Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի գործ․ նախկին բարձրաստիճան ոստիկանները ստորագրություն են տվել երկրից չհեռանալու մասին

Վալերի Օսիպյանը ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնում, արխիվ
Վալերի Օսիպյանը ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնում, արխիվ

«Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալներ, նախկին բարձրաստիճան ոստիկանները ստորագրություն են տվել երկրից չհեռանալու մասին՝ «Ազատությանը» փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Այդ շրջանում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանը և նրա տեղակալ Վալերի Օսիպյանը մեղադրվում են 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների ժամանակ Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար:

Նրանց հետ կապվել չի հաջողվում պարզելու՝ ընդունո՞ւմ են մեղադրանքը, թե՞ ոչ:

2008 թվականի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ 10 մարդ է զոհվել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անցած տարվա սեպտեմբերին հրապարակած վճռով արձանագրել է, որ զոհերի մեծ մասի դեպքում Հայաստանը խախտել է նրանց կյանքի իրավունքը։

Հայաստանի երկրորդ նախագահն ու նրա երեք բարձրաստիճան ենթակաները «Մարտի 1»-ի գործով չորս տարի առաջ արդարացվեցին, սակայն մեկ տարի առաջ գործը վերաբացվեց, անցած ամիս էլ Հակակոռուպցիոն դատարանի դատավորը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ նոր մեղադրանքի որոշումները:


XS
SM
MD
LG