Մատչելիության հղումներ

«Հայաստան-ՌԴ հարաբերությունները նոր պայմաններում վերաձևակերպելու անհրաժեշտություն կա». Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինիի հետ հանդիպումից հետո հայտարարել է՝ «պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում»։

«Շատ լավ հանդիպում ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Եվ պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում։ Պետք է արձանագրել, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները երկու երկրների համար չափազանց կարևոր են, և մենք շատ խնամքով ենք վերաբերվում այդ հարաբերություններին, ՌԴ-ն էլ նախագահ Պուտինի գլխավորությամբ խնամքով է վերաբերվում», - նշեց Փաշինյանը:

«Բայց նաև պետք է արձանագրել, որ նոր միջավայրում, նոր պայմաններում այդ հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտություն կա և այդ վերաձևակերպման արդյունքում, ասաց Հայաստանի վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ «հարաբերությունները կլինեն ավելի լավ, ավելի կառուցողական, ավելի փոխշահավետ և ավելի ջերմ»:

Ռուսաստանի նախագահն այսօր Փաշինյանի հետ հանդիպմանն առաջարկել է «Հայաստանի ժողովրդին ընտրելու հնարավորություն տալ Եվրամիության անդամակցելու հարցով, մարդկանց հարցնել՝ ի՞նչ են ուզում»:

«Հայաստանի՝ այլ կազմակերպությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքի ընդունումը նշանակում է գործող կազմակերպությունից դուրս գալու մասին հայտարարություն», - ասել է Պուտինը Փաշինյանին՝ անդրադառնալով մեկուկես տարի առաջ Հայաստանի Ազգային ժողովի ընդունած օրենքին, որը ազդարարում է Երևանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկը:

Վարչապետ Փաշինյանն էլ պնդեց, որ Եվրամիության անդամակցության օրենքի ընդունումով Հայաստանը չի խախտել ԵԱՏՄ-ում որևէ պարտավորություն. «Այդ հարցն այնքան չի հասունացել, որ դրվի ժողովրդական հանրաքվեի, մենք այդ օրենքն ընդունել ենք, որպեսզի հանրաքվե չանցկացնենք»:

Ռուսաստանի նախագահը վերջին շրաջանում հայտարարում է, որ միաժամանակ և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի մաքսային միության կազմում գտնվելն անհնար է։ Մոսկվան պնդում է՝ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև: Հայաստանի վարչապետը անցած շաբաթասկզբին Ազգային ժողովում հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը:


XS
SM
MD
LG