Մինչ դատարանը քննում է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, նիստին զուգահեռ դատարանի բակում Կարապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա են անում նրա կուսակիցներն ու համախոհները:
Մի պահ իրավիճակը լարվեց. քաշքշոց սկսվեց ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև: Քաշքշոցը սկսվեց, երբ ոստիկանները որոշեցին բացել ճանապարհը, ու քանի որ քաղաքացիները ճանապարհը չէին բացում, ոստիկանները հրելով հեռացրին նրանց այդ հատվածից, որից հետո սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին:
Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» հայտնել են, որ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հոդվածով 17 մարդու են ձերբակալել ու տեղափոխել համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ։
Ակցիայի մասնակիցները բղավում են՝ «Սամվե՛լ, վարչապետ», «Ազատությո՛ւն»:
Դատարանն այսօր վերսկսել է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանին այսօր դատարան բերեցին ոստիկանական ավտոմեքենայով: Կարապետյանը լրագրողների հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ իրավունք չունի խոսելու, փաստաբաններն էլ հավելեցին, որ կա սահմանափակում:
Ամռանը իշխանության թիրախում հայտնված՝ Հայ Առաքելական եկեղեցին «մեր ձևով» պաշտպանելու հայտարարությունից հետո կալանավորված «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցները օրինականացնելու համար:
Նախորդ դատական նիստում գործարարի փաստաբանները միջնորդեցին, որ դատավորն առաջնահերթ քննի Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը: 60-ամյա միլիարդատերը ցանկանում է հաջորդ շաբաթ մասնակցել իր կուսակցության համագումարին:
Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նիստի ընթացքում հարցրեց՝ «ինչո՞ւ բացառապես պատշաճ վարքագիծ դրսևորող Սամվել Կարապետյանը պետք է մնա անազատության մեջ»։ Վարդևանյանը խոսեց նրա՝ եկեղեցին պաշտպանելու մասին. «Ի՞նչ պիտի աներ՝ խրախուսե՞ր եկեղեցու դեմ գործողությունները։ Այդպես էլ մենք չհասկացանք այդ 40 վայրկյանանոց հարցազրույցի մեջ «մեր ձևով» արտահայտության վտանգավորությունը»:
Փաստաբանը շեշտեց՝ կալանքից ազատ արձակելու համար Կարապետյանը 4 միլիարդ դրամ է վճարել, անցած 10 ամսում երբեք որևէ խախտում թույլ չի տվել:
Վարդևանյանը նշեց, որ այս մեղադրանքի հետ կապված նույնիսկ այս գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը նախաքննության փուլում գտել է, որ չկա հիմնավոր կասկած: Նույն այս դատավորն է ամիսներ առաջ Կարապետյանին ենթարկել տնային կալանքի։
Դատախազ Արգամ Դալլաքյան այսօր էլ պնդեց՝ Սամվել Կարապետյանը ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը։ Դատախազը հակադարձեց փաստաբաններին, թե Կարապետյանին վերագրվող տնտեսական հանցագործության դրվագով չկա որևէ մեկը, որի վրա գործարարը կարող է ազդեցություն գործել։ Պնդեց՝ ռիսկեր կան։