Մատչելիության հղումներ

3 զոհ, 2 անհետ կորած Լոռիում ու Տավուշում հեղեղների հետևանքով. ինչ է հայտնի


Ամփոփիչ

  • Գիշերվա հորդառատ անձրևը մեծ ավերածությունների պատճառ է դարձել Լոռու և Տավուշի մարզերում։
  • Դեբեդ գետը վարարել է, Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ է։ Հեղեղումների հետևանքով փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։
  • Քանդվել են կամուրջներ, տները լցվել են ջրով։
  • Հաղորդվում է առնվազն երեք զոհի մասին։
  • Տարհանվել է 232 քաղաքացի:
  • Վարչապետն աղետի գոտում է եղել։

23։13

Ալավերդիի բնակիչներն ու փրկարարները «Ազատության»-ը պատմել են հեղեղի ու տարհանման մասին։

23:00

Ժամը 22-ի դրությամբ տարհանվել է 347 հոգի Լոռու մարզում, 42 -ը՝ Տավուշում, տեղեկացնում է ՆԳՆ-ն։

Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, 7 կամուրջ վնասվել է Լոռու մարզում։

22:27

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը սոցիալական ցանցում գրել է. «Խորապես ցնցված և վշտացած ենք Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից»։

22:16

Ֆրանսիայի դեսպանատունը իր քաղաքացիներին խնդրում է հետևել տեղական իշխանությունների ցուցումներին, դժվարությունների դեպքում դիմել դեսպանատուն։

22:11

Բելառուսի դեսպանատունը կապի մեջ է Հայաստանի իրավասու մարմինների հետ, Բելտա գործակալության հաղորդմամբ՝ ասված է Բելառուսի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ տուժած բելառուսցիներից ահազանգ չի ստացվել։

«Հայ ժողովրդին մաղթում ենք տոկունություն տարերային աղետի հաղթահարման գործում»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

21։56

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Ազատության»-ը պատմել է, որ ընթանում են ափապաշտպան աշխատանքներ, փորձում են վերականգնել կապը կտրված բնակավայրերի հետ: Հիմնական խնդիրը 7 բնակավայրի հետ է։

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում.

21։49

Ժամը 20։00-ի դրությամբ առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ դիտվել է ջրի մակարդակի նվազում՝ Դեբեդ գետի ավազանում 80 սմ-ով, Ձորագետում` 50 սմ-ով, Փամբակ գետում 30 սմ-ով, Տաշիր գետում 31 սմ-ով, հայտնում է «Հայհիդրոմետ»-ը։

Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը ժամը 20։00-ի դրությամբ առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 15 սմ-ով։ Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ բարձրացել 65 սմ-ով։

Կիրանց գետի ավազանում առավոտյան 8։00-ին դիտված ջրի մակարդակի համեմատ 20։00-ի դրությամբ ջրի մակարդակը նվազել է 85 սմ-ով։

21։37

Ալավերդին՝ ջրհեղեղից հետո

21։14

ՄԻՊ-ը հայտնում է, որ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարն է 096 116100:

20:57

Աղետի գոտում կա երեք զոհ, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Պտղավանի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի բնակիչ (1948 թ.) Ավագ Ավագյանի դին։ Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել Սարիբեկ Բալյանի (1985 թ․) դին:

Փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 75-ը․ մասնավորապես՝ 223 Լոռու մարզում և 42 Տավուշում՝ ժամը 19։00-ի դրությամբ։

20։46

Ախթալայի կամուրջի փլուզման հետևանքով կապը կտրված է Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում, Բենդիկ, Քարկոփ բնակավայրերի հետ` շուրջ 5500 բնակիչ, հայտնում է իշխող ուժի ներկայացուցիչ, լոռեցի Արեն Մկրտչյանը։

«Մոբիլիզացվել է մեծ քանակությամբ ծանր տեխնիկա` սարամիջյան գրեթե անանցանելի չգործող ճանապարհի անցանելիությունն արագորեն ապահովելու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում կգործեն ուղղաթիռներ։

Այս պահին նշված 7 բնակավայրում սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների խնդիր չկա։ Ախթալայի ԲԿ-ն և Ճոճկանի բուժամբուլատորիան աշխատում են բնականոն ռեժիմով», - գրել է նա սոցիալական ցանցում։

20։30

«Մենք անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին հանրապետությանը պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

20։20

ԱՄՆ դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին։

20։10

Սանահին կայարանը՝ լուսանկարներ

20։00

Լոռու մարզպետարանից հայտնում են, որ հորդառատ անձրևների հետևանքով Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ձորագետի կիրճում, վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը։

19։20

Ստեփանավանի Լոռէ փրկարարական ջոկատի կամավոր, փրկարար Մեսրոպ Հովհաննիսյանի խոսքով՝ Սանահին կայարան թաղամասի (հայտնի որպես Կամչատկա) մի հատվածում մոտ 50-60 մարդ կա, այդ թվում՝ մի հղի կին, մոտ 15 հոգու տարածքից տարհանել են:

19։12

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոնից ընդառաջ ուղարկված ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն։

Կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

«Հայտնում ենք, որ հեղեղված ամբուլատորիաներ չունենք։ Որոշ ամբուլատորիաներ հոսանքազրկված են։ Մարզերում առաջին օգնության պարագաներով և դեղերով ապահովվածությունը բավարար է», - ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։

19։01

Լուսանկարում Սանահին կայարանի թաղամասի՝ տեղացիներին հայտնի «Կամչատկայի» հատվածն է, որը փաստացի մեկուսացման մեջ է հայտնվել կամրջի փլուզման հետևանքով:

Փրկարարները սնունդ են փոխանցում մարդկանց: Մի քանի քաղաքացու էլ տարհանեցին։

18։58

Ժամը 17։00 դրությամբ Դեբեդ գետի ավազանում դիտվել է ջրի մակարդակի որոշակի նվազում, Փամբակ, Ձորագետ և Դեբեդ գետերում առավոտյան դիտված մակարդակների համեմատ 30-40 սմ-ով ավելի ցածր, Տաշիր գետում 17 սմ-ով ցածր, այնուամենայնիվ վտանգավորին մոտ ջրի մակարդակները դեռ պահպանվում են, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը ժամը 13։00 դրությամբ առավոտյան դիտված մակարդակների համեմատ նվազել էին 15 սմ-ով, սակայն 17։00 դրությամբ դիտվել է 13։00-ի համեմատ 5 սմ-ով բարձրացում։

Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը առավոտյան դիտված մակարդակի համեմատ բարձրացել են և 17։00 դրությամբ առավտյան դիտված մակարդակի համեմատ 60 սմ-ով։ Գետիկ գետում մակարդակները օրվա ընթացքում իջել են 24 սմ-ով։

Վտանգավոր ջրի մակարդակները պահպանվում են նաև Կիրանց գետի ավազանում, որտեղ առավոտյան դիտված ջրի մակարդակի համեմատ 17։00 դրությամբ մակարդակը բարձրացել է 10սմ-ով։

18։57

Ալավերդու համայնքապետարանում կայացել է Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի նիստը։

Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը գլխավորությամբ նիստին քննարկվել է առաջացած իրավիճակը, վնասների չափը, հանձնարարվել է իրականացնել վնասների գույքագրում, սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների կարիքները:

18։25

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հաղորդած նախնական տվյալներով՝ աղետի հետևանքով կա 2 զոհ ու 2 անհետ կորած։ Նախարարն այս մասին հայտնել է «Առաջին ալիքի» հետ զրույցում։

17:54

Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 74-ը, ժամը 17-ի դրությամբ տեղեկությունները ներկայացրել է Փրկարար ծառայությունը։

Տավուշի մարզում փլուզվել է 1 բնակելի տուն, ջրալցվել են 44-ը, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։

Լոռու մարզում վնասների վերաբերյալ տվյալները ճշտվում են։

16:47

Ալավերդի քաղաքի կենտրոնը՝ մայիսի 26-ի առավոտյան.

16:31

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները, օպերատիվ կերպով հատկացնել անհրաժեշտ օգնություն։

«Այնուհետև կիրականացնենք աղետի հետևանքների վերացման ծրագրեր», - նշել է նա:

16։26

Ժամը 15:00-ի դրությամբ Աղստև գետի Դիլիջան համայնքի հատվածում նույն օրվա առավոտյան դրությամբ ջրի մակարդակը 26 սմ-ով իջել է, տեղեկացնում է «Հայհիդրոմետ»-ը։

16։24

Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայանները։

16։01

Որոնողափրկարարական աշխատանքներն ու իրավիճակը Լոռիում՝ լուսանկարներով

15:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ աղետի գոտի է մեկնել, տեսանյութ է հրապարակել այնտեղից։

15։45

ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ ժամը 15։30-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190, փրկարարները փրկել են 73 մարդու:

15։42

Ինչ են պատմում ձորագետցիները Դեբեդի հեղեղի մասին՝ «Ազատության» ռեպորտաժում.

15:34

Լուսանկարներ

15։31

Սանահին կայարանում քանդվել է կամուրջ, տների առաջին հարկերը հեղեղվել են, «Ազատության»-ը պատմեց Ալավերդի քաղաքի բնակիչ Գևորգ Ասլանյանը։ Նա Սանահին կայարան է մեկնել՝ ընկերոջն օգնելու։

«Տարհանումը հիմնականում կատարվում էր բնակիչների կողմից։ Այս պահին էլի տներում մարդիկ կան, որոշ մարդիկ իրենք չեն ցանկանում դուրս գալ, սակայն տանը չկա ոչ ջուր, ոչ գազ, ոչ էլեկտրականություն», - նշեց նա, շարունակելով, - «Մեքենաներն ամբողջությամբ ջրով լցված են։ Շահագործման ենթակա չեն», - ասաց նա։

15։05

«Ազատության» լրագրողը ներկայացնում է իրավիճակը հեղեղված Տավուշում։ Ըստ մարզպետի՝ միջպետական ճանապարհը բաց պահելն առաջնահերթ է։

15։00

Մայիսի 26-ին ժամը 13։00-ի դրությամբ Դեբեդի գետավազանում առավոտյան դիտված մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում 30-35սմ-ով, տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության «ՀայՀիդրոմետ»-ը։

14։46

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի պատճառով այս պահին դադարեցված է Ալավերդի, Ախթալա, Այրում քաղաքների, Հաղթանակ, Դեղձավան, Հաղպատ, Նեղուց, Շնող, Թեղուտ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Լճկաձոր, Ճոճկան, Մեծ և Փոքր Այրումներ գյուղերի ջրամատակարարումը։

«Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, և այս պահին ջրատարին մոտենալ կամ որևէ այլ աշխատանք կատարել հնարավոր չէ»,- հայտնում են ընկերությունից։

Վարարումների հետևանքով խնդիրներ են առաջացել նաև Դիլիջան քաղաքում, որի մի հատվածում ևս ջրամատակարարումը դադարեցված է։

14։45

Դիլիջան - Իջևան ճանապարհատվածում է ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտի պետը։ Ըստ նրա՝ վնասները շատ մեծ են, կան վայրեր, ամբողջությամբ ջրի տակ են, հիմա անգամ հնարավոր էլ չէ վնասները չափել։

14:43

Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել մեկ դի (անձը չպարզված տղամարդ), հայտնում է Փրկարար ծառայությունը։

Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում:

Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։

14։11

Վարչապետն աղետի գոտում է։

14:06

Դիլիջան-Իջևան ճանապարհի վնասված հատվածներով պարեկների թույլտվությամբ հիմա վարորդները հերթով անցնում են, տեղից փոխանցում է «Ազատության» թղթակիցը։

14։03

Տավուշի մարզպետը Դիլիջան-Իջևան ճանապարհի քանդված հատվածում է։ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ առաջնահերթ խնդիրն այն է, որ միջպետական ճանապարհը չփակվի։

13։59

Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով Ներքին գործերի նախարարությունը 911 հեռախոսահամարը հայտարարում է Թեժ գիծ։

13։52

ՊԵԿ-ը բեռնափոխադրողներին հորդորում է Վրաստանից Հայաստան մուտքն ապահովել հիմնականում «Բավրա»-ով։

13։51

«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ միջպետական ճանապարհն ավերված է ջրհեղեղի պատճառով։

13։13

Լոռիում Դեբեդ գետի վարարման հետևանքով ավերածություններ են։

13։01

Դիլիջան-Իջևան ճանապարհը նույնպես փակ է։ Այստեղ էլ տարբեր մասերում վնասված հատվածներ կան, հաղորդում է «Ազատության» թղթակիցը։ Տեղում հերթապահում են փրկարարները։

13։00

Ալավերդի քաղաքի գազալցակայաններից մեկում կոմպրեսորները հայտնվել են ջրի տակ, նախնական տվյալներով էլ․ լարերի կարճ միացման հետևանքով տեղի է ունեցել պայթուն, տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը։

12:58

Փրկարար ծառայությունը ներկայացրել է ջրհեղեղի դեպքում վարքականոնները։

12։39

Աղստև գետի վարարման հետևանքով տեղի է ունեցել Դիլիջանից Իջևանի ճանապարհի փլուզում։ Դա Մ-4 միջպետական ճանապարհի 110-րդ կմ-ն է, տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։

12։38

Տարբեր շինարարական ընկերությունների մասնակցությամբ իրականացվում են ճանապարհների մաքրման և այլ աշխատանքներ, հաղորդում է Տարածքային կառավարման նախարարությունը։

12։37

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի, հայտնում է նրա մամուլի քարտուղարը։

12։35

Ջրային կոմիտեն հերքում է տեղեկատվությունը, թե Լոռու մարզում տեղի ունեցած աղետը հետևանք կարող է լինել ջրամբարի պատվարի փլուզման կամ կանխարգելիչ ու արտակարգ ջրթողի։

«Ոռոգման համակարգում գործող Մեծավանի ջրամբարի պատվարը կանգուն է։ Այս պահին ջրամբարը լցված է և շահագործվում է ըստ կարգի ու առանց խնդիրների», - ասված է պաշտոնական հերքման մեջ։

12:34

ՆԳՆ նախնական տվյալներով՝ վտանգավոր տարածքներից տարհանվել է 232 քաղաքացի, մասնավորապես 28-ը՝ Թուֆենկյան հյուրանոցային համալիրից, 62-ը՝ Տաշիր քաղաքում, 22-ը՝ Ալավերդի քաղաքում, 110-ը՝ Սանահին կայարանից, 2-ը՝ Դիլիջան քաղաքում, 7-ը՝ Այրում, 1-ը՝ Հաղարծին բնակավայրում:

12։26

«Քանդվել է Սանահին Կայարանի կամուրջը, որը թաղամասի մի մասը կապում է մյուսին». բնակիչ

«Ջուր, գազ, հոսանք, կաբելային ինտերնետ ու հեռախոս, բոլորը խափանված են», - Ալավերդիի Սանահին կայարան թաղամասից հաղորդում է բնակիչ Անի Մոսինյանը:

«Ես տանն եմ, դուրս չեմ եկել, որովհետև վտանագավոր է, պատուհանից եմ տեսնում, որ շենքերի առանձին հարկերը ջրի տակ են: Քանդվել է մեր կամուրջը, որով գնում ենք մյուս թաղամաս ու շարունակում դեպի Ալավերդի, չգիտե՝մ որքան ժամանակ կմնանք շրջափակված», - ասաց Անի Մոսինյանը:

12։11

Լուսանկարներ

12։10

Ձորագետ գյուղի հատվածում հենապատեր են շրջված, ընկած գետի մեջ, նաև եզրաքարեր։ «Ազատության» թղթակիցը փոխանցում է, որ դա տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում։

12։09

Ներգրավվել է Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից՝ 1 և 2 օպերատիվ խումբ, հայտնում է Փրկարար ծառայությունը։

12։08

Թումանյան քաղաքից «այս պահին հնարավոր չէ դուրս գալ», «Ազատության» հետ զրույցում ասաց համայնքի բնակիչներից «Արտեմի» հյուրատան հիմնադիր Անուշ Նավասարդյանը:

«Գետը քշել, տարել է մայրուղու զուգահեռ եղած բոլոր շինությունները, խանութները, սննդի կետերը, Թումանյանի հատվածում մայրուղին գնում է գետին զուգահեռ, հիմա ջուրն է հոսում ճանապարհով: Հնարավոր չէ այս պահին քաղաքից դուրս գալ, ճանապարհը երկու կողմից վնասվել է», - ասաց նա։

Անուշ Նավասարդյանի խոսքով՝ իրենք հյուրեր ունեն, ովքեր իրենց հետ միասին շրջափակված են մնացել։

«Հոսանք չկա, գազ չկա, հեռախոսս լիցքավորված էր, դրա համար եմ կարողանում Ձեզ հետ խոսել: Մեր հյուրատունը բարձր է, չի տուժել, բայց ներքևում հողատարածք ունեինք, չկա, ջրի տակ է», - ներկայացրեց տեղի բնակիչը։

12։07

Բնապահպան Օլեգ Դուլգարյանը տեսանյութում «Ազատության»-ը ներկայացրել է իրավիճակը Լոռու մարզում։ Ինքը՝ բնապահպանն այս պահին գտնվում է Ախթալայում։

11։44

Լարս ուղևորվող բեռնատարները «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետում կուտակված են։ ՊԵԿ-ն ավելի վաղ հորդորել էր բեռնափոխադրումներն անել այլ անցակետերով։

Տեսանյութը՝ վարորդներից Սերգեյ Հարությունյանի, որը ևս այս պահին գտնվում է հերթի մեջ։

Կուտակումներ «Բագրատաշեն»-ի անցակետում
please wait

No media source currently available

0:00 0:00:06 0:00

11։43

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է այս պահի դրությամբ փակ ճանապարհները և դրանց այլընտրանքային երթուղիները։

11։42

«Ազատության» տեսանյութը.

Դեբեդի վարարած ջրերը դուրս են եկել հունից. հաղորդվում է առնվազն մեկ զոհի մասին
please wait

No media source currently available

0:00 0:00:51 0:00

11:21

Լուսանկարներ

11։18

Ախթալայից դեպի M6 միջպետական ճանապարհ տանող կամուրջն ամբողջությամբ ջրածածկ է, «Ազատության»-ը փոխանցեց բնապահպան Օլեգ Դուլգարյանը, որն այս պահին գտնվում է Ախթալայում։

10։50

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Լոռու մարզի Տաշիր քաղաքից, որտեղ երևում են ջրածածկ տարածքներ։

10:43

Վանաձորից Ալավերդի տանող ճանապարհը փակ է։

Պարեկները թույլ են տալիս անցնել միայն մոտակա գյուղեր ուղևորվող մեքենաներին, հայտնում է «Ազատության» թղթակիցը։

Վանաձորից Ալավերդի ճանապարհը փակ է
please wait

No media source currently available

0:00 0:00:05 0:00

10:40

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողներին Վրաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով։

10:34

Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել է անվտանգ տարածք, փոխանցում են փրկարար ծառայությունից։

10։24

Դեբեդ գետի վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ, մեկ տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Բացի այդ, հաղորդվում է նաև փլուզումների մասին։

10։00

«Հարավկովկասյան երկաթուղին» չեղարկում է մայիսի 26-ի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքները։

9։20

Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ փոխանցում են, որ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ և Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները։

«Վարորդներին հորդորում ենք դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով», - ասված է դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG