Մատչելիության հղումներ

Քրեական բացահայտո՞ւմ, թե՞ քաղաքական հետապնդում. 14 մեղադրյալ ընտրակաշառքի գործով

Առաջիկա ժամերին պարզ կլինի, թե առավոտյան ընտրակաշառքի գործով ձերբակալված «Ուժեղ Հայաստան»-ի անդամներից ու քաղաքացիներից քանիսին իրավապահները կտանեն կալանքի, քանիսին ազատ կարձակեն կամ էլ կենթարկեն տնային կալանքի։

Վաղ առավոտյան բերման ենթարկված 14 կուսակցականներին ու քաղաքացիներին Հակակոռուպցիոնը մեղադրում է ընտրակաշառք ստանալու և տալու հոդվածներով։ Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի ներկայացուցիչները հերքում են մեղադրանքը, ձերբակալությունները համարում քաղաքական հետապնդում։

«Ընտրակաշառք դա նշանակում է ուղիղ գումարը վերցնել կամ նյութական ինչ-որ շահագրգռվածության միջոցով պահանջել կամ ակնկալել ձայնի ստացում ընտրությունների ժամանակ։ Հիմա խոսակցության մեջ լսվում է՝ «գնացի շալվար առա, էս արեցի, էն արեցի, փողը բերել են», - ասաց կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Ղազինյանը:

Ձերբակալություններից ժամեր անց Հակակոռուպցիոնը մանրամասներ հաղորդեց, գաղտնալսումներ հրապարակեց։ Ըստ իրավապահների՝ ընդդիմադիր ուժն իր հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների աշխատակիցների միջոցով Արտաշատի ընտրողներին ընտրակաշառք է բաժանել։

«Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել», - հայտարարում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Հակակոռուպցիոնի ձայնագրություններում լսվում է 100 հազար, 200 հազար դրամի դիմաց գրանցումների, կամավորագրումների մասին։ Պարզ չէ, թե ով կամ ովքեր են քննարկում գումար տալ-ստանալու հարցերը։

Դավիթ Ղազինյանը իրավապահների գործողությունները բռնաճնշումներ որակեց:

Ըստ իրավապահների՝ խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ հավելվածների միջոցով, որպեսզի չբացահայտվեն։

«Հիմա տեսեք, էսպես կամավորական սկզբունքով գրանցված մարդիկ կամ ինչ-որ տեղ աշխատանքային առումով գրանցված մարդիկ, պետք է քննիչը մի կարևոր հարցադրում անի, ասի՝ «ի՞նչ եք արել»։ Հիմա եթե մարդը զբաղվել է ագիտացիայով, այսինքն՝ ծառայություն է մատուցել, այսպես ասած, կուսակցությանը կամ «Մեր ձևով»-ին, ներկայացրել է ծրագրերը Սամվել Կարապետյանի, ի՞նչ ընտրակաշառքի մասին կարող է խոսք գնալ», - նշեց Ղազինյանը:

Իրավապահների գործողությունները երկակի ստանդարտներ որակելով՝ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը սլաքներն ուղղում է դեպի իշխանությունը. - «Դեպքեր են արձանագրվում, որ նույն «Քաղաքացիական պայմանագիր» ուժի աջակիցները և թիմակիցները նմանաբնույթ բարեգործական, ըստ էության, գործունեությամբ են զբաղվում և հրապարակումներ կատարում, և անհետևանք է դա մնում՝ ի տարբերություն մեր քաղաքական ուժի»։

Իշխանության ներկայացուցիչները, սակայն, բացառում են քաղաքական հետապնդումը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդգծեց՝ օրենքի առաջ բոլորը հավասար են ու պատասխան պետք է տան։

«Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, փակված է էջը Հայաստանում ընտրակեղծարարության, և ով կփորձի այդ ճանապարհով գնալ, հանդիպելու է օրենքի ուժին, ինչը որ մենք տեսնում ենք։ Իրավապահ մարմիններն աշխատում են, ես էս իմաստով չեմ կարող որևէ մեկնաբանություն անել, իմ մեկնաբանությունը զուտ քաղաքական կարող է լինել՝ այն առումով, որ օրենքի առաջ բոլորը հավասար են և բոլորը պատասխան են տալու», - հայտարարեց Հովհաննիսյանը:

Հարցին, թե նման քայլերով իշխանությունները հո՞ղ են նախապատրաստում «Ուժեղ Հայաստան»-ին ընտրություններում չգրանցելու հիմքերի համար, ՔՊ խմբակցության քարտուղարն արձագանքեց. - «Կրկնում եմ՝ շինծու որևէ գործ չկա, Հայաստանի Հանրապետությունում շինծու գործերի դարաշրջանը վաղուց փակված է: Կան ձայնագրություններ, կան օպերատիվ տվյալներ, որոնք հրապարակվում են պատեհ առիթներով»։

«Ուժեղ Հայաստան»-ն, ի դեպ, այսօր ահազանգում էր՝ ձերբակալվածների փաստաբանները չեն կարողանում մուտք գործել Հակակոռուպցիոն։ Կուսակցության խոսնակը պատմեց, որ դա հնարավոր է դարձել միայն Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությունից հետո։ Պաշտպան Անահիտ Մանասյանը ըստ էության հաստատեց սա։

Հակակոռուպցիոնից, այդուհանդերձ, վստահեցրեցին, որ ձերբակալվածների պաշտպանների մուտքը կոմիտե որևէ կերպ չի խոչընդոտվել, և ինչպես սահմանված է օրենքով՝ մեղադրյալի ցանկության դեպքում փաստաբանը ներգրավվել է։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ևս երկու անդամներ այս շաբաթ ձերբակալվել էին նախընտրական շրջանում արգելված բարեգործության մեղադրանքով, ապա ազատ արձակվել վարչական վերահսկողության պայմանով։

Իրավապահները մարտի վերջին նաև հայտարարեցին Արմավիրում ընտրակաշառքի բացահայտման մասին։ Ձերբակալել էին հինգ հոգու՝
նրանց մեղադրելով ընտրակաշառքը որպես աշխատավարձ ձևակերպելու համար։

«Ուժեղ Հայաստան»-ը այս երկու դեպքում էլ էր հերքել մեղադրանքը։

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներին վերագրվող՝ ընտրակաշառք տալու հոդվածով նախատեսված է 3-ից մինչև 8 տարվա ազատազրկում, իսկ ընտրակաշառք ստանալը պատժվում է 1-ից մինչև 7 տարվա ազատազրկմամբ։

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG