Ռուսական զինուժը գիշերն անօդաչուներով և հրթիռներով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով 25 հրթիռ, 200-ից ավելի անօդաչու: Հիմնականում թիրախավորել է էներգետիկ համակարգը:
Խարկովում ռուսական հարվածներից երկու մարդ է սպանվել, ևս 20-ը՝ վիրավորվել: Տուժածներ և ավերածություններ կան Կիևում, Դնեպրում: Օդեսայում ռուսական հարձակումից հետո գրեթե 300 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման։
Կիևի քաղաքապետն ասել է, որ ռուսական հարվածների հետևանքով մայրաքաղաքում դեռ 2600 շենք ջեռուցում չունի:
Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական հարվածների պատճառով հունվարի 27-ից դադարեցվել է «Դրուժբա» նավթամուղի ուկրաինական հատվածով դեպի Արևելյան Եվրոպա ռուսական նավթի տարանցումը:
Ուկրաինական զինուժն իր հերթին Վոլգոգրադում հարվածել է բարձր տեխնոլոգիական ավիացիոն և հրթիռների գործարանի, որտեղ հրդեհ է բռնկվել, կա երկու տուժած։ Ռուսական Կոմի Հանրապետության Ուխտա քաղաքում էլ հարվածել են նավթավերամշակման օբյեկտի, որը փաստացի մոտ 2000 կմ հեռու է Ուկրաինայի հետ սահմանից:
BBC-ին գրում է, որ վերջին օրերին ուկրաինական զինուժը հաջողություններ է գրանցում Զապորոժիեում: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան գործակալությանն ասել է, որ դա պայմանավորված է նրանով, որ ռուսական զորքը զրկվել է Starlink ընկերության ինտերնետից օգտվելու հնարավորությունից, որն օգտագործում էր ռազմաճակատում կապ ահապովելու համար: Ուկրաինայի խնդրանքով այն վերջերս է անջատվել Ռուսաստանի տարածքում:
Ռազմաճակատում այս զարգացումներին զուգահեռ Վլադիմիր Զելենսկին հերքել է Financial Times-ի հրապարակումը, թե Ուկրաինան ԱՄՆ ճնշման տակ պատրաստվում է փետրվարի 24-ին հայտարարել նախագահական ընտրություններ նշանակելու և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին:
Ուկրաինայի նախագահն ասել է, որ այդ հրապարակումից է առաջին անգամ լսել այդ մասին: Զելենսկին դարձյալ ընդգծել է՝ Ուկրաինան պատրաստ է անցկացնել թե՛ ընտրություններ, թե՛ հանրաքվե միայն թե այն ժամանակ, երբ ապահովվեն անվտանգության բոլոր անհրաժեշտ երաշխիքները։
«Մենք, անկասկած, պատրաստ ենք ընտրությունների: Ես ասել եմ, որ դրանց հասնելը շատ պարզ է՝ հաստատել հրադադար, և կլինեն ընտրություններ: Այլ կերպ ասած՝ դա անվտանգության հարց է», - ասել է նա:
Financial Times-ը գրել էր, թե ԱՄՆ-ն Ուկրաինային սպառնում է չտրամադրել անվտանգության երաշխիքներ, եթե չհամաձայնեն ընտրություններ անցկացնել: Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ն իսկապես բարձրացրել է ընտրությունների հարցը, սակայն սպառնալիքներ չեն եղել:
Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ եթե ստացվի, ապա կմասնակցի վաղը Մյունխենում մեկնարկող անվտանգության համաժողովին: Ի դեպ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ևս կմասնակցի համաժողովին:
Խոսելով Ռուսաստանի հետ ուղղակի բանակցությունների մասին՝ Զելենսկին ասել է, որ հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ՝ փետրվարի 17-ին կամ 18-ին: Սակայն, դեռ պարզ չէ՝ արդյոք Ռուսաստանը կհամաձայնի՞ բանակցել ԱՄՆ-ում:
Կրեմլն ակնկալում է, որ հաջորդ փուլը տեղի կունենա շուտով: Ըստ Կրեմլի խոսնակի՝ հաջորդ հանդիպման ժամանակացույցի և վայրի վերաբերյալ արդեն համաձայնություն կա։ Դմիտրի Պեսկովը, սակայն, մանրամասներ չի հայտնել. «Մենք որոշակի պատկերացում ունենք մանրամասների վերաբերյալ և ձեզ կտեղեկացնենք։ Ակնկալում ենք, որ հաջորդ փուլը տեղի կունենա շուտով։ Մենք ձեզ կտեղեկացնենք նաև վայրի մասին»։
Այս ֆոնին Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Ուկրաինային ավելի քան 500 միլիոն ֆունտ ստեռլինգ կտրամադրի նոր զենիթային համակարգեր և հրթիռների գնելու համար: Պաշտպանության նախարար Ջոն Հիլին ասել է՝ Մեծ Բրիտանիան, ինչպեսև մյուս դաշնակիցները, ավելի քան երբևէ հանձնառու են աջակցելու Ուկրաինային՝ Պուտինի շարունակվող հարձակումներից պաշտպանելու համար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր հերթին ամեն ինչ անում է Ռուսաստանի վրա ճնշում բանեցնելու համար, որպեսզի դադարեցնի արդեն չորրորդ տարին ընթացող պատերազմը: Մարկ Ռյուտեի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամներն իրենց հերթին ջանքեր են գործադրում՝ ապահովելու, որ Ուկրաինային տրվելիք անվտանգության երաշխիքները հնարավորինս ամուր լինեն և խաղաղության հանգեցնեն մոտ ապագայում:
Ռյուտեն պնդել է, թե ռուսական զորքը շատ դանդաղ է առաջ շարժվում. «Ռուսները միայն շատ աստիճանական առաջխաղացումներ են իրականացնում մեծ կորուստների գնով: Որոշ ամիսների մինչև 30 հազար ռուս է զոհվել։ Սրանք անհավանական թվեր են, և դա նշանակում է, որ Ուկրաինան իսկապես դիմանում է մարտի դաշտում»։
Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական զորքը 2025-ին Ուկրաինայում մոտ 5000 ք/կմ տարածք և 212 բնակավայր է գրավել: