամիս էլ Հակակոռուպցիոն դատարանի դատավորը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ նոր մեղադրանքի որոշումները: